կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-10 13:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն ամփոփել է քաղաքական շաբաթը

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն այսօր՝ փետրվարի 10-ին, ամփոփել է խորհրդարանական քառօրյայի աշխատանքները։ Խմբակցության ներկայացուցիչները հանդես եկան ճեպազրույցով։

«Սուտը, մանիպուլյացիան, ուրացումը ՔՊ-ական ձեռագիր է։ Երեք տարի նրանք Հայաստանը կառավարում են ստով, մանիպուլյացիաներով, անցյալի ուրացումով»,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էր երեկ ԱԺ նիստի ընթացքում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը թիրախավորվել ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից։

Նրա խոսքով՝ գուցե իրենց պրոֆեսիոնալ գործունեությամբ է դա պայմանավորված, որովհետև իրենք խոսում են բովանդակությունից, իսկ քանի որ ՔՊ-ն բովանդակությանը բովանդակությամբ հակադարձելու ունակություն չունի, ստիպված դիմում է ստի, մանիպուլյացիայի, դեմագոգիայի։

Գալստյանի գնահատմամբ՝ Սիսակ Գաբրիելյանի երեկվա բոլոր արտահայտությունները քաղաքական տգիտության շարքից էին։

Ինչ վերաբերում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին, Լ. Գալստյանն ասաց, որ վաղուց թիրախավորել էին դպրոցը, երեկ հանրակրթությունը քանդելու բացարձակապես նոր օրինագիծ է բերվել կառավարության կողմից, որը ընդունվեց։

«Հակառակ հիմնավորումներին, թե նախագիծն ուղղված է բարեփոխումներին, կրթության որակին և բովանդակությանը, բացարձակապես այդ ամենի հետ կապ չունի, միակ նպատակը դպրոցի կառավարման կենտրոնացումն է։ Այսուհետ բոլոր տնօրենները պետք է նշանակվեն միայն լիազոր պետական մարմնի կողմից, նաև ֆինանսական միջոցների կենտրոնացում՝ խիստ կոռուպցիոն ռիսկերով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով, որ սա ժողովրդավարական մոդելից նահանջ է։

Լիլիթ Գալստյանն ընդգծեց, որ այսօր նպատակաուղղված արշավանք է ազգային դպրոցի նկատմամբ և այն ուժեղացնելու, ամրացնելու, բովանդակային փոփոխություններով հարստացնելու փոխարեն այս կառավարող ուժն ինչ-որ պատվերների շրջանակներում փորձում է քանդել այն, ինչ կա, երբ կարելի էր պարզապես բարեկարգել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն էլ նշեց՝ մեր երկիրը հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն, իսկ դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումը վերջին մեխն էր Հայաստանի դատական համակարգի եւ արդարադատության դագաղի վրա։

Նա նշեց, որ այս ֆոնին եվրոպական կառույցները լռություն են պահպանում։ «Սա կամա, թե ակամա մեզ ստիպում է որոշ եզրակացություններ անել։ Այսօր ՀՀ կառավարությունը եւ ԵՄ կառույցները մտել են մի փուլ, որը կոչվում է քաղաքական առեւտուր։ Եվ մեզ շատ հետաքրքիր է եվրոպական կառույցների լռության գինը»,- ասաց Հակոբյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն ասաց, որ Բորիս Բախշիյանի կալանավորման դեպքը շատ լուրջ, վատ նախադեպ է։

«Մեր փաստաբանական թիմի հետ մտածում էինք հասնել նրան, որ մարդիկ, ովքեր իմ և մեր մյուս գործընկերների նկատմամբ ապօրինի որոշումներ են կայացրել, գոնե ներողություն խնդրեն»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

«Եթե ՍԴ-ն հաստատում է, որ Ռուբիկ Մխիթարյանը կատարել է սխալ, ապօրինություն, որի պատճառով ես 3,5 ամիս ավելի մնացել եմ կալանավորված, իմ առողջությանը լուրջ վնաս է հասցվել, և մենք մեզ իրավական երկիր ենք հորջորջում, թող բարի լինեն և իրավական պատասխան տան իրենց կատարածի համար»,- հավելեց Չարչյանը։

Նա հայտնեց, որ իր փաստաբանական թիմը նյութեր է նախապատրաստել դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ հայտարարություն տալու կամ որոշակի միջոցներ ձեռնարկելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում