Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Իրան է գործուղվում Հայաստանի կառավարական պատվիրակություն՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ: «Արմենպրես» գործակալության տեղեկացմամբ՝ այցի նպատակը Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) հետ գազի բնագավառում համագործակցության ընդլայնումն է:
Պատվիրակության ղեկավար Հայկ Հարությունյանը միաժամանակ հանդիսանում է նաև երկու ամիս առաջ կոնկրետ Իրանից գազի ներմուծման և արտահանման նպատակով ստեղծված «ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ» պետական ընկերության խորհրդի նախագահը: Այս հանգամանքը թույլ է տալիս ասելու, որ պատվիրակությունը Իրան է մեկնում իրանական գազի ներմուծման և արտահանման ոլորտում կոնկրետ համաձայնագրի կնքման նպատակով: Մոտ մեկ շաբաթ առաջ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ասել էր, որ շուտով նախատեսվում է ստորագրել հայ-իրանական գազային համաձայնագիր, որը Հայաստանին հնարավորություն կտա Իրանից գնված գազը վաճառել երրորդ երկրների և մասնավորապես Վրաստանին: Դրա հետ կապված համաձայնությունները ձեռք էին բերվել հունիսին Հայաստանի նախկին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի՝ Իրան կատարած այցի ընթացքում: Հիշեցնենք, որ այն ժամանակ Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել էր, թե Թեհրանը հուսով է, որ մինչև 2017թ. մարտ կկայանա Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու փորձնական գործարքը: Պետք է ենթադրել, որ պատվիրակությունը Թեհրան է մեկնում՝ հենց այս գործարքն օրինականացնելու համար:
Խնդիրն այն է, որ իրականում Հայաստանը Իրանից գազ սկսել է ներկրել և Վրաստան արտահանել ավելի վաղ: Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ պետեկամուտների կոմիտեն տեղեկություն էր հրապարակել, ըստ որի 2016թ. առաջին կիսամյակում Հայաստանից 24.7 մլն խ/մ գազ է արտահանվել Վրաստան՝ ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով: Քանի որ Հայաստանը գազ չի արդյունահանում, ակնհայտ է, որ հանդես է եկել հենց հատկապես իրանական գազի տրանզիտի դերում:
Եթե նկատի ունենանք, որ «ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ» պետական ընկերությունն ստեղծվել է ընդամենը այս տարվա օգոստոսին, ստացվում է, որ Հայաստանով իրանական գազի տարանցումն իրականացվել է դրանից առաջ: ՊԵԿ-ի հրապարակած՝ Վրաստանին վաճառված գազի փոքր ծավալները հուշում են, որ ըստ էության՝ այս տարվա առաջին կիսամյակում կողմերն ընդամենը փորձարկել են հայաստանյան ճանապարհը, որի դրական արդյունքներից ելնելով էլ որոշել են այդ գործարքին ֆորմալ բնույթ տալ:
Սա նշանակում է, որ եթե համաձայնագրերն ստորագրվեն, ապա Հայաստանն Իրանից գազ կգնի և կվերավաճառի Վրաստանին՝ օգտագործելով Իրան-Հայաստան գազատարը: Հիշեցնենք, որ 2.23 մլրդ խ/մ թողունակությամբ այդ խողովակաշարը ներկայումս հիմնականում «գազ էլէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում Երևանի ՋԷԿ-ին գազ մատակարարելու շրջանակներում շահագործվում է իր թողունակության առավելագույնը 25 տոկոսով: Սա նշանակում է, որ նախնական փուլում այդ գազամուղով հնարավոր կլինի Վրաստան առաքել մինչև 1մլրդ խ/մ գազ: Իսկ ըստ իրանական աղբյուրների՝ Իրանը և Վրաստանը նախանական պայմանավորվածություն են ձեռք բերել մոտ 500 մլն.խ/մ գազ Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու մասին:
