կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-23 21:28
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե մեր անասնապահներից մեկը կորի՝ խոստացել ենք ամբողջ ադրբեջանական շարասյունը վարի տալ․ Անդրանիկ Չավուշյան

Մենք ուզում ենք մնալ խաղաղ բնակիչ, նենց չանեն, որ չարացնեն մեզ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Քաշաթաղի Աղավնո համայնքի համայնքապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Անդրանիկ Չավուշյանը՝ պատասխանելով Հայաստանն Արցախի հետ կապելու այլընտրանքային ճանապարհ կառուցելու և Աղավնոյի տարածքը ադրբեջանցիներին զիջելու խոսակցություննների մասին հարցին։

«Այն փուլում չենք ենթարկվել, չենք լսել՝ դուրս չենք եկել գյուղից, երկրորդ փուլում էլ չենք լսելու։ Մենք պատահական չէ, որ այստեղ ենք։ Մենք այն ժամանակ էլ ասել ենք՝ դուք ձեր բանակցությունները փոխեք՝ չկա թուղթ, որ չեղյալ չհամարվի։ Ճանապարհը այլ տեղից․․․ մենք խաղաղ բնակիչներ ենք, թողեք մնանք խաղաղ բնակիչ»,-ասաց Աղավնոյի համայնքապետը։

Կարմիր գծեր կան, որ չպետք է անցնեն՝ փաստեց նա։

Երբ ունենանք իշխանություն, պիտի որ մտահոգվի Հայաստանն Արցախին կապող բնակեցված շենք գյուղերը պահելու հարցով, նկատեց Անդրանիկ Չավուշյանը, բայց չունենք իշխանություն։

Իսկ թուրքի ախորժակն անվերջ է․ տանք-տանք մինչև ե՞րբ տանք։ Թուրքն, ասաց, երկար կապրի, եթե թուրքի դեմ չգործես։

«Դարձել ենք մագնիսի նման, գաղափարն է մագնիսը, ուժեղ մետաղներն են գալիս մագնիսի շուրջ, հիմա ժողովուրդը միացել է, գիտակցում է այս ամենը։ Պարզ է, որ մենք այստեղ ենք՝ խանգարող հանգամանք ենք ադրբեջանցիների համար, կար ժամանակ, որ Արցախը պարիսպ էր, հիմա փշալար է»,-ասաց Անդրանիկ Չավուշյանը։

Ադրբեջանցիները ճանապարհներ են փակում, հայկական կողմն ընդամենը հայտարարություններ է անում՝ մտահոգություն հայտնեց նա։

Ադրբեջանցիների շարասյունը, ռուսների ուղեկցությամբ, հաճախ անցնում է Աղավնոյի մոտով․ նկարում են, լավ են անում, ասաց Անդրանիկ Չավուշյանը, թող նկարեն, որ տեսնեն՝ այստեղ լիքը մարդ կա, ապրում ենք, շեն ենք։

Արցախի ընդհանուր տարածքի նման  Աղավնոյում էլ նույն կենցաղային խնդիրներն են՝ ջրի, էլեկտրաէներգիայի սղություն․ համայնքապետն ասաց՝ փորձում են ապահովել ջրի երկրորդ ակունքով, եթե պետք լինի՝ երրորդով։  

«Կքպ չունի Աղավնոյի փոքր լինելը, ստրատեգիական դիրքն է կարևոր։ Մենք մեր ժողովորդի արյան գնով ենք չափում երկիրը, ոչ թե մետր քառակուսիով»,-ասաց Անդրանիկ Չավուշյանը։

Դպրոցն աշխույժ գործում է․ 30 աշակերտ Աղավնոյից կա, 21-ն էլ Բերձորից։ Հիմա բաշխում ենք բնակավայրերը․ ընտանիքներ կան, որ Արցախի բռնազավթված բնակավայրերից են եկել, կկահավորեն, կապրեն թափուր մնացած տներում։

«Մենք մեր ընկերներից պակաս չենք, մեր բախտը չբերեց՝ ողջ մնացինք, դե որ ողջ ենք մնացել, պարտավոր ենք որտեղ արյուն է թափվել՝ քրտինք թափել»,-ասաց Անդրանիկ Չավուշյանը։

Պատերազմի թեժ շրջանում, երբ տեսել է, որ գաղթողները տները վառում են, հիշել է 1990-ականները, երբ ադրբեջանցիներն այդպես արեցին ու էլ չվերադարձան։ Ասել է՝ գնում ես, երեխադ տանում ես, տունդ թող այդպես մնա, որ պայքարդ մեջդ չմեռնի, որ վերադառնալու մի բան ունենաս։

«Ես մտածում եմ, որ վաղը երեխաս մեծանա, ասելու է՝ ձեր 90-ականների նախնիները ձեզ տվին վառ ջահ՝ հայրենիք, ձեր մեջ տղամարդ չկա՞ր, որ պահեր, ես պիտի ասելիք ունենամ երեխայիս։ Ավելի լավ է, որ զոհվեինք՝ իրենք հպարտանային մեզանով, քան ապրեինք ու ամաչեին»,-ասաց նա։

Աղավնոյում իրենց ապրելով՝ ակտիվանում է Ադրբեջանի խորքը, վստահ է Անդրանիկ Չավուշյանը, ասում էին՝ Սյունիք ենք հասել, բա հլա կա Աղավնոն։ Ասում է՝ եկեք, մենք հյուրասեր ենք, կարող է նաև չայ հյուրասիրենք։

«Մենք զգուշացրել ենք ռուսական զորքին՝ եթե մեր թեկուզ անասնապահներից մեկը կորավ՝ խոստացել ենք ամբողջ ադրբեջանական շարասյունը վարի տալ, մեկը հարյուրի դիմաց։ Մեզանից թող յան տան, ուր ուզում են գնան։ Շատ են խոսել, որ մենք խաղաղ բնակիչներ ենք, եթե էդ եք համարում խաղաղասեր, ես խաղաասեր չեմ։ Մենք ամեն ինչ տեսնաք՝ մեր ընկերների զոհվելը, չենք հաշտվում այդ ամենի հետ, մի տեղից պիտի դուրս գա չէ՞։ Մենք սկսել ենք մոռացկոտ լինել՝ թուրքը նույն վայրագն է, ագրեսիվն է, անմարդկայինն է, միայն կռվի ուժն է հասկանում, պետք է լինես խիստ»,-ասաց Անդրանիկ Չավուշյանը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Փաշինյանի պես բան է դարձել, նկատեց նա, ամեն օր եթեր է մտնում, լայվեր է մտնում, ոչ ղեկավարի կերպարով։ Հիմա պետք է ժողովուրդը զարթնի։

Մնացել է այդքան Աղավոնոն, ու բոլորին ոգևորում է։ Այժմ մանկապարտեզ են կառուցում։

Գյուղի կողքին լինելը նաև մարդկային շփումն է․ դա էլ է պետք։ Այլ մտահոգությունների հարցով մարդկանց հրավիրում են, որ իրենց աչքով տեսնենք։

Կռիվը, պայքարը մարդուն ավելի է խանդավառում, ուժ է տալիս՝ ասաց նա։

«Վիրավոր մայր է ասենք, երկիրը, պիտի փրկենք, ցավը տանենք, տաքացնենք․․․ այսինքն, մենք մեր մորն ենք լքել, մեր սրբություններից ենք հեռացել, մի հատ չափալախ է մեզ պետք, որ զարթնենք էդ վախից, էդ զոմբիացած վիճակից, էդ թմրած վիճակից, հասկականք՝ ինչ ենք ուզում»,-ասաց Աղավնոյի համայնքապետը։

Մենք էլ ենք գնացող, նշեց Անդրանիկ Չավուշյանը, բայց հայրենիքը պիտի մնա, մենք գալիք սերնդին սյուներ ենք պարտավոր, որ այդ սյուների վրա երկիր կառուցեն, մենք ունենք բանակ, ազգն է բանակ, ընդամենը կազմակերպել է պետք։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․