Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի Հանրապետության հռչակման օրվա խորհրդին ու անելիքներին։ «Այսօրվա խորհուրդը անկախությունն է, մենք պիտի անկախանանք։ Մեր միակ նպատակն է տեսնել ազատ, անկախ ու միացյալ Հայաստան»,- ասաց նա։
Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ երկարատև խաղաղության միակ ճամփան Արցախի տարածքների դեօկուպացիայի հարցը ուժով լուծելն է։ «Ճանաչելով մեր թշնամուն, իրենց հետ երկար տարիներ շփվելով՝ հասկանում ենք, որ այդ ազգը չի ուզում խաղաղություն, այդ ազգը խաղաղությունը հասկանում է միայն սրով։ Իրենք չեն հասկանում խաղաղության գինը, միայն ուժն են հասկանում։ Հիմա իրենց ժամանակավոր հաղթանակ են բերել, իրենք չեն էլ կարող այսքանը պահել, ոնց որ միանգամից իրենք էլ չեն հավատում, որ դա հաղթանակ է։ Իրենք էլ լավ զգում են, որ սա երկար չի տևելու, հայը ասելիք ունի։ Մենք պետք է վստահենք մեր հայ ազգի արյան կոդին, գենին»,- նշեց նա։
Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ Արցախը Հայաստանին միավորման հարցը կարևոր է։ «Արդեն միացված է, մենք մեկ ազգ ենք, բայց միջազգային ճանաչման համար այլ դիվանագիտություն պետք է վարել։ Մենք հայտարարում ենք, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», բայց հակառակն ենք անում՝ Արցախը լրիվ կտրում ենք Հայաստանից՝ բանակը հետ քաշելով։ Հետո ուրիշ հայտարարություն ենք անում, ասում ենք՝ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է։ Մեր հայտարարությունները չեն բռնում իրար հետ։ Մեր Պաշտպանության նախարարի վերջին դուխավորված հայտարարությունները տեսանք, բայց Երասխում երեկ նորից զոհ ունեցանք, ադրբեջանցիները մի քանի տեղով ճանապարհներ են փակում, բա ինչո՞ւ հակահարված չեք տալիս, եղբայր։ Պետք է հակահարված տանք, թե չէ հասնելու են Սևան, Երևան, իրենք հայտարարում են այդ մասին, չեն թաքցնում»,- նշեց նա։
Ըստ Անդրանիկ Չավուշյանի՝ այսօր հստակ խնդիրներ պետք է դնենք մեր առաջ ու գնանք դրանց լուծման ուղղությամբ․ «Իրավիճակն այսպես չպետք է շարունակվի, հայը թափառական վիճակում չպետք է մնա, մեզ ի՞նչ եղավ։ Վախենալու բան չկա, թուրքն ամբողջ կյանքում վախեցել է մեզանից, մի քիչ խելքով պիտի մտածենք ու մտածենք միայն առաջ գնալու մասին։ Կտեսնենք, թե իրենք ոնց են փախչելու, մենք գիտենք։ Բայց հիմա քանի որ ռուսն է այստեղ, ուրիշ դիվանագիտություն է։ Եթե ռուս զորքին փոխարինող ուժ կա, թող այնպես անեն, որ քաղաքականությունն ի շահ հայի լինի, ես այդպես եմ տեսնում։ Ո՞նց կարող են իրենք որոշում կայացնել, թե իմ ընտանիքը ուր ապրի, ոնց ապրի կամ քոչվոր ցեղի պես լինե՞նք։ Առանց իմ հետ քննարկման ո՞նց կարող է իմ սեփականության հարցը լուծել ինչ-որ մեկը, ես կպաշտպանեմ կյանքի գնով իմ տունն ու հողը, հայրենիքը։ Հավատացեք, հիմա այսպես մտածողները շատ են, քիչ չեն, իրար գտնում են մագնիսի պես։ Հիմա այդ պահն է, մեզ մոտ գալիս են մեր նման մտածելակերպ ունեցող մարդիկ», ասաց նա։