Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 1-ի գործով դատարանի կողմից դատական վարույթի կասեցումը և Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելը բողոքարկման ենթակա ակտ չէ, այն չի կարող նույնացվել ցանկացած այլ տեսակ կասեցման երևույթի հետ: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսի ընթացքում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։
«Մեծ ցավ եմ ապրում, որ, նախագահող դատավորի նախաձեռնությամբ, նշված հարցը փաստացի քննության առարկա չդարձավ պաշտպանական կողմի դիրքորոշումների լույսի ներքո: ՀՀ օրենսդրությունը դատարանների համար այն դեպքերում, երբ կայացվում է կասեցման մասին որոշում, ընդամենը մեկ պարտականություն է նախատեսում՝ կայացնել նման որոշում և եռօրյա ժամկետում այն փոխանցել Սահմանադրական դատարան: Եթե այն բողոքարկման ենթակա լիներ, ապա պիտի ներկայացված լիներ պահանջ, որ դատարանը նման որոշում կայացնելուց հետո պետք է սպառի բողոքարկման բոլոր հնարավորությունները, նոր միայն փոխանցի Սահմանադրական դատարան: Օրենսդիրը, այդ թվում՝ ՍԴ-ի մասին, հստակ նախատեսել է, որ եռօրյա ժամկետում պիտի փոխանցվի: Ավելին` օրենսդիրը նաև նախատեսել է մեխանիզմը, թե կասեցնելուց հետո երբ է վերսկսում գործի վարույթը, դարձյալ մեկ դեպքում, այն է՝ ՍԴ-ի որոշումից հետո, քանի որ որևէ մարմին սահմանադրականության վերջնական լուծում չի կարող տալ»,- մանրամասնեց Վարդևանյանը:
Ըստ նրա՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի` դատարանում հնչեցրած ելույթում ներկայացված էր, որ ՍԴ-ն 2019-ին մի քանի որոշումներով իբրև անդրադարձ է կատարել դատարանների կողմից սահմանադրական նորմերի մեկնաբանման հարցին, և իբրև քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, եռաստիճան համակարգում քննության առարկա հանդիսանալով, որևէ խնդիր չի արձանագրել:
«ՍԴ-ն արձանագրել է, որ 2019-ի հունվարի աշխատակարգային որոշումը վերաբերում էր ոչ թե անձեռնմխելիությանը, ոչ թե քրեական օրենսգրքի 300.1 հոդվածին, այլ տեխնիկական մեկ հարցադրման՝ դատարանները կարո՞ղ են վերջնական լուծում տալ սահմանադրական նորմերի վերաբերյալ կամ, առհասարակ, մեկնաբանել սահմանադրական նորմերը: ՍԴ-ն արձանագրեց՝ որպեսզի դատարանները բացահայտեն՝ արդյո՞ք կա սահմանադրականության խնդիր, թե՞ ոչ, կարող են մեկնաբանել սահմանադրական նորմեր, նշվել էր, սակայն, որ այդ մեկնաբանությունները վերջնական չեն, համապարտադիր չեն, ինչը ենթադրում է, որ նույնիսկ դատարանների և դատախազության համար դատարանների սահմանադրական նորմերը վերջնական չեն»,- ընդգծեց սահմանադրագետը՝ նշելով, որ վեճի առարկան այնպիսին է, որ նույնիսկ ՍԴ-ն է հավելյալ ժամկետի անհրաժեշտություն տեսնում նախնական ուսումնասիրություններ կատարելու համար:
«Եվ այս որոշումը կլինի առավելագույնը հուլիսի 9-ին, նշանակում է, որ ՍԴ-ն արդեն սկսել է ուսումնասիրությունը, և հիմա այնպիսի անհասկանալի իրավական վիճակում ենք, որ Վերաքննիչ դատարանն արդեն խորհրդակցական սենյակում է, և այն դատական ակտերից մեկը, որը նա քննարկման առարկա է դարձնում խորհրդակցական սենյակում, իսկ հունիսի 25-ին որոշում է հրապարակելու, վերաբերում է ՍԴ-ի նախնական ուսումնասիրման մեջ գտնվող մի հարցի»,-ամփոփեց Արամ Վարդևանյանը: