կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-17 08:27
Քաղաքական

Ո՞ւմ ընտրել հունիսի 20֊ին. իրավիճակ և հետևություններ

Ո՞ւմ ընտրել հունիսի 20֊ին. իրավիճակ և հետևություններ
Բժիշկ Զաքար Խոջաբաղյանը գրում է․

«Քանի որ շատերն են անձնական նամակով խորհուրդ հարցնում՝ թե ում ընտրել առաջիկա ընտրություններին, որպեսզի առանձին առանձին չպատասխանեմ, որոշեցի էսպես ընդհանուր գրել։
 
Նախ, ինքս դեմ էի էս ընտրություններին, եւ հիմա էլ այն կարծիքին եմ, որ Նիկոլ Փաշինյանը խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո պարզապես չպիտի զբաղեցներ երկրի ղեկավարի աթոռը, իսկ նրա թամադայությամբ ընտրությունները (անկախ ելքից), ինչ-որ չափով արդեն իսկ լեգիտիմացնում են նրա արածը։ Բայց քանի որ հանրությունը բավարար գիտակցություն չունեցավ՝ թեկուզ փողոցով նրան հեռացնելու, ապա ներքին արյունահեղությունը կանխելու (փոքր հավանականությամբ, քանի որ արյունարբու սրիկան իր իշխանությունը պահելու համար ամեն ինչի է պատրաստ) և միևնույն ժամանակ լեգիտիմ իշխանություն ձևավորելու տարբերակը մնում է ընտրությունների ճանապարհով կապիտուլյանտին հեռացնելը։
 
Դա իրագործելու համար առաջին պայմանն է նրան չընտրելը։
 
Չպետք է ընտրել նաև նրա սատելիտ հանդիսացող և նույն պարտվողական օրակարգը սպասարկող մի շարք այլ կուսակցությունների և դաշինքների՝ ինչպիսիք են ՀԱԿ-ը, Արամ Զ․ Սարգսյանը, ՔՈ-ն, Բաբաջանյան-Շիրինյան դաշինքը և այլն։
Իսկ հիմա այն մասին՝ թե ում ընտրել։
 
Էստեղ կարևոր է տարբերել առաջնային խնդիրներն ու հարցերը՝ երկրորդականից։ Մուրճը ձեռքին երկրով մեկ շրջող սրիկան առավոտից իրիկուն խոսում է ասֆալտին փռելուց, վենդենտաներից, ունեցվածք խլելուց և այլ՝ տասներորդական հարցերից՝ գիտակցաբար և սրիկայաբար շրջանցելով հիմնական խնդիրը։ Իսկ հիմնական խնդիրը Արցախի 75 %-ի կորուստն է, և թուրքական ուժերի ներխուժումն Հայկական տարածք։
 
Ունենք հետևյալ իրականությունը, որին անմիջականորեն բախվելու է իշխանության եկող ցանկացած ուժ․
1․ Արցախի 75%-ի կորուստ,
2․ Թուրքական ներկայություն Հայաստանի սահմաններից ներս,
3․ Ռուսական զորքը Հայաստանում։
Իշխանության եկող ցանկացած ուժ (եւ մեր ժողովուրդն ընդհանրապես) ուզի, թե չուզի՝ պետք է ընդունի այս իրականությունը, եւ պատասխանի հարցերի հարցին՝ արդյո՞ք նա հաշտ է այս իրավիճակին։ Հարցին դրական պատասխան տվողը ավտոմատ կերպով դառնում է շան տղա։ Իսկ բացասական պատասխանի դեպքում՝ պետք է առաջարկվի լուծում։
 
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Արցախի կորուստը շտկելու համար։ Պատերազմ կամ բանակցություն (ժամանակ շահելու համար)։ Երկու դեպքում էլ առաջ է գալիս հաջորդ տրամաբանական հարցը՝ ու՞մ «քավորությամբ»։ Բարոյալքված բանակի, վնասված տեխնիկայի, պառակտված ու թմբիրում գտնվող հանրության պայմաններում պատերազմի դրական ելքն այս պահին երաշխավորված չէ։ Հետևաբար ամենառացիոնալ տարբերակը մնում է բանակցությամբ ժամանակ շահելը (այդ թվում՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում)։ Իսկ էստեղ անմիջապես ի հայտ է գալիս ռուսական գործոնը։
 
Բոլոր այն ուժերը, որոնք պնդում են, որ պետք է ռուսական զորքը դուրս բերել Հայաստանից, պարտավոր են 200%-ոց երաշխիքներ տալ, որ նախ կկարողանան դիմակայել ռուսական ճնշմանը, և երկրորդ՝ կկարողանան դիմակայել թուրքական հարձակմանը։ Այն, որ Ռուսաստանն հենց այնպես դուրս չի գա իր համար կենսական նշանակություն ունեցող այս տարածքից՝ պարզ է բոլորին, բացի կատարյալ տգետներից։ Իսկ որևէ ուժ, որն ակնկալում է Ռուսաստանին հակակշռող այլ երկրի աջակցություն, առնվազն պետք է 100%-ոց երաշխիք տալ, որ պայմանական Իրանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ այլ երկիր՝ կմտնի ուղիղ պատերազմի մեջ Ռուսաստանի հետ՝ հանուն Հայաստանում իր ազդեցության հաստատման։
 
