կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-25 13:35
Տարածաշրջան

Վրացի արմատականները խոստանում են խափանել ԼԳԲՏ երթը

Վրացի արմատականները խոստանում են խափանել ԼԳԲՏ երթը

Վրաստանում մի շարք աջ և ծայրահեղ աջ շարժումներ հայտարարել են Թբիլիսիում «Արժանապատվության երթի» դեմ հակագործողություն իրականացնելու մասին: Ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների երթը նախատեսվում է անցկացնել հուլիսի 5-ին Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում: Աջ ակտիվիստները նույնպես մտադիր են այնտեղ հավաքվել:

ԼԳԲՏ հանրահավաքը խափանելու ծրագրերի մասին համատեղ հայտարարություն են արել Alt-Info-ի, «Վրացական երթի», Լևան Վասաձեի ERI կուսակցության և այլոց ներկայացուցիչները: Նրանք խոստանում են մեծ թվով համակիրների հավաքել Ռուսթավելի պողոտայում և չեն թաքցնում, որ կարող են կիրառել պայքարի բռնի մեթոդներ:

«Մենք հայտարարում ենք ընդհանուր մոբիլիզացիա: Մենք կգրավենք Ռուսթավելիի ամբողջ պողոտան՝. Ռուսթավելիի հուշարձանից մինչև Ազատության հրապարակ, չի լինի մի տեղ, որը մենք չենք վերահսկի: Եվ չի լինի երթ՝ այլասերվածություն թույլատրելու համար: Թող հաշվի առնեն՝ ինչպես պետությունը, այնպես էլ այս կազմակերպությունը, անցյալի փորձը, գլուխները միացնեն ու հասկանան, որ Վրաստանում՝ Թբիլիսիի կենտրոնական պողոտայում, պղծության շքերթ տեղի չի ունենա: Եվ որքան շատ նրանք համառեն, այնքան վատ կլինի արդյունքը»,- ասել է Alt-Info-ի անդամ Զուրաբ Մախարաձեն:

Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերում ստատուսներ են հայտնվել, որոնցում ոմանք արմատականներին խորհուրդ են տալիս իրենց հետ վերցնել քարեր, պարսատիկներ և ճայթռուկներ, սաղավարտներ, դիմակներ և շնչառական սարքեր ու այլ հագուստներ, որոնք կարող են պաշտպանել ռետինե գնդակներից:

ԼԳԲՏ համայնքին սատարող գործողությունների կազմակերպիչները, սակայն, մտադիր չեն առայժմ հրաժարվել իրենց ծրագրերից, որոնք նախատեսում են իրականացնել հուլիսի 1-ից 5-ը և ավարտել երթով: Ըստ նրանց՝ եթե արմատական խմբավորումները բռնություն գործադրեն, ապա ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իրավապահ մարմինների ու պետության վրա:

«Դրանք ֆաշիստական բռնի խմբեր են, որոնք կազմակերպվում են ինչ-որ մեկի կողմից: Սակայն մենք նրանց հետ անմիջական կապ չունենք, մենք խոսում ենք պետության հետ: Ներքին գործերի նախարարությունը և Պետական անվտանգության ծառայությունը պետք է պատասխան տան այդ մարդկանց սպառնալիքներին և բռնություններին: Մենք չենք կարող դիմակայել ֆաշիստական խմբավորումներին, որոնք բռնություն գործադրելու նպատակ ունեն», - ասել է Թբիլիսում այդ համայնքի ղեկավարներից մեկը։