կարևոր
35260 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-27 18:58
Մշակույթ

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ի նպաստ մշակութային կյանքի զարգացման

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ի նպաստ մշակութային կյանքի զարգացման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ»  ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր Հայաստանում մշակութային կյանքի ու կազմակերպությունների զարգացման, արտերկրում հայկական ժամանակակից արվեստի ներկայացման ու հանրահռչակման նպատակով։

ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, իսկ «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից՝ ընկերության լիազորված անձ Վախթանգ Աբրահամյանը, որն ի պաշտոնե նաև «Ֆաստեքս» ընկերության գործադիր տնօրենն է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով պետություն-մասնավոր հատված համագործակցության առաջնահերթությունն արվեստի տարբեր ճյուղերի զարգացման, հանրահռչակման և ստեղծարար տնտեսության խրախուսման տեսանկյունից: Ըստ փոխնախարարի՝ սա լավ հնարավորություն է երիտասարդների և պատանիների ներգրավմամբ խթանելու կրթամշակութային ծրագրերը, նոր հմտությունների ու կարողությունների ձեռքբերումը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում մեզ համար կարևոր է նաև երիտասարդների շրջանում խրախուսել նորարարական գործիքակազմերի կիրառումը մշակույթում, ինչը նոր ճանապարհ է բացում նրանց համար դեպի ժամանակակից արվեստ»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Հուշագրի շրջանակում ընկերությունը ֆինանսական և հայեցակարգային աջակցություն կցուցաբերի արտերկրում անցկացվող միջազգային ցուցահանդեսներին (երաժշտարվեստի, թատերարվեստի, գրքի) և բիենալեներին Հայաստանի մասնակցությանը, մասնավորապես՝ Վենետիկի, Մալթայի, Լառնակայի, Լոնդոնի բիենալեներին, Պրահայի թատերական ձևավորման քվադրինալեին, Womex երաժշտարվեստի բիենալեին, գրքի ցուցահանդես-տոնավաճառներին և այլն։

Միաժամանակ, ընկերությունը հնարավորինս կապահովի վերոնշյալ ցուցադրություններում նախարարության կողմից ձևավորվող հայկական տաղավարներում նորարարական տեխնոլոգիաների կիրառումն ու ներկայացումը:

Իր հերթին ԿԳՄՍ նախարարությունը կաջակցի «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ընկերության կողմից նախաձեռնվող մշակութային ծրագրերի իրականացմանը՝ սահմանված պայմաններով տրամադրելով իր ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների դահլիճները և/կամ ստեղծագործական կոլեկտիվները,  ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվություն՝ համատեղ իրականացվող նախագծերի ընթացքի վերաբերյալ և այլն:

Նշենք, որ «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ընկերությունն իրականացնում է մշակութային ծրագրեր ու նախագծեր, որոնց նպատակն է Հայաստանի ստեղծարար տնտեսության խթանումը, այդ թվում՝ անհատ արվեստագետների աջակցումը, ստեղծագործական և մշակութային հաստատությունների ենթակառուցվածքների զարգացումը, նորարարության և ժամանակակից տեխնոլոգիաների անհրաժեշտ գործիքակազմերի հասանելիության ապահովումը, ֆինանսական աջակցության միջոցների հասանելիությունը։