Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
168.am-ը տեղեկություն ստացավ, որ «Մարտունի» բ/կ-ում ներհիվանդանոցային էպիդեմիա է բռնկվել մանկական բաժանմունքում, և 6 երեխաներ ծանր վիճակում տեղափոխվել են Երևան:
Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ մինչ բ/կ-ի տնօրենը բժիշկների հետ միասին, իշխանությունների խստագույն հրահանգով Մարտունիում մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, և ուշադիր ներկա-բացակա էր անում, հիվանդանոցում նման բան է տեղի ունենում:
168.am-ը զրուցեց «Մարտունի» բ/կ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հետ: Վերջինս չհերքեց մեր տեղեկությունը ներհիվանդանոցային էպիդեմիայի բռնկման մասին, ասաց, որ սննդային թունավորում է եղել, այս պահին մասնագետները ճշտում են, թե դա ինչի հետ է կապված: Նշեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ:
Մեր հարցին, թե երբ երեխաների հետ կապված խնդրի վերաբերյալ աղմուկը բարձրացել է, որտե՞ղ է եղել ինքը, որովհետև մեր տեղեկություններով՝ ինքը և «Մարտունի» բ/կ-ի բժիշկները այդ պահին մասնակցելիս են եղել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին, բ/կ-ի տնօրենը պատասխանեց՝ եղել է հիվանդանոցում ու չի մասնակցել այդ հանրահավաքին:
Քիչ անց Անդրանիկ Հարությունյանն ինքը կապ հաստատեց մեզ հետ: Ցանկանում էր ճշտել, թե ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը ներհիվանդանոցային միջադեպի հետ:
Ասացինք, որ ավելի վաղ մենք գրել էինք, որ Գեղարքունիքի մարզ Նիկոլ Փաշինյանի այցի նախօրեին մարզպետ Գնել Սանոսյանը, մարզը ներկայացնող իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը, այլ պաշտոնյաներ հավաք են կազմակերպել, որին ներկա են եղել մարզի դպրոցների տնօրեններ, բժշկական կենտրոնների տնօրենները, հոգեբուժարանի տնօրենը, այլ համայնքային հիմնարկների ղեկավարներ։ Բոլորին խստիվ հանձնարարված է եղել ապահովել իրենց ենթակայության տակ եղած աշխատակիցների ներկայությունը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներին: Եվ եթե ինքը ևս այդ հավաքին մասնակցել է, իսկ այդ պահին բժշկական կենտրոնում էպիդեմիա է բռնկվել, դա, թերևս, խնդիր է:
Անդրանիկ Հարությունյանը, սակայն, կրկին հաստատեց՝ չի եղել նման բան, չեն գնացել:
«Մեր անձնակազմը ո՞նց կարող է հերթափոխը թողնել ու գնալ հանրահավաքի, իսկ եթե մարդն իր աշխատանքից դուրս ինչ-որ հանրահավաքի է մասնակցում, ես դրա վերահսկողությունը կարո՞ղ եմ անել…»,- ասաց «Մարտունի» բ/կ-ի տնօրենը:
Վերջինիս խոսքով՝ աշխատել են գերծանրաբեռնված, 50 հիվանդ են ունեցել մանկական բաժանմունքում:
«20 մահճակալ ունենք, 50 հիվանդ, և բոլորը ինտենսիվ, ծանր հիվանդներ: Ինչ-որ ծնունդ է եղել, հիմա չեն ասում, բայց հավանաբար հիվանդներից մեկը տորթ է բերել, այսօրվա եղանակային պայմաններում էլ երևի տորթից է եղել թունավորումը»,- ասաց Անդրանիկ Հարությունյանը:
Բժիշկը նշում է՝ երկու բլոկ ունեն, մեկում է բռնկվել թունավորումը, ու այս պահին քննարկվում են բոլոր վարկածները՝ ջրից թունավորում կամ տորթից, հիմա աշխատում են, փորձում են հասկանալ՝ ինչից է եղել թունավորումը:
«Երևանում արդեն ախտորոշումը տվել են՝ գաստրոէնտերոկոլիտ, ինչը սննդային ինչ-որ խնդրի մասին է խոսում: Շաբաթ օր է եղել, մի փոքր էլ ըստ երևույթին հսկողությունն է թույլ եղել հերթապահ անձնակազմի կողմից: Երեկոյան 20:00-ի շրջանում է առաջացել խնդիրը: Բժիշկներն աշխատել են, և երբ կասկածելի բան են նկատել, դեմն առնելու համար, որ բռնկում չլինի, տեղափոխել են Երևան»,- եզրափակեց Անդրանիկ Հարությունյանը: