Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին աշխատանքային շրջայց է կատարել Ասկերանի շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Երկրի ղեկավարը ծանոթացել է Ստեփանակերտի բնակիչներին երաշտի պայմաններում շուրջօրյա խմելու ջրով ապահովելու նպատակով Պատարա գետից դեպի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգ տանող խողովակաշարի կառուցման աշխատանքներին, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականի հունիսին։ ԱՀ նախագահը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ քննարկել է նաև հանրապետության ամենախոշոր և իր նշանակությամբ չափազանց կարևոր տնտեսական նախագծի՝ Պատարայի ջրամբարի կառուցմանն առնչվող հարցեր։ Նախագիծը կյանքի կոչելով վերջնականապես կլուծվի մայրաքաղաք Ստեփանակերտի ջրամատակարարման հարցը, ինչպես նաև Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ կապահովվեն խմելու և ոռոգման ջրով։ Այս ուղղությամբ նախագահը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում ավարտել նախապատրաստական աշխատանքներն ու սկսել ակտիվ շինարարության փուլը։
Այնուհետև Արայիկ Հարությունյանը եղել է Աստղաշեն համայնքի վարչական տարածքում պատերազմի հետևանքով Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերից տեղահանված բնակիչների համար կառուցվող, ավելի քան 644 հազար քառակուսի մետր մակերես ունեցող նոր բնակավայրի շինհրապարակում, որտեղ հետևել է լայնածավալ շինարարության ընթացքին:
ԱՀ նախագահն այցելել է նաև Իվանյան համայնք, որտեղ ծանոթացել է «Հայաստան» համակայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ երկու բնակելի թաղամասերի կառուցման աշխատանքներին։ Երկու թաղամասներն էլ նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականին, և դրանց բնակիչներն ապահովված կլինեն ենթակառուցվածքային բոլոր հարմարություններով։
Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է նաև Հովսեփավան համայնքում, որտեղ հետևել է Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների ընտանիքների և տեղահանված բնակիչների համար նախատեսված շուրջ 92 առանձնատների կառուցման աշխատանքներին։ Թաղամասի շինարարությունն իրականացվում է ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով։
Բավարար գնահատելով աշխատանքների ընթացքը՝ երկրի ղեկավարը մեծապես կարևորել է Արցախում իրականացվող բնակարանաշինական ծրագրերի նշանակությունը և ընդգծել, որ համայն հայության ուժերով ժամանակի ընթացքում հնարավոր է դառնալու մեղմել պատերազմի հետևանքով ստեղծված բարդ սոցիալ-տնտեսական և հումանիտար իրավիճակը: