ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը հայտնել է Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ տեղի ունեցող գործընթացների մասին.
«Այսօր ուշ երեկոյան կամ գիշերվա ընթացքում ամերիկյան Նյու Ջերսի նահանգը կարող է պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին հայտնում է Հայ դատի Ամերիկայի Արևելյան ափի հանձնախումբը։
Համապատասխան բանաձևի նախագիծը նահանգային սենատի քննարկմանն է ներկայացրել սենատոր Ջոզեֆ Լագանան։
Նյու Ջերսիի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը կլրացնի ամերիկյան այն նահանգների ցանկը, որոնք ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը, այն կարևոր քայլ կլինի Արցախի Հանրապետության միջազգային ապակենտրոն ճանաչման գործընթացում։
Գիտեմ՝ ստեղծված իրավիճակում նման լուրերը նախկինի պես չեն ընդունվում, բայց հատկապես հիմա մենք իրավունք չունենք որևէ ուղղությունով թուլացնել պայքարը․․․
Հայ դատի հանձնախումբը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ բանաձևի ընդունումն ապահովելու նպատակով։
Վստահ եմ՝ նորից գալու են ժամանակներ, երբ զբաղվելու ենք Արցախի Հանրապետության միջազգային հարաբերությունների սպասարկմամբ»։