կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-21 14:12
Աշխարհ

ԵՄ-ն մտադրվել է «Գորշ գայլեր»-ին ներառել միության ահաբեկչական ցուցակում. Թուրքիան դատապարտել է

ԵՄ-ն մտադրվել է «Գորշ գայլեր»-ին ներառել միության ահաբեկչական ցուցակում. Թուրքիան դատապարտել է

Թուրքիան դատապարտում է Եվրամիության՝ արմատական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը ահաբեկչական կազմակերպություների ցուցակում ընդգրկելու մտադրությունը և դա համարում է ժողովրդավարության ու խոսքի ազատության ոտնահարում. հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը։

Ըստ նրա՝ Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ 2019-2020 թվականների զեկույցը հակասական պահանջ է պարունակում իշխանամետ «Գորշ գայլեր» շարժումն ահաբեկչական ցուցակում ընդգրկելու մասին: Նա «բացահայտել է Եվախորհրդարանի հակասություններն ու կողմնակալությունը, որոնք պետք է պաշտպանեն խոսքի ազատությունն ու ինքնարտահայտման իրավունքը»:

Արտաքին գործերի նախարարության խոսնակն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ԵՄ-ն հրաժարվում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունները ներառել արգելվածների շարքում: Դրանց թվին է նա դասել Գյուլենական շարժումը կամ «Հիզմեթը», ինչպես նաև քրդական շարժումները, մինչդեռ ԵՄ-ն կարծում է, որ նրանք իրավունք ունեն խոսքի ազատության և ցույցերի ազատության, բայց միաժամանակ «կոչ է անում ներառել Թուրքիայում օրինական շարժումը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում»: Նման հայտարարությունները Բիլգիչը որակել է որպես զրպարտություն, որն անընդունելիորեն կիրառվում է քաղաքականության մեջ չարաշահման նպատակով: Ըստ նրա՝ «հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանափակման այսպիսի կոչերը» ևս մեկ ապացույց են այն բանի, որ  «ԵԽ-ն անջատված է իրականությունից և եվրոպական արժեքներից»:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Եվրախորհրդարանը Եվրամիությանը կոչ էր արել «Գորշ գայլեր» թուրքական աջակողմյան արմատական շարժումը դասել ահաբեկչական կազմակերպությունների շարքը:

Նշենք, որ շարժումը մաս է կազմում «Ազգայնական շարժում» կուսակցության,  որը երկրի իշխող կուսակցության՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնական գործընկերն է։

«Գորշ գայլեր» խումբը ստեղծվել է 1970-ականներին ձախ խմբերի հետ հարաբերությունների սրման ժամանակ և ներգրավվել է որոշ ջարդերում ու ահաբեկչություններում (օրինակ՝ Հռոմի պապ Հովհաննես–Պողոսի դեմ): Եվրոպական մի շարք պետություններում այն արգելված է, քանի որ ծայրահեղական-ազգայնական է: