Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն մի քանի օր է, որ կառավարության անդամները խոսում են այն մասին, որ Հայաստանում նվազել է գործազրկության, ավելացել՝ զբաղվածության մակարդակը։ ArmDaily.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ սա սովորական ոչ ամբողջական վերլուծության արդյունքն է, որովհետև զբաղվածության աճի անվան տակ բերվում է գրանցված աշխատղների թվի աճը։ «2018 թ-ից սկսած հիմնականում կայուն աճում է գրանցված աշխատողների թվաքանակը և դա հիմնականում արդյունք է հարկային վարչարարության խստացման և ստվերի կրճատման։
Պետք է փաստենք, որ սա ինքնին դրական երևույթ է, եթե, իհարկե, չենք խոսում հարկային տեռորի մասին։ Այսինքն, ստվերի կրճատում ինքնին նորմալ է, բայց թե որքան դա ունի իրական սոցիալական ազդեցություն և ազդեցություն զբաղվածության վրա՝ կրկին վերլուծություն չի ներկայացվում՚։ Մեր գնահատումներով՝ դա չնչին ազդեցություն ունի իրական կրճատման վրա։
Այստեղ հարց է նաև, թե աշխատավարձը որքանով է ճիշտ գրանցվում, բայց սա հարկային մարմինների խնդիրն է, պետական բյուջեի ավելացման և ստվերի կրճատման խնդիրն է։ Ամեն դեպքում՝ սա չի նշանակում, որ ինքնին լուծվում է զբաղվածության խնդիրը»։ Նա ընդգծեց, որ նոր ստեղծվող աշխատատեղերը, այսինքն, թափուր աշխատատեղերը, որոնք Զբաղվածության պետական գործակալությունն հավաքագրում է՝ շատ չնչին են և ամսվա կտրվածքով չեն անցնում մի քանի 100-ը, ըստ էության սրանք են նոր աշխատատեղերը։ «Եթե մենք տեսնում ենք 10-յակ հազարներով ավելանում են գրանցվող աշխատողները, իսկ իրական թափուր աշխատատեղերը էապես պակաս են արձանագրվում, սրանից կարելի է եզրակացնել, որ սրանք այն ստվերում աշխատողներն են, որոնց գործատուները գրանցում են։ Սա փաստ է և իրականում աշխատատեղերի ստեղծում չէ, իրական էական ազդեցություն չի կարող ունենալ, որովհետև նույն մարդը այն ժամանակ աշխատում էր առանց աշխատանքային պայմանագրի, հիմա հարկային վարչարարության, ստվերի կրճատման արդյունքում արդեն ունի աշխատանքային պայմանագրեր և նաև վճարվում է հարկեր։ Սա դրական է, բայց ասել, որ այդքան աշխատատեղեր են ստեղծվել, զբաղվածություն է խթանվել, լավ հասկանալով, որ դա այդպես չէ, որովհետև իրենք ամենալավը գիտեն, կարծում եմ, սա կարելի է դիտարկել որպես պարզ մանիպուլիացիա, սա իրե նց սովորական վիճակն է, որ ունեցել են»։
Տնտեսագետը նաև ընդգծեց, որ նոր աշխատատեղերը ենթադրում են ներդրումներ։ Հիմա այդ ներդրումները նույնպես չկան։ «2020 թ-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները նույնիսկ նվազել են։ Այսինքն, ավելի շատ գնացել է երկրից, քան եղել։ 2019- 2020-ին զուտ ներհոսքը կրճատվել է, բացի դրանից պետական կապիտալ ծախսերը թերակատարվել են 2018-2020 թթ-ին, դրան գումարած քովիդի և պատերազմի հետևանքները, այսպիսի իրավիճակում ակնհայտ է դառնում, որ աշխատատեղերի կամ գրանցած աշխատողների ավելացումը, որը 640 հազար է, փաստացի հարկային վարչարարության խստացման, որոշ դեպքերում փոքր և միջին բիզնեսների հարկային տեռորի արդյունք է։ Աշխատողը, որը չի ունեցել աշխատանք և եղել է նպաստառու՝ հիմա շարունակում է նպաստ ստանալ, դա նույնպես փաստ է։ Փաստ է նաև, որ իրական տնտեսությունը նույնպես նվազել է»։
Աղբյուրը՝ Armdaily.am