Արցախյան վերջին պատերազմը, դրան հաջորդող ամիսները և ընդհանրապես մեր պատմության վերջին 100 տարին փաստում են, որ բացի կենացներից ու հերթապահ հայտարարություններից, որևէ երկիր չի գնա Ռուսաստանի դեմ ուղիղ պատերազմի։ Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե Հայաստանն ի վիճակի է հիմա նման արկածախնդրության, ընդամենը պետք է մի փոքր հետ գնան և ուսումնասիրեն Վրաստանի և Ուկրաինայի օրինակը։ Թե ինչով ավարտվեց ռուս-վրացական պատերազմը՝ շատերը հիշում են, իսկ Ուկրաինայի հետ խնդիրները դեռ մեր աչքի առաջ են։ Եւ չնայած նրանց ընտրած հստակ վեկտորին, էդպես էլ որևէ այլ պետություն ուղիղ կերպով չմասնակցեց տեղի ունեցող պատերազմական գործողություններին, այլ միջնորդավորված՝ ուրիշի ձեռքով շագանակներ հանելու իրենց հին պրակտիկան են շարունակում։ Թե՛ Վրաստանը, թե՛ Ուկրաինան ունեցան տարածքային զգալի կորուստներ այդ ամենից։ Վրաստանն ամբողջությամբ գրավված է թուրքական կապիտալով, իսկ Ուկրաինան այդ ճանապարհին է։ Մեզ այդպիսի ճակատագիր են խոստանում նաև ներկայիս իշխանությունները՝ խոսելով թուրքական հսկայածավալ ներդրումնների մասին։
 
Չհավատաք տեղական բախտախնդիրների այն աճպարարություններին, թե իրենք Ռուսաստանի հետ են։ Տարիներ շարունակ հակառուսական ցույցերի ակտիվ մասնակիցներից բաղկացած տգետ բախտախնդիրների այս իշխանությունը իր անմիջական քավոր ԼՏՊ-ի հետ, զբաղված է ռուսների հետ լավ հարաբերություններ ցուցադրելու իմիտացիայով՝ զուգահեռաբար խայտառակ պայմանավորվածություններով թշնամու հետ սահմանային միջադեպեր հրահրելով, որի միակ նպատակը հանրության շրջանում հակառուսական տրամադրությունների գրգրռումն է, ինչը, անկեղծ պիտի խոստովանենք, ընդհանուր առմամբ հաջողել են։
 
Հետևաբար, Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները բացառապես գեոպոլիտիկ վեկտորի ընտրության, ավելի ճիշտ՝ դրա փոփոխության փորձերի հետևանք են։ Դա է վկայում նաև հեղափոխության ճարտարապետներից ԼՏՊ-ի հայտնի կոդավորված պլանը, որտեղ ընդգծում է՝ "Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ" արտահայտությունը։ Ի դեպ, հիմնավոր կասկածներ ունեմ, որ Նիկոլի փոխարեն նախապես ընտրվել էր Արամն Զ․ Սարգսյանը՝ իրագործելու համար այդ ծրագիրը։ Եթե հիշում եք, ԼՏՊ-ի կոդավորված պլանում "քայլողը" պետք է գար Դավալուից, որը Արամ Զ․ Սարգսյանի գյուղն է։ Հետագայում, ինչ-ինչ պատճառներով, հավանաբար, փոխվել է ծրագրի կատարածուն, և ԵԼՔ դաշինքի ղեկավարներից ընտրվել է Նիկոլը։
 
Այսպիսով, առաջիկա ընտրություններն իրականում հենց Գեոպոլիտիկ վեկտորի ընտրություններ են, իսկ մյուս թեմաները՝ բուն խնդիրը լղոզելուն միտված մանիպուլյացիաներ։
 
Մեր հանրությունը հիմա պետք է հստակ գիտակցի սա։ Նաև գիտակցի, թե արդյո՞ք բավարար ուժ ունի պատերազմ հայտարարելու Ռուսաստանին՝ ստիպելով նրան հանել իր զորքը։ Կրկնում եմ, Ռուսաստանը հենց այնպես դուրս չի գա։ Իսկ ռուսական զորքի դուրս բերումն ուղիղ կերպով ենթադրում է թուրքական զորքի հարձակում, որը կանգնեցնելու համար չկան որևէ այլ երաշխիքներ, բացի ռուսական զորքի ներկայությունից և Էրդողանի հնարավոր խղճահարությունից։ Այն, որ ադրբեջանաթուրքական միավորը խնդիր ուներ Արցախից զատ գրավել նաև Սյունիքը, Տավուշը և Սեւանի աջ ափը, կարող եք համոզվել անգամ մեր ձեռքին հայտնված մի շարք քարտեզներից, որոնք առգրավվել էին ադրբեջանաթուրքական զինվորներից և հրապարակվել ՄԻՊ-ի կողմից։ Իսկ դրանց անծանոթ մարդիկ, կարող են պարզապես այցելել Սյունիքի, Վարդենիսի սահման և կամ լսել Ալիևի ու Էրդողանի հայտարարությունները։ Բավարար ուղեղ ունեցողներին պարզ կդառնա նրանց պլանները։
Բոլոր այն ուժերը և նրանց հետևորդները, որոնք առանց հստակ երաշխիքների կենացներ են ասում ռուսական զորքը Հայաստանից դուրս բերելու մասին, կամ արևմտյան գործակալներ են, կամ քաղաքականապես տհաս բախտախնդիրներ, որոնք պարզապես չեն պատկերացնում իրենց արածի ու ասածների հետևանքները և դրանց լրջությունը։ Իսկ մինչ այսօր, ես դեռ չեմ հանդիպել գեթ մեկ հիմնավոր փաստարկի, որ ինչ-որ երկիր պատրաստ է պատերազմ հայտարարել Ռուսաստանին։
 
