կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-06 15:57
Քաղաքական

TikTok, Instagram, Snapchat. ինչ են ամենից շատ օգտագործում հայկական մեդիադաշտում

TikTok, Instagram, Snapchat. ինչ են ամենից շատ օգտագործում հայկական մեդիադաշտում

Հայաստանում սովորաբար աշնանը կարելի է նկատել այն հիմնական թրենդերը, որոնք ձևավորում են մեդիա դաշտի մոտակա ապագան։ Տեսնենք, թե ինչ յուրահատուկ փոփոխություններ կամ դինամիկա է առկա այս պահին հայաստանյան մեդիայում. հայտնում է media.am կայքը։

Առաջին հետաքրքիր պահն այն է, որ սոցիալական ցանցերի առաջատարների մեջ նկատվում են յուրահատուկ զարգացումներ։ 

Առաջնայինն այն է, որ Ֆեյսբուքում արդեն երկար ժամանակ է ընթանում են լճացման պրոցեսներ։ Մոտ երկու տարի է, ինչ Ֆեյսբուքի հայաստանյան լսարանը փաստացի չի աճում, ակտիվ լսարանը տատանվում է 1,4 և 1,6 միլիոն օգտատերերի միջև։ 

Հիմնականում օգտվողների թիվը հասնում է 1,6 միլիոնին ճգնաժամային պահերին։ Տվյալ պահին լսարանը կայունացել է 1,5 միլիոնի վրա։ 

Սակայն, ամենայն հավանականությամբ, մենք կարող ենք սկսել դիտել Ֆեյսբուքի անկումը, եթե բան չփոխվի հենց հարթակում։ Շատ արագ տեմպերով աճում է Ինստագրամի լսարանը, որն այս պահին գրեթե հավասարվել է Ֆեյսբուքին՝ հասնելով 1,2 միլիոնի։ Ընդ որում՝ վերջին ամիսներին Ինստագրամում նկատվում է լսարանի պայթյունային աճ, ինչը կարող է բերել էլ ավելի մեծ արտահոսքի դեպի այս հարթակը Ֆեյսբուքից։ 

Արդեն իսկ կա նման արտահոսք. երիտասարդությունը գնում է Ֆեյսբուքից դեպի Ինստագրամ։ Սակայն հիմա նաև նման արտահոսք նկատվում է արդեն ավելի մեծ տարիքով լսարանի մոտ, ինչպես նաև բիզնեսի կողմից։ 

Ֆեյսբուքի գերքաղաքականացվածությունը, բիզնեսի համար անբարենպաստ վիճակը (քանի որ Ֆեյսբուքի ալգորիթմները գրեթե զրոյացրել են բիզնես էջերի օրգանիկ դիտողականությունը) շատերին հանգեցնում են այն մտքին, որ հարկավոր է այլ հարթակներ գտնել։ 

Ինչն էլ բերում է Ինստագրամի աննախադեպ աճին․ փաստացի մեկ տարում լսարանը աճել է մոտ 300 հազարով, մինչդեռ Ֆեյսբուքի աճի գրաֆիկները սարահարթի վրա են, ինչը կարող է անկման սկիզբը լինել։ Չնայած, հարկավոր է նշել, որ Հայաստանի օգտվողների համար սկսում է բացվել Facebook Marketplace առևտրային հարթակը, որը կարող է նոր շունչ տալ սոցցանցի լսարանին։ 

Միայն Ինստագրամը չէ, որ աճում է։ Նույն հաջողությամբ շարունակվում է TikTok֊ի անդադար աճը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Սոցցանցը դեռևս չի բացում Հայաստանի վերաբերյալ տվյալները, սակայն, կարող ենք համոզված պնդել, որ լսարանն արդեն վաղուց կազմում է հարյուրավոր հազարներ և շարունակում է աճել։ 

Այսպես, ամենաներբեռնվող հավելվածների ցանկում ադեն ամիսներ է, ինչ TikTok֊ը գտնվում է ստաբիլ առաջին տասնյակում, իսկ բուն սոցցանցային հավելվածների ցանկում այն առաջատարն է։ 

Ինչ վերաբերում է Տելեգրամ ալիքներին, ապա այստեղ նկատվում է որոշակի միտում։ Եթե պատերազմից հետո հայաստանյան և հայկական սփյուռքի ալիքները (Տելեգրամի դեպքում բավականին բարդ է տարանջատել բուն Հայաստանի և սփյուռքի ալիքները) կտրուկ կորցրեցին լսարաններն (լսարանի նվազումը վերաբերում էր գրեթե բոլոր ալիքներին), ապա տվյալ պահին կարելի է արձանագրել, որ իրավիճակը սկսել է փոխվել։ 

Հիմա ալիքների մի մասը նույն հաջողությամբ կորցնում է լսարան, սակայն մի շարք ալիքներին հաջողվեց ստաբիլիզացնել վիճակը և անցնել դանդաղ աճի փուլ։ 

Նման անորոշ վիճակ է տարբեր հայաստանյան յություբյան ալիքների մոտ։ Ամենայն հավանականությամբ մոտակա ամիսներին կորոշվի այս երկու հարթակների հիմնական զարգացման ուղղությունը։ 

Քանի որ ներքաղաքական պատվերը կտրուկ անկում է տեսել, իսկ մյուս կողմից հանրությունը հետաքրքիր բովանակության պահանջարկ ունի, ապա հենց Տելեգրամում և Յություբում հնարավոր է նոր բովանդակության ձևավորում, նոր դեմքերի առաջխաղացում։ Այդ դեպքում մենք կտեսնենք այս երկու հարթակների կտրուկ աճ։ Եթե ոչ, ապա կբավարարվենք TikTok֊ի և Ինստագրամի Reel֊երի հանրամատչելի բովանդակությամբ։

Սամվել Մարտիրոսյան