կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-16 17:03
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վիճաբանություն Ավանի թաղապետարանում․ Ծարավ աղբյուրի փողոցի բնակիչները բոյկոտում են պղնձաձուլարան կառուցելու նախագիծը

Այսօր Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում հերթական քննարկումն էր գունավոր մետաղների ձուլարան բացելու առնչությամբ։ Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Ավան վարչական շրջանի, մասնավորապես՝ Ծարավ աղբյուրի փողոցի բնակիչներն ահազանգում են, որ իրենք տեղյակ չեն իրենց քթի տակ կառուցվող ձուլարանից, որը շրջակա միջավայրի աղտոտման ու առողջապահական տեսանկյունից վտանգավոր ռիսկեր է ստեղծում: Նախատեսվում է, որ մթնոլորտ կարտանետվեն կախված մասնիկներ, ածխածնի օքսիդ, ազոտի օքսիդներ, ալյումինի օքսիդ, պղնձի օքսիդ՝ տարեկան ընդհանուր 0,665 տոննա:

Նախատեսված քննարկմանը, որը տեղի ունեցավ թեժ մթնոլորտում, ներկա էին Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Պողոսյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը, Շրջակա միջավայրի նախարարության փորձագիտական կենտրոնի գլխավոր մասնագետ Հովիկ Մեսրոպյան, որն, ի դեպ, հանդես էր գալիս ոչ թե բնակիչների, այլ բիզնես շահերը ներկայացնողի դիրքերից, նախագծի հեղինակ Արայիկ Նիկողոսյանը, փորձագետներ եւ Ավան վարչական շրջանի բնակիչներ։ Քննարկման մասնակիցները ինչ-որ պահից այլեւս սկսեցին իրար չլսել, վիճաբանություն սկսվեց։ Բնակիչների իրազեկվածությունը ցածր էր, նրանք պահանջեցին դադարեցնել հանդիպումը եւ հանդիպում կազմակերպել առնվազն մեկ ամիս անց, երբ պատշաճ կերպով կծանուցվի Ավանի ամբողջ բնակչությունը, խորապես կուսումնասիրվեն պղնձաձուլարանի նախագիծը, դրա առողջապահական եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության բոլոր ռիսկերը։ Այդուհանդերձ, Ավանի բնակիչները պահանջեցին կառուցվելիք ձուլարանը մեկ այլ վայրում նախատեսել՝ բնակավայրերից հեռու։ Ողջամիտ ժամկետներում նոր քննարկում կազմակերպելու առաջարկի շուրջ ներկաները եկան ընդհանուր հայտարարի, փոխթաղապետը տվեց իր համաձայնությունը։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ խոստացավ հետեւողական լինել ամբողջ պրոցեսին։ Մանրամասները դիտեք տեսանյութում։ Լիանա Սարգսյան

Մանրամասները դիտեք տեսանյութում

Լիանա Սարգսյան