Սա չափազանց հետաքրքրական է, եթե նկատի ունենանք, որ հենց Հայաստանով դեպի Վրաստան իրանական գազի տարանցման պլանները ձախողելու նպատակով ադրբեջանական SOCAR ընկերությունն ամիսներ առաջ ոչ միայն համաձայնեց 500մլն խ/մ-ով ավելացնել Վրաստանին մատակարարվող գազի ծավալները, այլև էժանացնել սակագինը, ինչի հետ կապված հայտարվեց Թբիլիսիում համապատասխան պայմանագրի ստորագրման մասին: Պարզվում է, փատսորեն, որ կամ վաց-ադրբեջանական այս գործարքը չի կայացել, կամ էլ չնայած պայմանագրի ստորագրմանը, Վրաստանը, այնուամենայնիվ, որոշել է փոքր ծավալներով օգտվել նաև հայկական տրանզիտի հնարավորությունից, թերևս՝ գազաէներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման և դրանով Ադրբեջանից իր կախվածությունը որոշակիորեն թուլացնելու նպատակով:
Ամեն դեպքում Թեհրանում գազի տարանցման հայ-իրանական գործարքի հնարավոր ստորագրումը, նույնիսկ եթե այդ գործարքը փորձնական է, տարածաշրջանային մակարդակով հսկայական տնտեսա-քաղաքական նշանակություն է ունենալու: Նախ՝ դա կնպաստի բյուջետային հավելյալ մուտքերի ավելացմանը, ինչը ներկայիս սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակում նշանակալի է: Երկրորդ՝ դրանով կճեղքվի թուրք-ադրբեջանական շրջափակումը և էականորեն կմեծանա Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը: Երրորդ՝ ավելի են սերտանում հարաբերությունները Իրանի և Վրաստանի հետ: Եթե նկատի ունենանք նաև էլեկտրաէներգետիկ ցանցերը միացնելու այս երեք երկրների (նաև Ռուսաստանի) անցած տարվա համատեղ նախաձեռնությունը, ապա ակնհայտ է դառնում, որ ձևավորվում է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցք, որով Հայաստանը դառնում է տարածաշրջանային այսպես կոչված այլընտրանքային պրոյեկտների խաղացող:
Պետք է ուշադրություն դարձնել մի կարևոր դետալի: Իրան-Հայաստան գազատարը պատկանում է ռուսական «Գազպրոմ»-ին, հետևաբարր իրանական գազի դեպի Վրաստան տարանցման գործարքը կայանում է Մոսկվայի քաղաքական համաձայնության պայմաններում: Առանց դրա նման բան ուղղակի տեղի ունենալ չէր կարող: Եվ չի բացառվում, որ այս շաբաթ «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի՝ Հաայաստան կատարած այցը հետապնդում էր նաև իրանական գազի տարանցման և դրանում իր ղեկավարած ընկերության ներգրավվածության խնդրի շրջանակներում «հետախոզում» կատարելու նպատակ:
Սա թույլ է տալիս եզրակացնելու, որ Երևանին, այնուամենայնիվ, անցած ամիսներին հաջողվել է համոզել Մոսկվային իրանական գազի արտահանման հայաստանյան տրանզիտային ճանապարհի գործարկումը խափանելու, տորպեդահարելու փոխարեն դառնալ դրա անմիջական մասնակիցը: Ի վերջո ավելի լավ է գոնե նման կերպ մասնակցություն ունենալ իրանական գազի՝ միջազգային շուկաներ տարանցման գործընթացում և հսկել այդ պրոցեսը, քան կողքից հետևել, թե ինչպես է Իրանը եվրոպական շուկաներ դուրս գալիս Թուրքիայի կամ Ադրբեջանի միջոցով՝ միանալով մեծ թափով կառուցվող TANAP նախագծին:
Այս իմաստով Վրաստան գազի տարանցմանը Ռուսաստանի համաձայնելը կարող է դառնալ կարևոր մեկնակետ՝ հետագայում «Գազպրոմ»-ի առանցքային դերակատարմամբ Հայաստանն ընդհանրապես դեպի եվրոպական շուկաներ իրանական գազի արտահանման տրանզիտային երկիր դարձնելու առումով: Ճիշտ է՝ սա մեծապես կախված է լինելու նրանից, թե որքանով է իրատեսական ռուս-թուրքական «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը, որի շուրջ նոր համաձայնությունները Մոսկվան և Անկարան ձեռք բերեցին հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Անկարա կատարած այցի ընթացքում: Բայց և այնպես, կարևորը տրամադրությունների փոփոխությունն է, որը կարծես թե արձանագրվում է իրանական գազի Հայաստանի տարածքով Վրաստան արտահանման այս գործարքով:
Գևորգ Դարբինյան