կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-04 14:06
Քաղաքական

Լուրջ հետեւություններ պետք է անենք. Աղվան Վարդանյանն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Լուրջ հետեւություններ պետք է անենք. Աղվան Վարդանյանն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ամփոփեց ՏԻՄ ընտրությունները: Նրա խոսքով՝ այս ՏԻՄ ընտրությունները որակապես տարբերվել են նախորդներից՝ իրենց քաղաքակացված լինելով, մրցակցության բարձր աստիճանով, ինչը դրական է գնահատվում:

«Կարծես թե ճնշումների ու մեծ թվով ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չկային, դա էլ հուսադրող է»,- ասաց Վարդանյանը:

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, նա նշեց, որ ՀՅԴ-ն չի ունեցել որևէ համայնքապետ, որը գործող էր և չի վերընտրվել: 2-3 դեպք կա, որը վերաբերում է միավորված համայնքներին, օրինակ` Շիրակի մարզում, որտեղ 10-11 համայնք միավորվել են, այնտեղ մի փոքր համայնքում ՀՅԴ-ն ունեցել է համայնքապետ, ով չի վերընտրվել: Եղել են համայնքներ, որտեղ ՀՅԴ պաշտպանած թեկնածուները հաղթել են 17-20 տարվա գյուղապետերին` Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում և Կոտայքի մարզի Զովունի գյուղում:

Ինչ վերաբերում է Գյումրիի ու Վանաձորի ընտրություններին, Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ-ն բավարարված չէ արդյունքներով: Եթե Վանաձորում ՀՅԴ-ն կարողացավ հաղթահարել 6,4 տոկոսի շեմը, որը, ըստ Վարդանյանի, դարձյալ ցածր արդյունք է, ապա Գյումրիում ՀՅԴ-ն նույնիսկ այդ շեմը չհաղթահարեց: «Բնականաբար, Վանաձորի ու Գյումրիի արդյունքներից դժգոհ ենք»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ արդյունքներ էին ակնկալում, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ Գյումրիում ՀՅԴ թիմը բավական ակտիվ է աշխատել, թեկնածուների ցուցակը եղել է բավական ներկայանալի: Այսպես՝ ցուցակը գլխավորողը բժիշկ Աշոտ Կուրղինյանն էր, ով իր տեսակով ու մտածողությամբ շատ ակտիվ թեկնածու էր, երկրորդ համարը Գյումրիում հայտնի ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանն էր, որին ճանաչում են որպես լուրջ գիտնական և հեղինակություն ունեցող մարդ, երրորդ համարը Արաքսյա Մարգարյանն էր, ով արվեստաբան է, դասախոս, գիտությունների թեկնածու, այսինքն` ՀՅԴ-ն փորձել է ներկայանալ նոր դեմքերով և որոշակիորեն տարբերվող թեկնածուներով` նկատի ունենալով Գյումրու որոշակի պառակտվածությունը տարբեր խմբերի ու թաղային հեղինակությունների միջև:

«Ցավոք, այս մեխանիզմը կարծես թե չաշխատեց, ես վստահ էի, որ Գյումրիում մենք նվազագույնը 10 տոկոս ձայն կհավաքենք, բայց եկեք այստեղ էլ անկեղծ լինենք մինչև վերջ. եթե մենք նայում ենք ՏԻՄ ընտրությունները և առաջին անգամ անցկացվող համամասնական կուսակցական ցուցակներով ընտրությունները, տեսնում ենք, թե ինչ խառնուրդ է առաջանում՝ դեռ մինչև վերջ քաղաքականացված չէ, և դեռ էական նշանակություն ու ազդեցություն ունեն տեղական թաղային հեղինակությունների, տարբեր խմբավորումների շահերը: Քվեարկություններն էլ դրանցով են առաջնորդվում: Այստեղ մենք մտածելու, վերլուծելու լուրջ խնդիր ունենք: Ես արդեն հանձնարարել եմ մեր տեղական կառույցների պատասխանատուներին, որ ամբողջական վերլուծություն ներկայացնեն թե\' Վանաձորի, թե\' Գյումրիի համար, համաչա՞փ են, արդյոք, բաշխվել մեր ձայները, թե՞ կան տարբերություններ: Լուրջ հետևություններ պետք է անենք»,- ասաց Աղվան Վարդանյանը: