Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆերդա Բալաջար
Սիրեն Բորայի «Առաջին Ժուդերիան․ Իզմիրի հին հրեական թաղամասը» գիրքը հրատարակվել է Իզմիրի հրեական համայնքի հիմնադրամի հրատարակչության և «Գյոզլեմ» տպագրատան համագործակցությամբ։ Այն Իզմիրի (Զմյուռնիա-Ակունք խմբ․) հրեական համայնքի հիմնադրամի հրատարակչության կողմից իզմիրցի հրեաների պատմությունն ու մշակույթը ներկայացնող շարքի առաջին գիրքն է, որտեղ գրի է առնված Իզմիրի առաջին հրեական թաղամասի պատմությունը 17-րդ դարից մինչ օրս։ Իզմիրի և հարակից տարածքների վերաբերյալ գրքերով հայտնի դր․ Սիրեն Բորայի հետ զրուցեցինք Իզմիր քաղաքի և այստեղի հրեական համայնքի մասին՝ սկսելով հին օրերից և հասնելով մինչև մեր ժամանակներ։
– Առաջին Ժուդերիան ներկայում Իզմիրում բավականին ընդարձակ տարածք է ընդգրկում։ Մեր օրերում այդ տարածքում հրեական մշակութային ներկայությունից ինչե՞ր են մնացել։
– Իրավացի եք, Առաջին Ժուդերիան բավականին լայն տարածք է ընդգրկել։ Այն ընկած է եղել այսօրվա Իզմիրի ամենաբանուկ և ամենաբազմամարդ առևտրական շրջանի հատվածում։ Նշածս տարածքը հասնում է Բասմանեից մինչև Քադիֆեքալեի փեշեր, այնտեղից մինչև Հավրա թաղամասի շուկա, այնտեղից էլ մինչև Քեմերալթը պողոտա։ Այդ շրջանում, որտեղ գտնվում են հնագույն քաղաքի ավերակները, կան նաև Զմյուռնիայի ագորա (հին հունական քաղաքների հրապարակները, որտեղ անցկացվում էին ժողովներ-Ակունք խմբ․) հնավայրը, Իզմիրի բազմամշակութային և բազմակրոն հասարակական պատմությունը շեշտող մզկիթներ, եկեղեցիներ, սինագոգներ։ Բացի այդ՝ ավելացնենք նաև ճաշարանները, հյուրանոցները, մշակութային կենտրոնները, սննդի և հագուստի տարբեր մեծածախ կամ մանրածախ առևտրի խանութները։ Այդ տարածքն այն վայրն է, որտեղ Իզմիր քաղաքի սիրտը դեռևս բաբախում է, թեև արդեն՝ թույլ։
Մեր օրերում այդ տարածքում հրեական մշակութային ներկայությունից մնացած ամենանշանավոր կառույցներից մեկը Հավրա փողոցի շուկան է։ Կարող եմ ասել, որ անհնար է գտնել մի մարդ, որն ապրում է Իզմիրում, բայց Հավրա թաղամասի մասին տեղեկություն չունի։ Իր անունը ստացել է շրջակայքում առկա հավաքատեղիներից և ունի 400-ամյա պատմություն։ Ժամանակին 136 մ երկարութուն ունեցած այս փողոցում գտնվող և հրեաներին պատկանող խանութների, գինետների և պանդոկների տեղում այսօր ձուկ, պանիր, հալվա և բանջարեղեն վաճառող խանութներ կան։ Այնտեղ է գտնվում նաև 1895 թ․ Հալիֆա Փոլիթի կողմից հիմնադրված և գինու գործարանին պատկանած մեծ կառույցը։ Պատմական անցյալն անտեսվում է․ միայն Աքըն Փասաժը անունով հայտնի կառույցի մուտքի դռան մոտ տեղադրված կավե քարի վրա եբրայական օրացույցով դեռևս փորագրված է 5660 (1900) թվականը։ Առաջին Ժուդերիայում սինագոգներ կան։ Բեթ Հիլլել սինագոգը կարճ ժամանակ առաջ է վերանորոգվել և բացվել այցելուների առջև՝ որպես Ռավ Փալաչի տուն-թանգարան։ Պորտուգալական սինագոգը, Իզմիրի հրեական համայնքի հիմնադրամի հետ կնքված պայմանագրի համաձայն, վերանորոգվել է Էգեյան երիտասարդ գործարարների միության կողմից, որն սկսել են օգտագործել որպես հասարակական և մշակութային միջոցառումների կենտրոն։ Հայիմ սինագոգի վերանորոգումը գրեթե ավարտին է մոտենում։ Նրա դիմաց ընկած Հևրա (Թալմուդ, Տորա) սինագոգը առնվել է պահպանության տակ։ Հևրա սինագոգի մոտակայքում չորս սինագոգ էլ կա, որոնցից մեկն ամբողջովին քանդված է (Ֆորասթերոս սինագոգը), իսկ մնացած երեքը կանգուն են (Նևե Շալոմ, Սենյորա և Ալգազի սինագոգներ)։ Այնտեղ է գտնվում նաև Իքիչեշմելիք պողոտայի վրա Չավեզ ընտանիքի կողմից կառուցված Բիքուր Հոլիմ սինագոգը։ Բացի այդ՝ «Զմյուռնիայի Ագորա հնավայրի» սահմանների տարածքում Իզմիրի քաղաքապետարանի կողմից վերակառուցված Սաբեթայ Զևի Կորտիժոն (Հրեական հավաքատեղի-տներ) է։
– Ներկայում Իզմիրի հրեական համայնքից որքա՞ն մարդ է ապրում Առաջին Ժուդերիայի տարածքում։
– Այսօր Առաջին Ժուդերիա անունով հայտնի հին հրեական թաղամասում գեթ մի հրեա չեք կարողանա գտնել։ Մինչև 1948 թ․ շրջանում այստեղ հոծ հրեական համայնք կար։ Սակայն Իսրայել պետության հիմնադրումից հետո Առաջին Ժուդերիայից զանգվածային գաղթեր են սկսվել դեպի Իսրայել։ Մինչև իսկ այնտեղ արտագաղթած ընտանիքների պատճառով 1950-ական թթ․ քաղաքի հրեական բնակչության թիվն իջել է մինչև երեք հազարի։ Գաղթերը միայն դեպի Իսրայել չէին։ Եղել են մարդիկ, որոնք արտագաղթել են Եվրոպա և Ամերիկա։ Իսկ մնացած վերջին ընտանիքները տեղափոխվել են Քարափաշ, այսինքն՝ Երկրորդ Ժուդերիա։ 1948-1950-ական թթ․ կատարված հրեական գաղթերի պատճառով հին հրեական թաղամասը անընդհատ նոսրացել է։ Ի վերջո Առաջին Ժուդերիան լիովին դատարկվել է և դեմքը փոխել։ Հրեաների լքած բնակավայրերի մեծ մասը, հատկապես հրեական հավաքատեղիները, անատոլիական ծագումով մուսուլման թուրք գաղթականներն են սկսել օգտագործել։
– Երկրորդ Ժուդերիա թաղամասը ներկայիս Իզմիրի ո՞ր շրջանին է համապատասխանում։ Ներկայում այդ տարածքում հրեական մշակութային ներկայությունից ինչե՞ր են մնացել։
– Երկրորդ Ժուդերիան՝ Քարաթաշը, Քարանտինա, Գյոզթեփե և Հալիլ Ռըֆաթ փաշայի միջև ընկած շրջանն է ընդգրկում։ Ներկայում այդ շրջանում երկու սինագոգ կա։ Մեկը՝ Քարաթաշ բեթ Իսրաիլ սինագոգն է, իսկ մյուսը՝ Ռոշ ՀաՀար սինագոգը։ Բացի այդ՝ Իզմիրի հրեաների կողմից կառուցված և դեռևս գործող երկու շինություն է առկա։ Դրանցից մեկը Քարաթաշի Ասանսյորն է, իսկ մյուսը՝ Քարաթաշի հիվանդանոցը։ Հատկապես Քարաթաշում գտնվող Ասանսյոր շենքը ներկայում Իզմիրի աշխարհահռչակ խորհրդանիշներից մեկն է։
– Առաջին Ժուդերիա և Երկրորդ Ժուդերիա թաղամասերի միջև պատմական դասակարգային, մշակութային տարբերությունն կա՞ն։
– Կարող եմ ասել, որ այս երկու թաղամասերի միջև ոչ միայն տարբերություն, այլ նաև՝ մի մեծ անդունդ կա։ 1880-ական թթ․ ի վեր Երկրորդ Ժուդերիայում բնակված ընտանիքները համայնքի հարուստ խավն էին ներկայացնում։ Համաիսրայելական դաշինքի ժամանակակից դպրոցներում կրթություն ստանալուց հետո գործարար կյանք մտած, հարստացած և հրեական բուրժուազիայի դասակարգը կազմած հրեաներն էլ 20-րդ դարի սկզբում նրանց շարքերը մտան։ Կարճ ասած, Առաջին Ժուդերիայից հեռացածները «մեծ մասամբ» հարուստ և կրթված էին։ Նշանակում է, որ մնացածները աղքատ հրեա ընտանիքներ էին։ Նրանցից շատերն ապրում էին սինագոգներում և «Կորթիժո»-ներում։ Մյուս կողմից 19-րդ դարի վերջին քառորդին Գերմանիայից, Ռուսաստանից և Լեհաստանից Իզմիր եկած աղքատ Աշքենազի հրեաները միայն Առաջին Ժուդերիայում են մնալու տեղ գտել։ Ծագումով օսմանցի չեղող գաղթականները Առաջին Ժուդերիայում մնացած անկիրթ, աղքատ և մոլեռանդ Սեֆարադ հրեաների մեջ տարածել են սիոնիզմը։ Սակայն Սեֆարադ հրեաների համար սիոնիզմը երբեք գաղափար չի եղել, այն եղել է աղքատությունից փախուստի ճանապարհ միայն։ Այսպիսով Առաջին և Երկրորդ Ժուդերիան երկու խմբի է բաժանվել։ Կողմերից մեկը Առաջին Ժուդերիայում գտնվող Ըրգաթփազարըի խումբն էր և սիոնիզմին էր համակրում, իսկ մյուսը՝ Քարաթաշի հրեաներն էին, որ դեմ էին սիոնիզմին։ Համաիսրայելական դաշինքի՝ օսմանյան բոլոր քաղաքներում գտնվող ներկայացուցիչները Փարիզում տեղակայված կենտրոնին գրած իրենց նամակներում ասում էին, որ դեմ են սիոնիստական միջոցառումներին։ Նույնիսկ սիոնիստ-Դաշինք վիճաբանությունները, սովորաբար, վերածվում էին Սեֆարադ-Աշքենազի վիճաբանության։ Այդ վիճաբանության՝ Իզմիրի շարունակությունը «Դաշինքի» աջակից Քարաթաշ խմբի և «օսմանցի չեղող հրեաների ստեղծած» սիոնիստ Ըրագաթփազարըի հրեական խմբի բախումն էր։ Հրեական բուրժուական բնակավայր համարվող Քարաթաշի խումբը խոսում էր ֆրանսերեն, իսկ առավելապես աղքատների ստեղծած Ըրգաթփազարը խմբի անդամները խոսում էին հրեական իսպաներենով (լադինո-Ակունք խմբ․)։ Քարաթաշում ապրած Համաիսրայելական դաշինքի խմբի ստացած կրթությունը ժամանակակից էր, իսկ Ըրգաթփազարը խմբի կրթությունը՝ ավանդական։
– 1922 թ․ Իզմիրի հրկիզման ժամանակ հրդեհը չի տարածվել Առաջին Ժուդերիայի վրա, չնայած դրան՝ տեղեկանում ենք, որ հրդեհից հետո սկսվել է մի մեծ հրեական գաղթ։ Դրա պատճառները որո՞նք էին։
– 1922 թ․ հրդեհը Իմզիրը վերածել էր ավերակների։ Այո՛, Առաջին Ժուդերիան հրդեհից չի տուժել։ Սակայն հրկիզված շրջանում շատ հրեաներ կային, որոնք գործարան կամ խանութ ունեին։ Նրանք ունեցել են նյութական կորուստներ։ Մյուս կողմից քաղաքը այդ օրերի «քաոսը» բազմաթիվ հրեա ընտանիքների գցել է հոգեցնցումների մեջ, քանի որ տեսնում ենք, որ հրեական հիվանդանոցի և հրեական դպրոցների կառավարման խորհրդի անդամները փախչում էին Եվրոպա։ 12 հոգուց կազմված համայնքի կառավարման խորհրդի անդամներից միայն երեքն էին քաղաքում մնացել։ Այդ ընթացքում Իզմիրի շրջակայքում գտնվող բնակավայրերից (Մանիսա, Քասաբա, Այդըմ և Նազիլլի) դեպի Իզմիր զանգվածային հրեական գաղթեր են սկսվում։ Նշածս բնակավայրերում ապրող հրեաները եկել և տեղավորվել էին Իզմիրում, քանի որ իրենց թաղամասերն ամբողջությամբ այրվել էին։ Արևմտյան Անատոլիայի գաղթականները, որոնց թիվը հասնում էր 15 հազարի, ժամանակավորապես Իզմիրի սինագոգներում էին տեղավորվել։ Այն հրեաները, որոնց նյութական հնարավորությունները ներում էին կյանքը նորից սկսել, մնացել են քաղաքում, իսկ մյուսները գաղթել են Արևմտյան Եվրոպա կամ Հարավային Ամերիկայի երկրներ։
– 1948 թ․ Իսրայել պետության հիմնադրումից հետո մինչև 1960-ական թթ․ Իզմիրի հրեական բնակչության երկու երրորդը գաղթել է Իսրայել։ Այդտեղ Իսրայելի ապագայի նկատմամբ հավատքն իհարկե կարևոր մասնաբաժին ունի։ Դրանից բացի՝ տնտեսական, սոցիալական պատճառներն այդ տարիներին Իզմիրում տեղի ունեցած զանգվածային գաղթի ժամանակ ի՞նչ չափով է ազդել։
