կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-10 19:44
Արցախ

Մի տեղից կայծը կպայթի, քանի որ անընդունելի է անընդհատ հայի արյուն թափելը. Անդրանիկ Չավուշյան

Մի տեղից կայծը կպայթի, քանի որ անընդունելի է անընդհատ հայի արյուն թափելը. Անդրանիկ Չավուշյան

Lragir.am-ի զուցակցին է Քաշաթաղի Աղավնո համայնքի համայնքապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Անդրանիկ Չավուշյանը

-Պարոն Չավուշյան, Արցախում ժամանակ առ ժամանակ հրադադարի խախտման հետևանքով զոհեր են լինում։ Ի՞նչ պետք է անել անվտանգային խնդիրները լուծելու համար։

-Պետք է հայ ազգը՝ 10 մլն հայությունն այլևս մտածի, որ օգնի այս իշխանություններին, որ դուխավորվեն։ Ռուսական խաղաղապահ առաքելությունը ոնց որ իր գործը չի անում։ Երևի մի տեղից կայծը կպայթի մի օր, քանի որ անընդունելի է անընդհատ հայի արյուն թափելը։ Մենք մեր ճակատագրի տերն ենք, սա ազգային հարցն է, դրա համար 10 մլն հայությունն այլևս պետք է գործի, իշխանություններին երևի դուխ է պետք։

-Դուք նկատի ունեք, որ նման իրավիճակներում պետք է համարժեք պատասխա՞ն տալ թշնամուն։

-Իմ անձնական կարծիքը սա է՝ եթե ռուս խաղաղապահը չլիներ, եթե մեր զորքերը լինեին, թշնամին հակահարված կստանար։ Հիմա, կարծում եմ, խնդիրը ռուսների հետ է։ Ռուսների հետ պետք է խոսել, որ՝ եթե դու ճանապարհը հսկում ես, բայց քո աչքի առաջ, քո քթի տակ սպանում են, մորթում են, ո՞ւր է խաղաղապահը։ Ուզում են, որ համակերպվենք, վերջ, սա՞ է։ Ոչ, այդպես չի կարող լինել։ Հիմա հայությունը թող մտածի, մենք այս ամենի մեջ ենք, հայրենիքը բոլորինն է։ Պետք է ավելի խորը մտածենք, թե ինչ կարող ենք անել։

1994 թվականից ի վեր, թեպետ հրադադարը կար, բայց ամսական 3-4 զոհ էինք ունենում, մինչև 2016 թվականը։ Թուրքը նույն թուրքն է, նույն թշնամին է, նույն վայրագը։ Մենք ենք դարձել շատ մոռացկոտ, նույնիսկ շատ արագ ենք մոռանում ու ներում։ Եթե մի անգամ լավ հակահարված ստանա, կարծում եմ, չի շարունակի։ Կար ժամանակ, որ մերոնք անհրաժեշտ գործողություններ արեցին, իրենց մոլլան ասաց՝ հայ ազգի հետ շուտ հաշտության մասին մտածեք, թե չէ, եթե հայերը մի քիչ զայրացան, ահավոր է իրենց զայրույթը։ Հիմա, կարծում եմ, պետական մարմինները ծրագրավորված ժողովրդի վրա լավ աշխատեցին, անտարբեր սարքեցին, բանակը ելակով կերակրեցին, ոչ թե գաղափարով ու կամքով։ Ազգ-բանակ հասկացությունը թուլացրեցին, բայց չվերացրեցին, ազգը պարբերաբար դառնում է բանակ։

-Ի՞նչ տրամադրություններ են Արցախի բնակչության շրջանում։

-Ժողովրդի մեջ ընդհանրապես ճամպրուկային վիճակը միշտ կա, նախքան այս դեպքերն էլ կար։ Մենք էլ ուզում ենք դա փոխարինել ոչ ճամպրուկային վիճակով։ Մենք ժողովրդին ասում ենք՝ ո՞ւր ես փախչելու, դա հարցի լուծում չէ։ Կարծում եմ՝ անվտանգային հարցերը լուծելու համար միմիայն հայոց բանակը պետք է ուժեղացնել։ Այդ դեպքում՝ եթե մեկ հոգի խփեն, մենք թվաքանակով քիչ ենք, դիմացը՝ 10 հոգի։ Եթե լավ հակահարված ստանան, մի քիչ կխելոքանան։ Բայց այսօր ամեն օր Ստեփանակերտի ու այլ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ կան, հիասթափեցնում են ժողովրդին։ Իշխանություններն էլ ձեռքերը ծալած, ոչ մի հայտարարություն չեն անում։ Հակառակը, խաղաղությունից են խոսում։ Ես մի քիչ այլ կարծիքի եմ՝ ի՞նչ խաղաղություն, ո՞ւմ հետ, ո՞վ է այդ խաղաղասերը։ Այսօր իշխում է ուժը, եթե ուժեղ ես, արդեն խաղաղասեր ես, ամեն ինչ ես։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ուժով լուծենք այս հարցը։ Տեսանք՝ քաղաքականության մեջ թույլ ենք ու ձախողված՝ լինի արտաքին, թե ներքին։ Բայց 1990-ական թվականներին, երբ հակահարված հասցրեցինք, տարածքներն ազատագրեցինհք, հայ ժողովուրդը լավ էլ 20-30 տարի վայելեց այդ ամենը։

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող