կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-15 14:40
Մշակույթ

Ինչպես էին աղջիկներին ամուսնացնում Ադափազարըում և Բահչեջիքում

Ինչպես էին աղջիկներին ամուսնացնում Ադափազարըում և Բահչեջիքում

Հասմիկ Սերոբյան Ջինգյոզ

Այսօր հստակ հայտնի չէ, թե Սաքարիայի և Իզմիթի (Նիկոմեդիա-Ակունքի խմբ) շրջակայքում ապրած Բահչեջիքի և Ադափազարըի բնակիչները որտեղից են եկել և բնակություն հաստատել այդ վայրերում։ Պատմում են, թե Սվասի (Սեբաստիա-Ակունքի խմբ) շրջակայքից մի խումբ մարդիկ հաստատվել են Ադափազարըում, որոնք այդ ժամանակվա Թուրքիայի բնակիչներից ավելի բարձր կենասամակարդակ ունեին։ Ենթադրվում է, որ Բահչեջիքում հաստատվածները եկել են Արևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստան-Ակունք խմբ) Դիարբեքիրի շրջանից։ Այնտեղ նրանց մտավոր մակարդակը բարձր է եղել մինչև իսկ երիտասարդ տարիքում կարողացել են այնպիսի քայլեր անել, որոնք այսօր համարվում են ոչ սովորական։ Հայտնի է, որ ադափազարըցիները ութ հոգանոց երգչախմբեր էին կազմում և համերգներ տալիս, իսկ բահչեջիքցիները փոքր տարածք ունեցող և թատրոն ու լսարան կոչվող համերգասրահներ ունեին։

Կին-տղամարդ հարաբերությունները 1900-ական թթ հետո սկսել են ստանալ ներկայիս տեսքը։ Պատմում են, որ Բահչեջիքի Թզուկ անտառ կոչվող այգում երիտասարդները գաղտնի հանդիպում էին, և երբ Ադափազարըի աղջիկները այցելում էին Բահչեջիք, իրենց տեսածների մասին պատմում էին իրենց գյուղերում հայտնի է, որ այդ այգին էլ անվանել էին Սիրո անտառ։

Հոդվածում կփորձենք ներկայացնել Ադափազարըում և Բահչեջիքում կազմակերպված «հարսանեկան տոնախմբությունները»՝ հիմնվելով այն տեղեկությունների վրա, որ կարողացել ենք հավաքել։

Հարսանիքի օրը որոշվում է աղջկա և տղայի ընտանիքների կողմից։ Այդ օրը պետք է լինի կիրակի։ Հարսանիքը սկսվում է ուրբաթ երեկոյան։ Ուրբաթ երեկոն հայտնի է որպես «հինայի գիշեր»։ Աղջկա կողմից միայն կանայք են հավաքվում։  Հարսի ընկերները խաղում են շրջանում տարածված խաղերը, երգեր են երգում, հատկապես աղջկան ասում են, որ տանից հեռանում է, ամեն բան անում են, որ նա արտասվի և երգում են հետևյալ քառատողը․

Աոին դրին վարի տունը

Լցին վրան վարդին ջուրը

Ֆէրմանէին դէրսդին հագնիմ

Հարս առնողին շէմը քաքնիմ։

Աղջկա փոխարեն նրա ընկերները այդ քառատողին հետևյալ կերպ են պատասխանում․

Ես չեմ ուզեր վարի տունը

Կ՛ուզեմ հօրս տունը։

Երգերից մի քանիսը այսպիսին են

Գինովները վեր ելան

Տեստին պուտ մը ջուր չկայ

Հարս ըլլողին

Հալը հարցնող մը չկայ․․․․

+++

Ալ չախին տակը պայիր

Աղջիկդ ինծի տայիր

Հէյ կիտի տօմպայ տօնպայ

Հէյ կիտի գօմէշ գօմէշ

+++

Այս ինչ բարսըկէք լեռ է

Ջուրը հիւանդի դեղ է

Սիրածը սիրածին չեն տար

Ասինչ անօրէն գեղ է․․․

+++

Աղաւնիին շալը

Շալվարին աղը

Կանչեցէք աղջիկներ վրայի խաղը

Եանտըմ Աղաւնի ըրէզիլ եղար

Օրդան մնացիր

Աղաւնի պօխչադ առիր

Ելար ու՞ր գացիր

Միւսիւ տօքթօրին հետ պսակուիլ գացիր

Եանտըմ աղաւնի ըրեզիլ եղար

Օրդան մնացիր․․․

Շաբաթ երեկոյան դարձյալ հավաքվում են աղջկա տանը։ Այս անգամ փեսան գալիս է կնքահոր և երգիչների հետ, աղջկա ծնողները դռան շեմին երաժիշտների ուղեկցությամբ դիմավորում են սկեսուրին ու սկեսրայրին։  Տոնախմբությունը այսպես է սկսվում․ սեղանի շուրջ հավաքվում են երաժիշտները, նստում մի պղնձե սկուտեղի մոտ և սկսում նվագել։ Խմիչքն է հորդում, ժամանակն անցնում է, մթնոլորտը՝ թեժանում, սկսում են բանաստեղծություններ արտասանել։ Երաժիշտների և հասուն կանանց ուղեկցությամբ երիտասարդ տղաները իրենց հավանած աղջիկներին աչքով են անում և ստիպում պարել։ Պարի ընթացքում ոգևորված երիտասարդները աղջիկների ճակատներին դրամ են կպցնում, որի մասին երաժիշտները երգում են հետևյալ երգի տունը․

Հո՜, ուղարկի՛ր, գումարն ուղարկի՛ր,

Հո՜, ուղարկի՛ր, մեջդիյեն նետի՛ր։

Երկտողն ազդեցիկ է լինում․ աղջիկները գումարը հավաքում և նետում են պղնձե սկուտեղի մեջ։

Պարերի առանձնահատկությունները․ տղաներն ու աղջիկները ձեռքերը համահունչ գցում են ուսերին, մատների ծայրերը շփելով, առաջ ու հետ են տատանում, իսկ ոտքերը, մեկը մյուսին քսելով, առաջ ու հետ դնում։

Երաժշտական գործիքների մեջ դհոլը չկա, ուդի, ջութակի և զուռնայի նման գործիքներ են օգտագործվում։

Ժողովրդական երգերից մի քանիսն այսպիսին է

Լեռները գակած գակած

Նշանածս գիւրք հագած

Նշանծին տուած ոսկին

Կերտանին վրայ կախած․․․

+++

Լուսաղբիւրին ծաոեռը

Հօն թօփ կ՛ըլլան մանչեռը

Նշանածին օր տեսնին

Ծուռ կը դնին ֆէսերը․․․

+++

Պարտէզ պարտէզիս դիմաց

Քեզ տեսայ խելքս գնաց․․․

+++

Պիւլպիւլը վարդին վրայ

Խնձորը ծառին վրայ

Երկու եար կը պտտին

Աննային բաղդին վռայ

Կաթը խայմախին համար

Աղջիկը տղուն համար

Զատկին, վարի կալերը

Կ՛ ըլլայ աղջկայ պազար․․․

Հորթի պոչը կտրում են կիրակի օրը, վաղ առավոտյան փեսայի տանը սկսվում է շարժը։ Հարսանիքի հագուստը դրվում է «հալաֆ» կոչվող ասեղնագործ թավշյա կարմիր ճամպրուկի մեջ։ Երբ ամեն բան պատրաստ է լինում, սկզբում գյուղացիները և երաժիշտները, ապա՝ հալաֆը պղնձյա մի սկուտեղի մեջ իր գլխի վրա կրող երիտասարդը, փեսան, կողքին քավորն ու ամենամոտ բարեկամները բռնում են աղջկա տան ճամփան։

Աղջկա տանն էլ հարսն է իր պատրաստությունները տեսնում։ Երբ փեսայի շարասյունը հասնում է տուն, փեսայի և հարսի հագուստներն օրհնվում են գյուղի քահանայի կողմից ։ Այդ արարողությունից հետո փեսան մի առանձին սենյակում հագնվում է իր ընկերների օգնությամբ, իսկ հարսին հագցնելիս կնքամայրը կրկին հիշեցնում է, որ տանից հեռանում է և ստիպում արտասվել։

Երբ ամեն բան պատրաստ է լինում, շարասյունը գնում է դեպի եկեղեցի։ Փեսան քայլում է առջևից՝ կնքահոր ուղեկցությամբ։ կնքամայրն ու կանայք՝ ձեռքերին մոմից պատրաստված ծաղիկներ և շղարշով զարդարված մոմեր, շրջապատում են հարսին և շարժվում փեսայի հետևից։

Եկեղեցի նախ փեսան է մտնում քավորի հետ։ Հարսը քավոր կնոջ ուղեկցությամբ հետևում է նրանց։ Արարողությունից հետո գնում են փեսայի տուն։ Տուն մտնելիս դռան մոտ մատաղ են անում․ դրանով ցանկանում  են, որ ամուսնությունն անցնի բարեբերության մեջ։

Ավելի ուշ սկսվում է հարսանեկան կերուխումը։ Կրկին պարեր են ներկայացվում, ժողովրդական երգեր երգվում։ Կատակով հարսի փոխարեն փեսայի կողքին մեկ այլ աղջկա են նստեցնում։ Փեսան աղջկան գումար  է տալիս և հեռացնում իր մոտից։ Թաքնված հարսը երևան է գալիս։ Հարսը նախ տալի, ապա տեգոր կնոջ հետ է պարում։ Ավելի ուշ, միջնորդների ուղեկցությամբ, սկեսուրը համաձայնվում է պարել հարսի հետ։

Պարերի ընթացքում ներկայացվող ժողորդական երգերից մի քանիսը

Այսինչ կոճշիկ մոկշիկ է

Ելեր ինկեռ մեր դուռը

Շարէ շապիկ հագեր է

Գդան լանշիկ կապեր է․․․

Բակն արեւով լեցեր է

Մանուկ տղան տեսեր է

Մօրկանը խելքին անցեր է․․․

Օ՜․ իմ քաղցր տղա,

Հոգյակս՝ քաղց տղաս,

Երեկոյան արագ արի՛,

Քեզ ներքնակ ու վերմակ։

+++

Ձեռքիդ սազ,

Արի՛երբեմն-երբեմն

Նազ մի՛ անիր

Օ՜  իմ քաղցր տղա։

+++

Սա դիմացի նոր տունը

Մէջի տէմիրէ դուռը

Ինձ եարիսմէ զատողը

Տիլէնմիշ ըլլայ դուռը։

Անձրեւ կուգայ շաղալէն

Ուլու լեռը դողալէն

Ես եարիս մէն զատողը

Տիլէնմիշ ըլլալ դուռը։

Մինչև ուշ գիշեր շարունակվող տոնախմբությունն ավարտվում է, երբ հյուրերը և հարազատները գնում են։

Նշումներ

Այս տեղեկությունները ժողովել եմ 1900 թ․ Ադափազարըում ծնված մորական տատիկիս՝ Նվարդ Արզումանյան-Մոսկովյանի և 1895 թ․ Բահչեջիքում ծնված հորական տատիկիս՝ Տիրուհի Գոզգոզյան-Սերոբյանի հետ հարցազրույցներիս միջոցով։ Երկուսն էլ 1915 թ․ հեռացել են իրենց ծննդավայրերից։

Հոդվածը հրատարակվել է  Սուրբ խաչ դպրեվանքի միության գրադարանային մասնաճյուղի կողմից, որից հետո տատիկս որոշ մանրամասներն է հիշել, ես էլ թերթի համարի հետևում ձեռագրով երկտող եմ թողել։  Ըստ դրա, նշանադրության ընթացքը շատ հետաքրքիր է։ Աղջիկն ու տղան դեռևս իրար տեսած չեն լինում․․․ Պատահաբար ծանոթանում են, և հանդիպման ժամանակ աղջիկը ելք է փնտրում փախչելու համար։ Պատմում են, որ նշանված աղջիկներից մեկը աղբյուրից տուն ջուր բերելու ժամանակ իր նշանածին է տեսնում և փորձում թաքնվել․․․ Կրկին երկու երիտասարդի զրույցի ժամանակ ճանապարհով երկու գեղեցիկ աղջիկներ են անցնում։ Տղաներից մեկը իր ընկերոջն ասում է․ «Ո՞ր մեկին հավանեցիր», ընկերն էլ պատասխանում է, որ հավանել է կարմրաթուշ աղջկան, ընկերն էլ ասում է․ « Ա՜յ խելացի, նա է քո նշանածը»՝ իմ տատիկի մայրը՝ Եվգինեն։ Ամուսնությունը օրհնվում է եկեղեցում։

Տէրէն ջուր կը վազէ

Հարցուր նայինք ո՞ւր կ՛երթայ

Մահանա քէնին կ՛ընէ

Իր եարը տեսնել կ՛եռթայ։

+++

Սա դիմացի լեռները

Իրար եկան եարերը

Հէյ կիտի տօնպայ տօնպայ

Հէյ կիտի գօմէշ գօմէշ

+++

Սև հաւը ածեց կարգաւ

Հարս աղջիկը գիւք հագաւ

Մօրը տուած ոսկին

Կերտանին վրայ բակաւ։+++

Լուսանկարում՝ Թորոսյան և Սերոբյան ընտանիքները։ Նկարում ակնոցավոր տարեց տիկինը մորական տատիկս է՝ Նվարդը, կողքին հորական տատիկս է ՝ Տիրուհին, կանգնածը ես եմ՝ Հասմիկը, այն տիկինը, որի թևն եմ մտել, Տիրուհու մեծ քույրն է ՝ Մարիցան (կզակի վրա աքսորից մնացած ծեծի նշան կա), իսկ փոքրիկ աղջիկն էլ դեղագործ հարյուրապետ Սարգիս Թորոսյանի թոռն է ՝ Սոսին։

Լուսանկարիչը հարյուրապետի որդին է՝ Մելքոն Թորոսյանը։

https://hyetert.org/2021/04/27/adapazari-ve-bahcecikte-kiz-evlendirme/ 

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net