կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-03 23:10
Հասարակություն

Զրպարտության պարզ մեխանիզմ

Զրպարտության պարզ մեխանիզմ

Դատարանը որոշեց, որ  ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը պետք է հերքեն Արմեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները և վճարեն 2,800,000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում, որը նախնական պայմանավորվածության համաձայն կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Այս որոշումը Արմեն Գևորգյանի համառության արդյունքն է, ով որոշել էր պայքարել զրպարտության դեմ։ Հարյուրավոր մարդիկ, սակայն, այդ համառությունը չունեցան։ Իսկ պատկերացնում եք վերջին երեք տարվա ընթացքում քանի մարդու կյանք են ներխուժել նման զրպարտչական տեղեկությունները, քանիսի պատիվն ու համբավն են ոտնահարվել հերյուրանքների հետևանքով։ Ոչ բոլորն են իրենց մեջ գտել խիզախություն, համառություն և բավարար նյարդեր ընդդիմանալու վարպետորեն ներդրված մեխանիզմին։

Իսկ մեխանիզմը շատ պարզ էր՝ պետական պաշտոնյան, իմքայլական պատգամավորը կամ իրենց վարչապետը լայվով կամ սոցցանցային գրառման միջոցով անում էին ոչնչով չհիմնավորված հրապարակային հայտարարություն, որն ամբողջությամբ զրպարտություն էր, հերյուրանք, իսկ այնուհետև հայտարարությունը տիրաժավորվում էր լրատվամիջոցնում և ձևավորում հանրային կարծիք։ Շատ հաճախ տիրաժավորողները զլանում էին նույնիսկ ստանալ հակառակ կողմի տեսակետը, անել սեփական հետաքննությունը և ամեն ինչ հալած յուղի պես հրամցնում էին հանրությանը։

Նույնն էր նաև Արուսյակ Ջուլհակյանի և Մուշեղ Շուշանյանի դեպքում, մի քիչ ավելի գռեհիկ տեսքով՝ որպես անհերքելի փաստ ներկայացվում էր ադրբեջանցի հետախուզվող սովորական խարդախի հայտարարությունները, իսկ լրատվամիջոցներն առանց ավելորդ հարցերի տարածում էին դրանք։

Իսկ թե քանի դատական այսպիսի որոշում է պետք, որպեսզի վերջ դրվի հանրային ընկալումն աղավաղող այդ այլանդակ մեխանիզմին, դժվար է ասել։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