Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ մայիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Դ.-ն է:
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Բագրատունյաց 4-րդ նրբանցքի 21 շենքի բակից: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյաը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Էդգար Բալոյանի, Մելիք Սոֆոյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են BMW 320i մակնիշի 13 DD 331 համարանիշի ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցի, իսկ ավտոմեքենայի սրահում էլ՝ արնանման հետքեր:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Անտանոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ 34-104 և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, որոնց հետ աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: