Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տնտեսական աճերի ու ձեռքբերումների մասին ՀՀ իշխանությունների ձոներգերն արդեն ունեն միջազգային նվաճումներ. հերթականը՝ Եգիպտոսի գործարարների հետ հանդիպման ժամանակ է եղել: Նիկոլ Փաշինյանը նրանց ներկայացրել է Հայաստանի տնտեսական աճն ու կարևորել, որ հենց դա է երկրի տնտեսական թիվ մեկ բնորոշիչը:
«Ե՛վ 2019-ին, և՛ 2022-ին, և՛ 2023-ին մենք տնտեսական աճի ցուցանիշով աշխարհում երկրների առաջին տասնյակի մեջ ենք: Եվ սա, չնայած, ցավոք, մեր տարածաշրջանի և ընդհանրապես գլոբալ անկայունության և մարտահրավերների պայմաններում: Իմ գնահատականն այն է, որ տնտեսական աճն ապահովվում է Կառավարության հետևյալ մոտեցման և կարգախոսի շնորհիվ, երբ մենք, դիմելով մարդկանց, նրանց տալիս ենք հետևյալ ուղերձը՝ «հարստացիր և հարստացրու»»,- ասել է նա՝ հավելելով, որ վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են շուրջ 92 տոկոսով:
Տնտեսական աճերի և հարկային եկամուտների ավելացման մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը մոռացել էր նշել դրանց վրա ազդող արտաքին գործոնների մասին, որոնց աստիճանական թուլացման մասին արդեն գուժում են մասնագետները. ասել է թե՝ այդ աճերը կավարտվեն, երբ ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտության սրված փուլը, և, ինչպես ասում են՝ 2024 թվականին «պապն էլ փլավ չի ուտի»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը դեմ չէ աճերի փաստին, սակայն դարձյալ նկատառմամբ, որ դա ոչ թե ներքին տնտեսական ներուժի ավելացման, այլ արտաքին պատահական գործոնների հիմնական ազդեցությունն է:
«Դա պայմանավորված է եղել հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում առաջացած այն խթաններով, որն ունեցավ մեր տնտեսությունը: Այդ արտաքին գործոնն արդեն թուլանում է: Ու փաստ է, որ նախորդ տարեվերջից այս իշխանությունը, դա լավ հասկանալով, բարձրացնում է հարկային բեռը` հատկապես տնտեսության փոքր ու միջին հատվածի վրա, և նաև կրճատում հարկային տարբեր արտոնություններ, որովհետև լավ գիտի՝ նույնիսկ այն 7 տոկոս տնտեսական աճը, որը դրել են 2024 թվականի բյուջեի հիմքում, արդեն անիրատեսական է (դրան բերող գործոնը թուլանում է): Սա է իրականությունն այն աճերի մասին, որով դեռ շարունակում են գլուխ գովել»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց տնտեսագետը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «հարստացիր և հարստացրու» ուղերձին՝ Թադևոս Ավետիսյանը նմանատիպ այլ ուղերձներ ևս մտաբերեց՝ շեշտելով, որ դրանք այդպես էլ մնացին ուղերձներ. Ինչպես, օրինակ, «Արցախը Հայաստան է, և վերջ», «Անջատում՝ հանուն փրկության», «Ծայրահեղ աղքատությունը վերացնելու ենք», «Նպաստից՝ դեպի աշխատանք»:
«Սա ծեծված պոպուլիզմ է և մերկապարանոց: «Հարստացիր՝ հարստացրու»-ն արդյո՞ք հնարավոր է ակնհայտ հարկային տեռորի պայմաններում,- շարունակեց մասնագետը ու նորից կրկնեց,- 2022-2023 թվականի տնտեսական աճի վրա իշխանությունն այնքան ազդեցություն ունի, որքան Զամբիայի կամ Չիլիի իշխանությունները»:
Այդ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր նաև Հայաստանի տնտեսության մեկ ուրիշ «հաղթաթուղթ»՝ ներդրումային գրավչությունը, ուստի մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե այս առումով ինչ իրավիճակ է նոր իշխանությունների «հեղափոխական» տնտեսության մեջ:
Ի պատասխան՝ Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց, որ արդեն նախկին դարձած Վահան Քերոբյանը խոստանում էր միլիարդավոր դոլարների օտարերկրյա ներդրումներ, մինչդեռ վիճակագրությունը կարող է փաստել, որ նման ներդրումներ այդպես էլ չեղան, և, ընդհակառակը, եղան միջազգային բրենդներ, որոնք լքեցին Հայաստանը:
«Օտարերկրյա ներդրումներից են խոսում. անչափելի անվտանգային ռիսկեր կան, որոնք առաջին հերթին վերաբերելի են ներդրումներին և մեր տնտեսությանը: Մեր երկրի տնտեսության հիմնասյունը համարվող հանքարդյունաբերության ոլորտը վերցրեք՝ Սոթքի հանքավայր, հայ-ամերիկյան ներդրումների ճակատագիրը Երասխում, և այլն: Այս հարաճուն արտաքին սպառնալիքների պարագայում, այս իշխանության անհասկանալի քաղաքականության պարագայում, եթե սեփական երկրի տարածքները չեն կարողանում պաշտպանել, ինչպե՞ս կարող են պաշտպանել միլիարդավոր դոլարների օտարերկրյա կապիտալը:
Պետական մասնակցությամբ ներդրումներից են խոսում. «Ֆլայ Արնա»-ն էին գովերգում ընտրություններից առաջ, իսկ ընդամենը 2 տարի անց այդ ընկերությունը կայուն քայլերով գնում է դեպի սնանկացում:
Այս իշխանության օրոք քաղաքական այս անհեռատես վայրիվերումները բացառապես հիմնված են մեկ գերակա շահի վրա՝ սեփական աթոռն ամեն գնով պահելու շահը, ու դրա դրդմամբ է, որ այսօր մեր միակ առավելությունը հանդիսացող ԵԱՏՄ շուկայի արտոնյալ ռեժիմը դրված է կասկածի տակ»,- ամփոփեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
Աղբյուրը՝ 168.am