կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-04 21:21
Հասարակություն

«Փաշինյանը վախենում էր բանակից եւ դրա համար արեց ամեն ինչ այն քանդելու համար». Սերժ Սարգսյանը՝ Նիկոլաս Սխերմերսին

«Փաշինյանը վախենում էր բանակից եւ դրա համար արեց ամեն ինչ այն քանդելու համար». Սերժ Սարգսյանը՝ Նիկոլաս Սխերմերսին

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Դեսպանի խնդրանքով Սերժ Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական ուղղությունները։

Նախագահն անդրադարձ է կատարել նաեւ Հայաստանում եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս խնդիրներին, Արցախյան վերջին պատերազմի ժամանակ միջազգային հանրության վերաբերմունքին, պոպուլիստական կառավարության գործունեության արդյունքում մեր երկրում առաջացած ճգնաժամային իրավիճակին:

Որակելով միջազգային ինստիտուտների արձագանքները 44-օրյա պատերազմին որպես «իներտ», ՀՀԿ ղեկավարը շեշտել է. «Այսքանից հետո ես իմ ժողովրդին ինչպե՞ս բացատրեմ, որ միջազգային կառույցների կարծիքը պետք է հարգել»։

Խոսելով, մասնավորապես, հայկական բանակում 2018-ից հետո առաջացած խնդիրների մասին՝ նախագահ Սարգսյանը նաեւ ընդգծել է. «Նա (Նիկոլ Փաշինյանը) վախենում էր բանակից եւ դրա համար արեց ամեն ինչ այն քանդելու համար»»,- գրել է Աշոտյանը։