Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 3-ին ՀՀ վերադարձավ գերիների՝ 15 հոգուց բաղկացած հերթական խումբը։ Փաշինյանի հայրենավաճառ իշխանությունը, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի ստորացուցիչ պայմանագրի՝ գերիների վերադարձի մասին կետի չկատարման պայմաններում, ժամային ճշգրտությամբ հանձնեց հայոց միջնաբերդ Քարվաճառը, կյանքի ճանապարհ հանդիսացող Քաշաթաղի շրջանը, Մարտակերտի շրջանը կենսունակ պահող Ակնայի (Աղդամի) շրջանը, հայտարարությամբ չնախատեսված Սյունիքի դիրքերը և այլ բնակավայրեր, բնական հարստություններ ու ռազմավարական կարևորության բարձունքներ։
Ամեն ինչ ստանալու և ոչ մի պարտավորություն չկատարելու արդյունքում՝ գերիների ամեն փոքր խմբաքանակի դիմաց այժմ Ադրբեջանը պահանջում է հանձնված հայրենիքը բնակեցնելու գործը հազարավոր անգամներ հեշտացնող ականապատման քարտեզներ, սպառնալիքներով ներխուժում է արդեն ՀՀ սուվերեն տարածք, ուժի իրավունքով զորքեր պահում այնտեղ և այլն։
ՀՀ կառավարության վերջին հաղորդագրության ուշագրավ դրվագները, ի դեպ քիչ չեն։ Փաշինյանի հայրենադավ իշխանությունը ականապատման քարտեզների տրամադրումը որակել է որպես «բարի կամքի» դրսևորում՝ հասկացնելով, որ իրենք ևս պատրաստ են օժանդակել Ադրբեջանին՝ հանձնված տարածքներն արագորեն ադրբեջանցիներով բնակեցնելու գործընթացում։ Ավելին՝ Փաշինյանի իշխանությունը անուղղակիորեն հաստատում է, որ այդ տարածքներն ազատագրված և ականապատված են եղել «նախկինների» կողմից, և իրենք այժմ «սրբագրում են պատմության այդ կնճռոտ էջերը»։
Սույն պնդումն առավել ակնառու կդառնա, եթե ցույց տանք ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված տերմինները, այն է՝ «Ֆիզուլու և Զանգելանի շրջանների ականապատման քարտեզներ...»։ Փաստենք, որ Արցախի պաշտոնական վարչական բաժանմամբ գոյություն չունեն նախկին Սովետական Ադրբեջանի Ֆիզուլու և Զանգելանի շրջանները. դրանցից առաջինը Հադրութի շրջանի Վարանդա, երկրորդը՝ Քաշաթաղի շրջանի Կովսական բնակավայրերն են՝ պատմական Հայաստանի Արցախի և Սյունիքի գավառները։
Պաշտոնական հաղորդագրության մեջ գործածելով ադրբեջանական աշխարհագրական տերմինները՝ Փաշինյանի հայրենադավ իշխանությունը հավելյալ անգամ փաստում է, որ Արցախի Հանրապետության տարածքները հանձնվել են թուրք - ադրբեջանական տանդեմի հետ պայմանավորվածությունների արդյունքում, և ՀՀ ներկայիս կառավարությունն արդեն չի էլ ընդունում Արցախի Սահմանադրությամբ ամրագրված, հայ ժողովրդի արյամբ ներկված տարածքների գոյությունն ու ապագայում դրանց ազատագրման անհրաժեշտությունը։
Իսկ հայ ռազմագերիները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Նիկոլ Փաշինյանի ռազմագերիներն են։ Մեր ռազմագերիները հարկավոր են Նիկոլին, որպեսզի հիմնավորի իր դավաճանությունը և արդարացնի պետական ու ռազմական գաղտնիքների փոխանցումը թշնամի պետությանը։ Հենց դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ռազմագերիների վերադարձի ժամկետ սահմանված չէ։ Սա թույլ է տալիս Փաշինյանին եւ Ալիևին` խաղալով հայ ժողովրդի նուրբ զգացմունքների վրա, մաս-մաս կտրել Հայաստանի տարածքները եւ փոխանցել Ադրբեջանի հանցագործ բռնապետին։
Ի դեպ, գերիների հարցը կարելի է դարձնել «հավերժական» հարցերից մեկը. Փաշինյանի խունտայի կողմից բանակի շուտափույթ կազմալուծման և ՀՀ պաշտպանական համակարգի քայքայման պայմաններում Ադրբեջանը կարող է ցանկացած պահի մտնել ՀՀ ուզածդ դիրք կամ բնակավայր, հայտարարել այն որպես ադրբեջանապատկան և վերցնել հայ գերիների նոր խմբաքանակ։
Հիշեցնենք՝ վերադարձված նախորդ խմբաքանակից 5-ը բոլորովին վերջերս Գեղարքունիքից տարված 6 գերիներից էին (դրա դիմաց տրվեցին Ակնայի (Աղդամի) ականապատման քարտեզները)։
Ահա այս «նոր գերիներ-նոր պահանջներ-նոր զիջումներ» փակ շղթայի կամ ցիկլի մշտական կիրառմամբ՝ Ալիև-Փաշինյան «համագործակցությունը», որը նաև լավագույնս «աշխատում է» ՀՀ-ի ներսում՝ չեզոքացնելով հնարավոր հուզումներն ու ընդվզումները, լավագույն տարբերակն է հրեշավոր դավաճանությունը լիարժեք ավարտին հասցնելու և Հայաստանի ու հայ ժողովրդի քաղաքակրթական ներկայությունն Այսրկովկասում վերացնելու համար։
Պետական գաղտնիք պարունակող կարևորագույն քարտեզները թշնամուն հանձնելը, բնականաբար, պետական դավաճանություն է, որի համար դատվելու են թե' Նիկոլը, թե' այն զինվորականներն ու ԱԱԾ ներկայացուցիչները, ովքեր մասնակից են դրան։
Վահե Սարգսյան