Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2019 թվականի առաջին եռամսակում հավաքագրված հարկերը 11,4 միլիարդ դրամով գերազանցել են պլանավորված ցուցանիշը: Եվ սա բացատրվում է նրանով, որ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, այս տարվա հունվար-մարտ ամիսներին, ավելի են տպագրվել շուրջ 20,7 միլիոն հատ ՀԴՄ կտրոններ:
Փաստ է, որ ՀԴՄ կտրոններ հիմնականում տրամադրում են փոքր և միջին ձեռնարկատիրությամբ (ՓՄՁ) զբաղվողները և հիմնականում մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում: Հետևաբար, այս լրացուցիչ հարկային մուտքերի հիմնական բաժինն ապահովել են նշված ոլորտներում գործող ՓՄՁ սուբյեկտները:
Կառավարության կողմից հռչակված սոցիալական ներառական զարգացման տեսանկյունից առարկայական հարց է առաջանում՝ 11,4 միլիարդ դրամի ո՞ր մասն է բաժին ընկնում խոշոր տնտեսվարողներին և տնտեսության մյուս ոլորտներին: Ասենք օրինակ՝ հանքարդյունաբերությանը, շինարարությանը, վերամշակող արդյունաբերությանը և այլն:
Կառավարության հնգամյա ծրագրով պայմանավորված՝ նաեւ ՓՄՁ զարգացման տեսանկյունից պետք է առաջնային կարևորվեն այդ ոլորտի հարկման գործող կարգավորումները:
Ակնհայտ փաստ է, որ ՓՄՁ ոլորտում ունենք էապես բարձր՝ գոնե նվազագույն շահույթ ապահովող, տնտեսվարման հետ անհամատեղելի հարկային ընդհանուր բեռ: Ի դեպ, կառավարության ծրագրում ևս հստակ ամրագրված է, որ այս ոլորտում պետք է էապես նվազեցվի հարկային բեռը և խթանվի աշխատանքը՝ հատկապես փոքր ձեռնարկատիրության զարգացման ճանապարհով:
Եվ այս իրավիճակում՝ առանց խոստացված հարկային բեռի անհրաժեշտ թեթևացման և պարզեցման, առաջանում է հետևյալ օբյեկտիվ հարցը.
«Արդյո՞ք լիարժեք գնահատվել են իրական այն ռիսկերը, որոնք կարող են օբյեկտիվորեն հանգեցնել ՓՄՁ սուբյեկտների փակմանը՝ տուգանքների, վարչարարության խստացման ճանապարհով լրացուցիչ հարկային մուտքեր ապահովելու հետեւանքով»:
Կարծում եմ՝ ոչ, քանի որ յուրաքանչյուր օր ականատես ենք լինում այդ ռիսկերի հետեւանքով փակվող կամ դրա եզրին գտնվող բազմաթիվ ՓՄՁ սուբյետների և նրանց արդարացի բողոքի տարբեր դրսևորումներին:
Իսկ հարկային համակարգում նախատեսվող խնդրահարույց փոփոխությունների վերաբերյալ բազմիցս ենք հրապարակային ներկայացրել մեր կոնկրետ մտահոգություններն ու առաջարկությունները, որոնք այդպես էլ լսելի չեն դառնում: Իսկ նախատեսվող այս փոփոխությունների սոցիալական ազդեցության ամփոփ գնահատումն այն է, որ էապես նվազեցվում է հարկային համակարգի ներառական զարգացումը խթանող բաղադրիչը՝ կենսապահովման նվազագույնից ցածր և դրանից բազմապատիկ անգամ բարձր եկամուտները հարկվելու են նույն դրույքաչափով՝ չհարկվող շեմ նախատեսելու և գործող տարբերակումը խորացնելու փոխարեն, իսկ խոշոր տնտեսվարողների գերշահույթների հարկման բեռն էլ նվազեցվելու է: Սրա հետեւանքով նվազող հարկային մուտքերը լրացվելու են սպառողի վրա դրվող հարկերի և հետևաբար նաև գների բարձրացմամբ, որն էլ անխուսափելիորեն ծնելու է սոցիալական նոր խնդիրներ: Հարկային գործիքով չեն նախատեսվում նաև իրական խթաններ՝ ցածր եկամուտների առաջանցիկ ավելացմանն ուղղված:
Հարկային համակարգի փոփոխությունների վերաբերյալ ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրացվող բազում մտահոգությունները, քաղաքականության պատասխանատուների հետ կարևոր հարցերի շուրջ շարունակվող խորքային անհամաձայնությունները ցույց են տալիս, որ այստեղ ևս չլուծված են մնալու մի շարք հիմնախնդիրներ:
Հատկանշական է նաև այն, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2019 թվականի առաջին եռամսյակում տնտեսվարողներին է վերադարձվել 26,4 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 7,4 միլիարդ դրամով: Այս գումարները հիմնականում ստանում են խոշոր տնտեսվարող սուբյեկտնեերը՝ վճարված հարկերի վերադարձման տարբեր մեխանիզմների գործադրմամբ: Այստեղ էլ կարևոր է, թե վերադարձված գումարների ո՞ր մասն են ստացել ՓՄՁ սուբյեկտները:
Փաստորեն ստացվում է, որ լրացուցիչ հարկերը հավաքվում է ՓՄՁ ոլորտից և դրանց մի մասն էլ վերադարձվում է խոշոր տնտեսվարողներին:
Ամփոփելով ասվածը կարելի է եզրակացնել, որ կարծես շեղվում ենք նաև կառավարության ծրագրում տնտեսության սոցիալական ներառական զարգացմանը վերաբերող որոշ հիմնական նպատակադրումներից:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