Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերի հանդիպումների ժամանակ, ապօրինաբար վարչապետի պաշտոնակատարի աթոռը գրաված Նիկոլը, անընդհատ կրկնում է, թե ընտրություններից հետո անխուսափելի է լինելու նախկիններին պատժելը: Այս հայտարարություններն, այլևս որևէ մեկի համար լուրջ չեն կարող համարվել, որովհետև եթե Նիկոլը պատժող էր, ապա այդ բանը նա պետք է արած լիներ նախորդ երեք տարիների ընթացքում: Իսկ չի՞ ցանկացել անել: Եթե կառավարման երեք տարիների ընթացքում կատարած ու գերակատարած որևէ գործով Նիկոլը կարող է պարծենալ հենց քրեական հետապնդումներն են եղել և երկար ձգված դատական գործընթացները: Մեկը կասկածո՞ւմ է, թե Նիկոլը, օրինակ, չէր ցանկանում «նստեցնել» Ռոբերտ Քոչարյանին և այդ նպատակով, համապատասխան մարմինները մանրադիտակով չեն քրքրել երկրորդ նախագահի հայաստանյան ողջ գործունեությունը: Եւ այդ ողջ ճիգ ու ջանքի հետևանքն էլ եղավ այն, որ երկարաձգված դատավարությունները այդպես էլ Նիկոլի համար ցանկալի արդյունքի չհանգեցրին: Ի դեպ այս հարցում Նիկոլին առաջնորդողը ոչ միայն իրեն հատուկ չարությունն ու վրեժխնդրության զգացումն էին, այլև երկրի երկրորդ նախագահին իր համար սարսափազդու մրցակից տեսնելու փաստը:
Վերադառնամ հիմնական ասելիքին՝ ինչո՞ւ է ուրեմն նախընտրական բնույթի հանդիպումների ժամանակ Նիկոլը դարձյալ խոսում նախկիններին պատժելու մասին: Պատասխանը շատ պարզ է՝ իսկ ինչի՞ մասին խոսի: Ընտրությունների մասնակցող ցանկացած իշխանություն, որպեսզի կրկին իր կողմը գրավի ընտրողին, խոսում է իր կատարած հաջող գործերի մասին և նոր ժամկետ է խնդրում դրանք շարունակելու, եղածին նորանոր ձեռքբերումներ ավելացնելու համար: Ո՞ր ասպարեզի ձեռքբերումների մասին խոսի Նիկոլը՝ քաղաքական, տնտեսակա՞ն, առողջապահակա՞ն, մշակութայի՞ն, կրթակա՞ն, Սփյուռքի հետ հարաբերությունների՞, թե որևէ այլ: Եվ ավելին. այս մարդու բարոյական, ազգային առումով այլանդական ու հրեշավոր կերպարի մասին է վկայում այն, որ նա, եթե դերասանություն անելու անհրաժեշտություն չկա, առհասարակ չի հիշում իր մեղքով կորսված 5000 կյանքերի, 10000 վիրավորների, տասնյակ հազար տնավեր գաղթականների, կորսված տարածքների և կործանման եզրին հասցված հայրենիքի մասին:Նա ասես միակ անձն է Հայաստանում ում չի հուզում, թուրք զիվորականների ամենօրյա առաջխաղացումը մեր երկրի պետական ու օրինականորեն ճանաչված, սահմաններից ներս: Կարծես ինքը ոչ մի կապ չունի այդ ամենի հետ: Փոխարենը նոր ընտրապայքարում դիմելով հին ամբոխվարությանը Նիկոլը փորձում է նախկին հնարքներով հաղթել և այս նոր ռաունդում:
Այո, 2018 թվականին, դժբախտաբար, նրան հաջողվեց ամբոխի վերածված մարդկանց մի հատվածի մեջ գրգռել բացասական կրքեր և իրենից առաջ եղածներին պատժելու, «երկնքից աստղեր իջեցնելու» խոստումներով շահել նրանց ձայները: Ունակ չլինելով որևէ դրական գործի նա փորձում է նոր մարտը շահել հին զենքով: Նրան թվում է, թե երկրորդ անգամ կհաջողի մոլորեցնել ժողովրդի գոնե մի փոքր հատվածին՝ դարձյալ գրգռելով նրա բացասական կրքերը, խաղալով նրա զգացմունքների հետ: Նիկոլն իհարկե սրիկա է, բայց ապուշ չէ և հասկանում է, որ ազգային ու անհատական մեծ ողբերգությունները, որոնք դեռ չեն էլ ավարտվել, այնպիսի հոգեկան ցնցում են առաջացրել ժողովրդի մոտ, որ վերջինս բացահայտված ամբոխվարի դեմագոգիկ, մակերեսային մանիպուլյացիաներին կուլ չի գնալու: Նիկոլը գիտի որ ժամանակն իր օգտին չի աշխատում և ինքը հեղինակություն է կորցնում ամեն օր:
Նա պատերազմից հետո իրեն դեռևս հավատացողների մի հատվածի փորձեց համոզել, թե իր գլխավորած ռազմական պարտության մեղքը ևս նախկինների խղճին է, բայց այս սուտը մինչ ուր և որքան ժամանակ կարող է շարունակել, երբ իր անճարակ ու դավաճանական էությունը ակնհայտորեն արտացոլվում է այսօր Սյունիքի, Գեղարքունիքի իրադարձությունների հայելու մեջ: Գուցե հիմա՞ էլ ասի, թե տարածքները զիջում են նախկինները և Հայաստանին 100%- ով «ձեռնտու» փաստաթուղթն էլ պատրաստվում է ստորագրել, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի պարտադրանքով:
Նիկոլը նախընտրական հանդիպման ժամանակ ասում է, թե իրենց անհրաժեշտ է ընտրություններում հավաքել 60% ձայն, թեև այս պահի վիճակով նա հազիվ դեռ կարող է երազել այդ թվի չնչին տոկոսի մասին:
Իմ կարծիքով, սակայն, հիմնական մրցակիցների նկատմամբ անձնավորված թշնամությունը շեշտելով նա նաև նախապատրաստվում է հետընտրական գործընթացների: Մայիսի 29-ին համակիրների հետ տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ նա ասում է, թե հունիսի 20-ը կլինի իր, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի դատի օրը: Այո, նա գիտի, որ ընտրություններից հետո անխուսափելիորեն գալու է իր գործունեության համար հաշվետվություն տալու ժամանակը և այժմվանից անձնավորելով, քաղաքականացնելով ընտրական, ինչպես և անձնական փոխհարաբերությունները նա հող է նախապատրաստում, որ հետո կոկորդ պատռի, թե քաղաքական հաշվեհարդարի զոհ է: Նիկոլը լավ է պատկերացնում մոտ ապագան և նրանից խուսափելու այլ ճանապարհ չի տեսնում քան նույն խաբեությունը, նույն հերյուրանքն ու ամբաստանությունը:
Նիկոլը հասկանում է, որ կեղծիքի, շանտաժի, ամբոխվարության, զենքերով ստեղծած իր կենսագրության համար մոտեցել է առերեսման պահը, բայց դեռ վերջին անգամ, առաջիկա 20 օրերին, դեռ փորձելու ու փորձարկելու է այն, ինչին շատ հավատում է՝ զանգվածներին խաբելու իր ունակությանը: Թող կրկին փորձի, իսկ մենք կսպասենք հունիսի 21-ին: Հայտնի է, որ հեքիաթները, առասպելներն ու լեգենդները կենսափորձով ապացուցված իմաստնություններ են՝ այդ թվում «Չարի վերջը»:
Արտաշես Շահբազյան