Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդդիմադիր ուժի փոխխոսնակի հարցին իշխանության որևէ կերպ միջամտելը իր սահմանադրական կարգավիճակից կտրուկ շեղում է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում «Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ից ընտրված պատգամավոր Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը ոչ թե պետք է լինի «Հայաստան», այլ «Պատիվ ունեմ» դաշինքից։
«Սահմանադրությունը նախատեսում է ընդդիմադիր խոսնակի պաշտոնի տրամաբանություն, և դա պատահական չէ։ Դա ենթադրում է առավել շատ ձայներ ստացած ուժին դրա վերագրումը։ Այդպես է նաև մեր քաղաքական մշակույթը զարգացել խորհրդարանում, որովհետև փոխխոսնակ ունենալու տրամաբանությունը զսպումների և հակակշիռների ապահովումն է։ Ընդդիմադիր ավելի մեծ ուժը, բնականաբար, այդ լծակների իրականացման հնարավորությունն ավելի պատշաճ է ունենում, քան ավելի քիչ ձայն ստացածը։ Սա սահմանադրական պահանջի իրացում է, որն ունի տրամաբանություն։ Փոխխոսնակի առաջադրումը ավելի շատ ձայներ ստացած ընդդիմադիր խմբակցությանն է, և այդպիսինն է սահմանադրության տրամաբանությունը։ Իշխանությունը չպետք է դա որոշի, որովհետև դրանով գործընթացը խաթարվում է»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Արամ Վարդևանյանը բնական համարեց ընդդիմադիր ուժերի միջեւ խորհրդակցությունները, բայց առանց իշխող խմբակցության ուղղորդումների։
«Այդ կոնսուլտացիաների մեջ իշխանական մասնակցություն առհասարակ չի կարող լինել։ Այսինքն իշխանությո՞ւնը պետք է որոշի՝ ովքեր իրենց զսպեն և հակակշռեն։ Իշխանությունն առհասարակ պետք է չանդրադառնա այդ թեմային»,- նշեց Վարդևանյանը։
Արամ Վարդևանյանի խոսքով՝ Սահմանադրությունը չի նախատեսում, որ 3 փոխխոսնակներից 2-ը պարտադիր պետք է լինեն իշխանությունից։
«Սահմանադրությունը նախատեսում է, որ մեկը պետք է լինի ընդդիմությունից, բայց դա էլ չի նշանակում, որ պարտադիր մյուս երկուսը պետք է լինեն իշխանությունից»,- պարզաբանեց Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կառաջադրի «Պատիվ ունեմ» դաշինքը փոխխոսնակի թեկնածու, թե՝ ոչ, կախված է ընդդիմադիր երկու ուժերի խորհրդակցությունների արդյունքից։