Հետևաբար, դառնանք սկզբին, մենք ունենք մի իրականություն, որի հետ կբախվի իշխանության եկող ցանկացած ուժ, և որը պետք է հստակ գիտակցի ժողովուրդը։ Այսինքն գեոպոլիտիկ վեկտորի ընտրությունն արդեն իսկ պարտադրված է։ Այս պայմաններում մնում է մի տարբերակ՝ իշխանության բերել այն ուժին, որը կկարողանա առավելագույնը պոկել հօգուտ Հայաստանի՝ միևնույն ժամանակ չնվաստանալով, չստորանալով, դեռ մի բան էլ՝ հանդես գալով հավասարը հավասարի դիրքերից։ Միևնույն ժամանակ՝ այդ ուժը պետք է ունենա բավարար ռեսուրսներ՝ Սփյուռքի կառույցների ակտիվացման, համակարգման, համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև՝ Երկրի տնտեսական ու ռազմական այս ծանր վիճակը շտկելու բավարար գիտելիքներ և փորձ։
 
Ավելորդ եմ համարում ընդգծել, որ գործող իշխանությունը չունի դրանցից և որևէ մեկը, և իր խղճուկ գոյությունը փորձում է պահպանել՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման և ի վնաս Հայաստանի զիջումներ կորզելու գնով։ Ամեն կերպ ձախողված այս աղետաբեր խունտան օր առաջ պետք է հեռացվի իշխանությունից, և հնարավոր քաղաքացիական բախումները կանխելու թերևս միակ միջոցը մնում է, որ նա խայտառակ պարտություն կրի՝ չհավաքելով ձայների անցողիկ շեմը։
 
Այսպիսով, ընտրության գնացողները (իսկ որ գնալ և միանշանակ այս թշվառ անհաջողակների խունտային մերժել է պետք՝ նույնիսկ քննարկման հարց չէ), պետք է իրենց աչքի առաջ ունենան այս պատկերը, հստակ գիտակցեն իրական օրակարգը և ընտրեն այն ուժին, որն ի վիճակի է լուծել առաջնային խնդիրները։
 
Այն է․
1․ Ուժ ունենա մերժելու Արցախի հետ տեղի ունեցածն ու կապիտուլյացիոն գործընթացը՝ միևնույն ժամանակ վստահ լինելով, որ իր անձնական կապերի և այլ հնարավոր միջոցներով կկարողանա կանխել թշնամու նոր գրոհը (մինչև բավարար չափով կապաքինվենք)։
2․ Կկարողանա դուրս վռնդել թուրք-ադրբեջանական սահմանախախտ զորքերին՝ մինչև, առնվազն, նեյտրալ բուֆերային զոնա։
3․ Իր անձնական կապերի, հմտությունների, փորձի և այլ որակների շնորհիվ կկարողանա Ռուսաստանից հօգուտ Հայաստանի պոկել առավելագույնը՝ միևնույն ժամանակ զարգացնելով հարաբերությունները Արևմուտքի, Իրանի, Չինաստանի և այլ երկրների հետ։
Ո՞ր ուժն է ի վիճակի դա անել․ կարծում եմ, որ այսքանը հասկացողը՝ դա էլ կհասկանա․․․
Նորից ընդգծում եմ, ընտրության գնալիս հիշեք, որ ձեր ընտրած թեկնածուն պետք է ի վիճակի լինի լուծել նշածս երեք առաջնային և հիմնական խնդիրները։ Էստեղ դուք չեք ընտրելու նախկին-ներկա, սև-սպիտակ, ասֆալտ կամ վենդենտա, դուք ընտրելու եք բացառապես Հայաստանի Անվտանգության օրհասական խնդիրները լուծելու ունակ ուժ, դուք քվեարկելու եք հանուն Հայաստանի։ Հակառակ դեպքում՝ կունենանք այս նույն պատկերը, եթե ոչ՝ ավելի վատը․․․
 
Էսքանը։ Հուսամ, որ հնարավորինս պարզ արտահայտվեցի»։