Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս իշխանությունները բերում են կառավարության մի ծրագիր, որը Հայաստանի անվտանգությանը, խաղաղությանն առնչվող բավականին խոր տողատակեր ունի․ Yerkri.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը՝ խոսելով կառավարության 5-ամյա ծրագրից, որը վերջերս ԱԺ-ն հաստատեց՝ առանց ընդդիմադիր խմբակցությունների համաձայնության։
«Այն փաստաթուղթը, որ կառավարությունը ծածուկ գործի է դնում, հանրությանը դեռեւս հայտնի չէ։ Եթե լավ փաստաթուղթ լիներ, օր առաջ կտեղեկացնեին, գլուխ կգովեին։ Թաքուն է պահվում։ Փաշինյանի արտահայտությունները, հայկական բնակավայրերը ադրբեջաներենով անվանելը, ամեն գնով խաղաղության գնալու ձգտումները գալիս են փաստելու, որ մենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող ռիսկեր ունենք այսօր։ Միայն իրենք գիտեն, թե ինչ փաստի առջեւ կկանգնի մեր հանրությունն առաջիկայում»,- ասաց Ավետիսյանը՝ շեշտելով, որ իշխանությունն ընդունել է մի փաստաթուղթ, որը շղարշ է, եւ չգիտենք, թե ինչ են բերելու մեր երկրի ու ժողովրդի գլխին։
Անդրադառնալով տնտեսության ոլորտում առկա խնդրիներին եւ կառավարության խոստումներին՝ տնտեսագետն ասաց՝ ինչ խոստացել են, ճիշտ հակառակն են արել՝ աղքատություն է, ունենք հյուծվող տնտեսություն, իսկ արտաքին պարտքը հասցրեցին 9 միլիարդի։ «Արտաքին պարտքն ավելի արագ է աճում, քան տնտեսությունը։ Ամեն ինչի գներն են աճում աննախադեպ չափով։ Շարունակվում է եկամուտների անկումը, որը կբերի իրական աղքատության։ Այս իշխանության միակ նպատակն է պահպանել իրենց աթոռները․ վախենալու շատ բան ունեն»,- ասաց նա։
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի բարձրագոչ հայտարարությանը, թե տնտեսությունը աճում է, ռեստորաններում տեղ չկա, Ավետիսյանն ընդգծեց․ «Ռեստորանների շարժով տնտեսություն չեն չափում։ Մեր տնտեսությունը շարունակում է հյուծվել, սոցիալական վատ վիճակը խորանում է»։
Լիանա Սարգսյան