Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 9-ին, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և ԱԺ պատգամավորներ Արամ Գրիգորյանի ու Էլեոնորա Ավանեսյանի հետ միասին, շրջայց է ունեցել Ստեփանակերտի Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան Հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ, ապա հանդիպել բժշկական անձնակազմի հետ:
Բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում Ա. Բեգլարյանը, մասնավորապես, նշել է
«Ինչպես գիտեք, առողջապահական ոլորտը իմ անմիջական համակարգման ներքո գտնվող ոլորտներից մեկն է: Սա իմ առաջին հանդիպումն է ձեզ հետ. ուստի, օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում 44-օրյա պատերազմի ընթացքում ձեր կատարած անձնվեր աշխատանքի համար, որի շնորհիվ բազմաթիվ կյանքեր եք փրկել»:
Խոսելով ընթացիք աշխատանքների մասին՝ Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ հիմնարար բարեփոխումներ են նախատեսվում ոլորտում, որոնց արդյունքները կարճ ժամանակահատվածում տեսանելի կլինեն և՛ բուժաշխատողների, և՛ քաղաքացիների համար: Նա կարևորել է կանխարգելիչ առողջապահության ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը, բնագավառում նոր մասնագետների ներգրավումը, բժշկական ապահովագրության ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև բուժաշխատողների շարունակական վերապատրաստմանը, բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները, որոնց շրջանակներում էլեկտրոնային համակարգի կիրառմամբ զգալիորեն կնվազի անհարկի վարչարարությունը:
«Կցանկանայի համատեղ վերհանել ընթացիկ խնդիրները, որոնք խոչընդոտում են ձեր աշխատանքներին: Վստահ եղեք՝ համալիր լուծումներ ենթադրող հարցերում առանցքային նշանակություն է ունենալու ձեր կարծիքներն ու առաջարկները»,- հանդիպման ընթացքում նշել է Ա. Բեգլարյանը:
Հանդիպման վերջում պետական նախարարը պատասխանել է բուժաշխատողներին հուզող հարցերին, տեղում տվել համապատասխան հանձնարարականներ ոլորտի բնականոն աշխատանքների ապահովման ուղղությամբ: