| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում իրավիճակը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա Բրյուսելում հունիսի 14-ին: Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է հինգշաբթի Փարիզում կայացած մամուլի ասուլիսում։
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին ես անմիջապես հանդիպում կունենամ Թուրքիայի նախագահի հետ: Սա լավ առիթ է մի շարք հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար,- ասել է Մակրոնը:- Մենք խորը տարաձայնություններ ունենք, գիտենք դրանց մասին, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել։ Ես ուզում եմ խոսել Սիրիայում տիրող իրավիճակի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին»:
Մակրոնը նաև նշել է, որ «մտադիր է քննարկել ՆԱՏՕ-ում համագործակցությունն ու դաշնակիցների հարաբերություններում վարքի կանոնները»: «Ես նաև ուզում եմ խոսել այն աշխատանքի մասին, որը Ֆրանսիան անում է արմատական իսլամիզմի և անջատողականության դեմ»,- հավելել է Ֆրանսիայի ղեկավարը:
«Մեզ անհրաժեշտ է պահանջկոտ օրակարգ՝ չնայած մեր տարաձայնություններին,- շարունակել է Ֆրանսիայի նախագահը:- Ես միշտ շատ հստակ եմ վերաբերվել մարդու իրավունքներին, լրագրողների և քաղաքական ընդդիմության, ակադեմիկոսների և արվեստագետների պաշտպանությանը։ Մեզ անհրաժեշտ է անհատական քննարկում: Անհրաժեշտ է խոսել նույնիսկ այն ժամանակ, երբ տարաձայնություններ կան»: