|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կարևորելով ռազմաբժշկական ծառայության բնագավառում գիտական, հետազոտական ու կրթագիտական ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության համալրումը մասնագիտական և գործնական բարձր պատրաստվածությամբ մասնագետներով՝ նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր:
Վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կնպաստի ԵՊԲՀ կլինիկական ամբիոնների և ռազմաբժշկական հաստատությունների առկա հնարավորությունների և փորձի համատեղ կիրառմանն ու ամրապնդմանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ու պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծել են, որ այսկերպ օրենսդրական հիմք են ստանում մի շարք կարևոր դրույթներ: Մասնավորապես՝ այսուհետ ընթացք կտրվի ռազմաբժշկական հաստատություններում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացին: Բացի այդ, ռազմաբժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետները կներգրավվեն ԵՊԲՀ կրթական, գիտական և կլինիկական գործունեությանը:
Հուշագրի համաձայն՝ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները համարվում են բժշկական համալսարանի կրթական ծրագրերի շրջանակներում կլինիկական առարկաների յուրացման, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերման բազաներ: