Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատախազության դիմաց ապրիլի 22-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի առթիվ հարուցված գործով մեղադրյալ Հայկ Հեքիմյանն այսօր առերեսվել է ոստիկանի հետ, որի նկատմամբ, ըստ մեղադրանքի, բռնություն է գործադրել։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հեքիմյանի պաշտպան Բենիկ Գալստյանը՝ նշելով որ Հեքիմյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ ապրիլի 22-ին բողոքի ակցիա են իրականացրել դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված անձանց, և ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել դրա մասնակիցների և ոստիկանների միջև։
Քաղաքացիներից ոմանք ձվեր են նետել դատախազության շենքի ուղղությամբ, ինչից հետո ոստիկանները սկսել են նրանց բերման ենթարկել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հայկ Հեքիմյանը ապրիլի 23-ի երեկոյան՝ ջահերով երթի մեկնարկին բերման է ենթարկվել, ձերբակալվել՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով։ Պաշտպան Բենիկ Գալստյանը ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացրել, և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը, քննելով բողոքը, այն բավարարել ու Հեքիմյանին ազատ է արձակել։ Ապա վարույթն իրականացնող մարմինը Հեքիմյանին մեղադրանք է առաջադրել ու նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։
Հայկ Հեքիմյանի մեղադրանքի որոշման մեջ նշվում է, որ վերջինս մասնակցել է բողոքի ակցիային, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ նետվել են ձվեր, շշեր, և Հայկ Հեքիմյանն, ի պատասխան ոստիկանության աշխատակից Կ․Ա․-ի կողմից հասարակական կարգը պահպանելու ուղղությամբ կատարված գործողությունների, մասնավորապես՝ ցույցը դադարեցնելու պահանջի, մի քանի անգամ ձեռքով հարվածել է ոստիկանի գլխին։
«Ցույցի տեսագրությունն ուսումնասիրելիս մենք տեսնում ենք, որ Հայկ Հեքիմյանին հրմշտոցի ընթացքում, ամենայն հավանականությամբ՝ ոչ միտումնավոր, հետևի անձինք հրում են դեպի առաջ, և այդ ընթացքում Հայկը մոտենում է ենթադրյալ տուժող Կ․ Ա․-ին։ Երևում է, որ Կ․Ա․-ն ձեռքով մի քանի շարժում է անում, ու դիպչում Հայկի գլխին, քթին և մարմնի այլ հատվածների։ Այսինքն՝ ըստ տեսանյութի, ոստիկանը հարվածում է քաղաքացուն, և վերջինս հարվածում է ոստիկանին։ Ես չգիտեմ, թե այս պայմաններում մենք ինչպե՞ս կարող ենք քաղաքացու արարքը որակել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով»,- ասաց Բենիկ Գալստյանը՝ նշելով, որ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի դիսպոզիցիայում հստակ նշված է, և Վճռաբեկ դատարանն էլ իրավական դիրքորոշում է հայտնել, որ արարքը կարող է որակել 316-րդ հոդվածով, եթե անձի նկատմամբ բռնությունը պայմանավորված է վերջինիս լիազորությունների իրականացմամբ, և այդ բռնությունը հակադրվում է նրա լիազորությունների իրականացմանը կամ արվում է՝ լիազրությունները դադարեցնելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում