Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 21-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ ցույց, որի ընթացքում ստեփանակերտցիները վանկարկում էին «Արայի՛կ, հեռացի՛ր» և «Արայի՛կ, դավաճա՛ն»:
Ստեփանակերտցիների համբերության բաժակը լցվեց այն բանից հետո, երբ Արայիկ Հարությունյանը, հայտնի շինարար Արման Հակոբջանյանի ուղեկցությամբ, հունիսի 20-ի երեկոյան այցելեց ՔՊ նախընտրական շտաբ, իսկ հունիսի 21-ի առավոտյան շնորհավորական ուղերձ հղեց դավաճան Նիկոլին:
Հավաքի ընթացքում պատրաստված՝ «հեռացիր» գրությամբ թռուցիկները մասնակիցները ցանկացան փակցնել նախագահական շենքի դռանը, որը հանդիպեց ոստիկանական ուժերի հակազդեցությանը: Ներկաները ամոթանք տվեցին ոստիկաններին՝ ասելով՝․«Դուք զոհված հարազատ չունե՞ք»:
Փոքր քաշքշուկից հետո ԱՀ նախագահական շենքի մոտ իջան ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և ԱՀ ոստիկանապետ Արտեմ Հարությունյանը:
Արտակ Բեգլարյանը ցանկացավ խոսել ցույցի մասնակիցների հետ, նրան տրամադրվեց բարձրախոս, սակայն նրա ձայնը խլացավ «Դավաճան, դավաճան» վանկարկումներից:
Ցուցարարները տեղեկացան, որ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում չէ: Նրանք պետնախարարից պահանջեցին կապ հաստատել Ա. Հարությունյանի հետ և ներկայացնել ցուցարարների պահանջը Արայիկ Հարությունյանի անհապաղ վերադառնալու և հրաժարական ներկայացնելու վերաբերյալ: Դրա համար Արտակ Բեգլարյանին տրվեց 15 րոպե ժամանակ: Պետնախարարը հավաստիացրեց, որ Ա. Հարությունյանը վաղը վերադառնալու է Ստեփանակերտ:
Ցույցի մասնակիցներն արձանագրեցին առաջին հաջողությունը՝ Արայիկ Հարությունյանը, կիսատ թողնելով երևանյան այցը, վերադառնալու է Արցախ:
Նրա հրաժարականի պահանջով հավաքը կշարունակվի հունիսի 22-ին ժամը՝ 19:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: