կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-05 10:52
Հասարակություն

Լավրովը կայցելի Երեւան, որտեղ կքննարկի Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը

Լավրովը կայցելի Երեւան, որտեղ կքննարկի Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի կժամանի Երեւան, որտեղ մայիսի 6-ին հանդիպումներ են նախատեսված Հայաստանի ղեկավարության հետ: Այնուհետեւ՝ մայիսի 10-11-ը, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն աշխատանքային այցով կմեկնի նաեւ Բաքու․ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ շփումների ընթացքում նախատեսվում է «մանրակրկիտ քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»: Բայց բանակցությունների առաջնահերթ թեման կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը:

«Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտներին»,- նշել է Զախարովան:

Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմ օրակարգը, որին Լավրովը եւս նախատեսում է ուշադրություն դարձնել Երեւանում, բնութագրվում է բազմաչափությամբ եւ նորմատիվ իրավական մեծ բազայով: Երկրների միջեւ 270 տարբեր պայմանագրեր եւ համաձայնագրեր են կնքվել, այդ թվում՝ 1997 թվականի Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագիրը եւ Դաշնակցային համագործակցության մասին 2000 թվականի հռչակագիրը: Ռուսաստանը նաեւ Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերն է եւ առաջատարը հանրապետության տնտեսության մեջ՝ ներդրումների մասով: