Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգը որոշում է ընդունել ճանաչել Արցախի անկախությունը: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը՝ 40 պատգամավորից ներկա է եղել 38-ը, 36-ը կողմ է քվեարկել, 2-ը՝ ձեռնպահ:
Այդ օրը ավելի վաղ Արեւելեան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անի Չաղլասյանը եւ փաստաբան Ջո Արիյանը ցուցմունք են տվել Սենատի դատական հանձնաժողովում՝ ի պաշտպանություն այդ միջոցառման:
Բացի Արցախի անկախության ճանաչումից, 71-րդ բանաձևը Թուրքիային և Ադրբեջանին դատապարտում է Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ նրանց ագրեսիայի համար և վերահաստատում նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Հիշեցնենք, որ, ըստ Հայ դատի Արևելյան Ամերիկայի հանձնախմբի, սենատոր Ջոզեֆ Լագանան նահանգային սենատի քննարկմանն էր ներկայացրել համապատասխան բանաձեւի նախագիծը:
Փաստաթղթում, որտեղ անդրադարձ կա նաեւ արցախյան վերջին պատերազմին, դատապարտվում է Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի իրականացրած ագրեսիան: Նյու Ջերսիի կողմից Արցախի ճանաչումը կարեւոր քայլ կլինի Արցախի Հանրապետության միջազգային՝ ապակենտրոն ճանաչման գործընթացում:
ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդում հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանն ավելի վաղ անդրադարձել էր ճանաչման գործընթացին՝ հայտարարելով. «Գիտեմ՝ ստեղծված իրավիճակում նման լուրերը նախկինի պես չեն ընդունվում, բայց հատկապես հիմա մենք իրավունք չունենք որևէ ուղղությունով թուլացնել պայքարը․․․ Հայ դատի հանձնախումբը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ բանաձևի ընդունումն ապահովելու նպատակով»։ Yerkir.am-ին տված հարցազրույցում էլ Գևորգ Ղուկասյանը մանրամասն անդրադարձել էր Նյու Ջերսիի՝ Արցախի անկախության հնարավոր ճանաչմանը, ինչպես նաև դրա կարևոր ազդակներին։
Նյու Ջերսին դարձավ ամերիկյան 10-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը։