|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրանը դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտահանումը՝ ներքին էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրների ֆոնին: Այս մասին իրանական հեռուստատեսության եթերում հայտարարել է TAVANIR էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման ընկերության գլխավոր տնօրեն Աբուզեր Սալիհին:
«Իրանի իշխանությունները ամբողջությամբ դադարեցրել են էլեկտրաէներգիայի արտահանումը, քանի որ երկրում էլեկտրաէներգիայի սպառումը գերազանցում է արտադրության ծավալը: Այս քայլն արվել է երկրի ներսում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներից խուսափելու համար»,- ասել է Սալիհին:
Նրա խոսքով՝ Աֆղանստանի Հերաթ նահանգին էլեկտրաէներգիայի արտահանման 70 տոկոսը բաժին է ընկնում Իրանին, այնուամենայնիվ, ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը այդ տարածաշրջան:
Ավելի վաղ իրանական TAVANIR ընկերությունը հայտնել էր, որ երկրում օրական էլեկտրաէներգիայի արտադրությունը 54 հազար մեգավատտ է, իսկ դրա սպառումը ամռան տապի պատճառով ավելացել է՝ դառնալով 65 հազար մեգավատտ: Արտադրության և սպառման միջև եղած անջրպետը վերացնելու համար էլեկտրաէներգիան պետք է անջատվի:
Բացի դրանից՝ Իրանում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ առաջանում են կրիպտոարժույթի արտադրության աճով՝ իջեցված սակագների ֆոնին: Իրանի իշխանությունները կրիպտոարժույթի արտադրության արգելք են մտցրել մինչև սեպտեմբեր: Այս պահի դրությամբ առգրավվել է կրիպտոարժույթ գեներացնող 196233 չարտոնված սարք: