Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մի շարք ընտանիքներում խեղաթյուրված են ծնող-աղջիկ հարաբերությունները, եւ լինում են դեպքեր, երբ կա'մ աղջիկն է տնից հեռանում, կա'մ ծնողն ինքն է նրան տնից դուրս հանում: Այդ աղջիկների թիվը 30-ի է հասնում. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը:
Ըստ նրա` այս աղջնակները մարմնավաճառներ չեն, բայց վարքի շեղում ունեն, ինչը գալիս է ընտանիքից:
«Այս կապակցությամբ մենք Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագրում ենք ներառել մի միջոցառում. 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրում կա վերականգնողական ծառայությունների մատուցում` հատուկ վարքի շեղում ունեցող աղջիկների համար»,- ասաց Դուրյանը` հավելելով, որ հարցը շատ մտահոգիչ է, քանի որ աղջիկները, փողոցում մնալով, կարող են սեռական ոտնձգության ենթարկվել:
«Ըստ վերականգնողական ծառայությունների մատուցման ծրագրի`, պետք է լինի մի հաստատություն, որտեղ աղջիկները կկարողանան նաեւ գիշերել եւ ուսում ստանալ, որ, այնտեղից դուրս գալով, արդեն աշխատելու հնարավորություն ունենան»,- պարզաբանեց նա:
Նման կառույց ու ծառայությունների փաթեթ ունենալու համար արդեն դիմել են ԿԳՆ-ին: Ամսական տանից փախչող երեխաների 1-3 դեպք է գրանցվում, ռիսկային է համարվում 11, 12 տարեկանից բարձր տարիքը, թեեւ հանցագործություն կատարում են 14-17 տարեկանները:
Հարցին, թե անօթեւան անչափահասների թիվը որքան է Երեւանում, Դուրյանը պատասխանեց, որ եթե, անօթեւան ասելով, նկատի ունենք այն, որ երեխան գիշերելու տեղ չունի եւ գիշերում է փողոցում, ապա այս պահին մենք անօթեւան անչափահասներ չունենք:
«Ես տարիներ առաջ եմ հայտնաբերել մի երեխայի, որի ծնողը մահացել էր, եւ նա հայտնվել էր փողոցում: Նրան մենք մանկատուն տեղափոխեցինք: Փաստացի, անօթեւան երեխաներ չունենք, ունենք երեխաներ, որոնք թափառաշրջիկությամբ կամ մուրացկանությամբ են զբաղվում»,- ասաց Դուրյանը:
Ոստիկանությունը պարբերաբար կատարում է ստուգայց-շրջագայություններ եւ այդ ընթացքում հայտնաբերում անչափահասներին, որոնք կա'մ տանից են փախել, կա'մ էլ մուրացկանությամբ ենք զբաղվում: Դուրյանը տեղեկացրեց, որ իրենք աշխատանքներ են կատարում, որպեսզի կարողանան ուղղել նման անչափահասների վարքագիծը, ընտանիքի հետ նրանց հարաբերությունը կարգավորել:
Ի դեպ, վերջին տվյալներով, մուրացկանությամբ զբաղվող երեխաների թիվը 16-ն է, սակայն սա միայն հաշվառված երեխաների թիվն է. եթե երեխային տեղափոխում են վերականգնողական կենտրոն, չեն հաշվառում նրան:
«Երեխաները, որոնք մուրում են, ծնողազուրկ չեն: Ճիշտ է, հիմնական մասը միակողմանի ծնողազուրկ են, եւ նրանցից որոշներն էլ տան համար են գումար հայթայթում: Այս երեխաները մեր տեսադաշտում են` թրաֆիկինգի հատկանիշները բացառելու համար»,-ասաց Դուրյանը:
Այս կապակցությամբ փետրվարի 13-ին ստեղծվել է Երեխաների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությունը, որը, ըստ Դուրյանի, փաստում է, որ ոստիկանությունը կարեւորում է անչափահասների խնդիրը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