– Ըստ իս, հիսաթափությունը Երկրորդ համաշխարհային պատարազմի ժամանկաշրջանում է առաջացել։ Այդ ժամանակ երկու կարևոր անարդար օրենքներ կային, որ խթանեցին զանգվածային գաղթերը։ Մեկը՝ «20 դասակարգի զորակոչն» էր, իսկ մյուսը՝ «Ունեցվածքի հարկը»։ 1941 թ․ 20-45 տարեկանները նախազգուշանալու նկատառումներով սկսել են զորակոչվել։ Ստամբուլի, Իզմիրի և Թրաքիայում գտնվող քաղաքների գլխավորությամբ՝ տարբեր քաղաքներից բազմաթիվ հրեաներ, անգամ զիվորական ծառայությունն ավարտածները, առանց բացառության զորակոչվեցին։ Բանակ կանչված հրեաներին տարբեր կտորներից կարված հագուստ տվեցին և ստիպեցին աշխատել թիկունքում։ Պատվով զինվորական պարտականությունները կատարելու գնացած Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների միջև խտրականություն ցուցաբերվեց․ մի կողմում մուսուլման թուրքերը, մյուս կողմում՝ ոչ մուսուլմանները։ 1942 թ․ հուլիսի 27-ին «20 դասակարգի զորակոչի» ենթարկվածները զորացրվեցին։ Այսպիսով 14 ամիս տևած զինծառայությունն ավարտվեց։ Սակայն հետ վերադարձած հրեաները կոտրված էին։ Նրանց արժանապատվությունը ոտնահարված էր։
1942 թ․ նոյերմբերի 12-ին կիրառության մեջ դրված «Ունեցվածքի հարկի» միջոցով հայտնի դարձավ Իզմիրի հարկատուների թիվը։ Ընդհանուր 349 հարկատուներից 156-ը հրեաներ էին։ 1943 թ․ առաջին ամսում «Ունեցվածքի հարկի» պարտքը չվճարած հարկատուների տունն ու ունեցվածքը սկսեցին բռնագրավել։ Պարտքի պատճառով գույքը վաճառքի հանված հարկատուների անունները և հասցեները տարածվեցին մամուլի միջոցով։ Տուգանքի վճարման ընթացքի ավարտին հարկից առաջացած պարտքը վճարել չկարողացած հակատուների գույքը բռնագրավվում էր, մյուս կողմից ճամբարներում և բիզնես կենտրոններում խանդավառություն էր տիրում։ Որպես Համակենտրոնացման ճամբարներ՝ որոշեցին օգտագործել Մեծ և փոքր Սալեփչիօղլու խաները, Բուջայում, Թեփեջիքում, Քարանթինայում և Քարշըյաքայում գտնվող մեկական շենքեր։ Ծրագրի ընթացքում այդ շենքերից միայն Թեփեջիքի Քեմերում գտնվող շենքն է օգտագործվել։ Քեմերի համակենտրոնացման ճամբարում հինգ տարբեր քարավաններով ուղարկված պարտատուների մեջ 82 հրեա հարկատու կար։ Իրականում Սարաջօղլուի կառավարության կողմից օրենքի հիմնավորումը շատ տրամաբանական էր՝ պատերազմական իրավիճակում սև բորսան հնարավոր չէր լինում կանխել։ Հիմնական սպառման սննդամթերքների անընդհատ գնաճն ու դրանք ձեռք բերելու դժվարությունները ժողովրդին ընկճել էին։ Որպես «Ունեցվածքի հարկ» հայտնի արտասովոր հարուստների հարկման օրենքի նպատակը կրկին ֆինանսական աղբյուների փնտրտուքն էր, սակայն դրանով մուսուլման թուրքերի և ոչ մուսուլման քաղաքացիների միջև հարկի հաշվեգրման հետ կապված անարդարության տեղիք տրվեց։ Նույն վայրում նույն գործն անող երկու մարդկացից ոչ մուսուլմանը մուսուլման թուրքից 20 անգամ ավել հարկ է վճարել։ Երկրի նյութական խնդիրները մի խումբ մարդկանց համար բեռ էին դարձել։ Այդպիսով, բազմաթիվ հրեաներ կորցրեցին իրենց կապիտալը, առողջությունն ու կյանքը։ Նրանց մի մեծ հատված, երկրից հիասթափված, հեռացավ։ Իսկ 1955 թ․ տեղի ունեցած սեպտեմբերի 6-7 դեպքերը մեծացրեցին և Իզմիրից, և ընդհանուր երկրից հեռացած հրեա ընտանքիների թիվը ։
http://www.agos.com.tr/tr/yazi/25546/izmirli-yahudiler-ve-birinci-juderia
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net