Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության կենտրոնական վարչությունը Հայաստանում եւ Արցախում կազմակերպում է 14-օրյա ճամբար երեխաների համար։ Ճամբարին կմասնակցի մինչեւ 120 երեխա, որոնցից շատերը Արցախի վերջին պատերազմի ականատեսն են, կորցրել են ծնողին, ընտանիքի անդամին կամ պարզապես իրենց աչքերով տեսել պատերազմը։
«Նպատակը նրանց ամռանը մի քիչ զվարճանք պատճառելն է, որովհետեւ նրանք բարդ եւ ծանր տարի են ունեցել, ընտանիք չկա, որի վրա պատերազմն ազդեցություն չի թողել, արցախցիները կրակի միջով են անցել, տուն-տեղ կորցրել, իսկ այս ճամբարը մի տարբերակ է՝ մեր կապը, հավատարմությունը եւ ամրությունը հաստատելու Արցախի հարցում։ Երեխաներին տանելու ենք այն ուղիով, որը մեզ հասցրել է հաղթանակների»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Նժդեհ Քարաքավորյանը։
Վարչության անդամները, սկսած Տավուշի հուլիսյան պատերազմից մինչեւ այսօր՝ Արցախի վերջին պատերազմից գրեթե մեկ տարի անց էլ, շարունակում են իրենց պայքարը սփյուռքում՝ միջազգային կառույցների ու կազմակերպությունների առջեւ բողոքի տարբեր գործողություններով, նաեւ՝ թշնամու դեսպանությունների ու ներկայացուցչությունների առաջ․ նրանցից շատերն էլ պատերազմի օրերին մարտի դաշտում են եղել։
«Մենք երբեք չենք ընդունելու, որ Շուշիին ասեն «Շուշա»։ Թույլ չենք տալու, որ նրանք Արցախի մասին խոսեն որպես փակված թեմա։ Ե՛վ Փարիզում, ե՛ւ Ամերիկայում թուրքի նպատակը մեկն է՝ մեզ վերացնել՝ հոգեպես, քաղաքականապես, ֆիզիկապես։ Երբ խոսում են կոմունիկացիաների, թշնամու հետ բարեկամության մասին, ես դա չեմ հասկանում։ Թուրքերը, օրինակ, իրենց ԱԳՆ-ի եւ դեսպանության միջոցով գալիս են Ֆրանսիա, մտնում պետական մարմիններ աշխատանքի, տանում հակահայ քարոզչություն։ Ֆրանսահայ գաղութը կարողացել է ֆրանսիացիների համակրանքին արժանանալ։ Դրա պատճառով է, որ ադրբեջանցիներն ամեն տարի շատ լուրջ փողեր են ծախսում, իրենց կեղծիք Խոջալուի ցեղասպանության մասին միջոցառումներ անում։ Ամեն տարի, երբ նրանք այդպիսի միջոցառում են կազմակերպում, մենք գնում եւ թույլ չենք տալիս, որ այն նորմալ ընթանա։ Նրանք չեն կարողանալու հաղթել մեզ թե՛ Ֆրանսիայում, թե՛ ուրիշ տեղ, որտեղ դաշնակցական երիտասարդությունը, գաղութը գործում են»,- ասաց Նժդեհ Քարաքավորյանը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահն առաջինն էր, որը խոսեց թշնամու՝ պատերազմի դաշտը վարձկաններով լցնելու մասին, օգնություն առաջարկեց, բայց Հայաստանի կառավարական կաբինետում չտեսնելու տվեցին։
«Մեր ջանքերով ֆրանսիական ռազմարդյունաբերող ընկերությունները, որոնք ռազմական արտադրանք են վաճառում ադրբեջանական բանակին, որոշ չափով հաջողել ենք կանխել։ Ինչո՞ւ որոշ չափով, որովհետեւ եթե պետական մակարդակով չի արվում, մենք, որպես համայնք, այդ կարողությունը չունենք՝ մի բան ամբողջովին կասեցնելու»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Նժդեհ Քարաքավորյանը։
«Մենք մեր արցախցի եղբայրներին պետք է հասկացնենք, որ էսօր, այո, դե ֆակտո ռուսներն են, որ պահում են ձեր ֆիզիկական անվտանգությունը, բայց ձեր ուսն ու թիկունքը հայությունն է, սփյուռքը, Հայաստանի ժողովուրդը, թեկուզ այս իշխանությունները թքած ունեն այդ հիմնահարցի վրա։ Մենք պետք է մեր երիտասարդներին էնպիսի գիտակցական մակարդակի բերենք, որ նրանք հասկանան՝ նույնիսկ եթե աշխարհում կա թուրք, որը վատ մարդ չի, չի նշանակում՝ նա իմ եղբայրն է կամ ընկերը։ Ադրբեջանի փողոցում անցորդ կնոջը հարցնում են՝ ի՞նչ կանեիք, եթե իմանայիք՝ չեք պատժվելու, ասում է՝ կսպանեի 28 հայի։ Էս մարդկանց հետ ի՞նչ խաղաղություն, ընկերություն»,- նշեց Քարաքավորյանը։
Նրա խոսքով՝ երկշաբաթյա ճամբարը երեխաներին առաջին հերթին ռազմահայրենասիրության դասեր է տալու, ամրացնելու է։
«Մենք պետք է էնպիսի ոգով զինենք մեր երեխաներին, որ եթե էլի պատերազմ լինի, թշնամու արյունը շատ ավելին լինի»,- ասաց Նժդեհ Քարաքավորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում