Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հորդանանի նախկին թագաժառանգ Համզա բեն Հուսեյնը հավատարմության երդում է տվել թագավոր Աբդուլլահին երկու օր անց այն բանից հետո, երբ նա հայտարարել էր, որ գտնվում է տնային կալանքի տակ եւ մեղադրվում է երկրի ապակայունացման փորձի մեջ, հայտնում է BBC-ն:
41-ամյա արքայազն Համզա բին Հուսեյնը միջնորդի միջոցով բանակցություններից ժամեր անց հայտարարություն է տարածել այն մասին, որ հավատարիմ է սահմանադրությանը:
Պաշտոնական անձինք հայտարարել են, որ թագավորը խնդրել է իր հորեղբորը՝ արքայազն Հասանին, օգնել լուծել աննախադեպ լարվածությունը:
Արքայազնը հերքում է դավադրության մեղադրանքները: Իր ստորագրած նամակում ասվում է. «Ես ինձ հանձնում եմ Նորին Մեծություն Թագավորին... Ես հավատարիմ կմնամ Հորդանանի թանկագին Հաշեմական Թագավորության սահմանադրությանը»:
Հանգստյան օրերին տեսանյութը BBC-ին ուղարկելուց հետո արքայազնը հրապարակավ չէր խոսել:
Պրոֆեսիոնալ միջնորդ եւ ընտանիքի ընկեր Մալիկ Դալանն առանձին հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է, որ միջնորդությունը «հաջող էր», եւ նա մոտ ապագայում սպասում է որոշմանը», հաղորդում է Associated Press-ը:
Արքայազն Համզան առաջինն էր Հորդանանի պետության ղեկավարի գահին հաջորդողների շարքում մինչեւ 2004 թվականը, երբ նա հեռացվեց թագաժառանգի դիրքից: Փոխարենը, Աբդալլա թագավորն իր որդուն նշանակեց ժառանգ:
Արքայազն Համզայի եւ Աբդուլլահ թագավորի հանրային կոնֆլիկտն աննախադեպ է: Այնուամենայնիվ, հաղորդվում էր, որ լարվածությունն թագավորական տան ներսում որոշ ժամանակ պահպանվում էր:
Շաբաթ օրն արքայազն Համզան երկու տեսանյութ էր հրապարակել, որոնցում պնդում էր, որ գտնվում էր տնային կալանքի տակ: Նրա խոսքով՝ մի բարձրաստիճան պաշտոնյա իրեն ասել է, որ իրեն թույլ չեն տալիս դուրս գալ կամ շփվել մարդկանց հետ՝ ժողովների ժամանակ կառավարության կամ թագավորի հասցեին հնչեցրած քննադատությունների պատճառով: Ենթադրվում է, որ հավանական ձերբակալությունը տեղի է ունեցել արքայազնի՝ ցեղապետերին այցելելուց հետո, որտեղ, ինչպես ասում են, նա որոշակի աջակցություն է ստացել:
Փոխվարչապետ Այման Սաֆադին կիրակի հայտարարել էր, որ արքայազնը կապի մեջ է եղել օտարերկրյա ուժերի հետ՝ երկիրն ապակայունացնելու նպատակով եւ որոշ ժամանակ գտնվում էր հսկողության տակ: Նա արքայազնին մեղադրել է «կլանի ղեկավարներին կառավարության դեմ մոբիլիզացնելու» ձգտման մեջ: Նա հավելել էր, որ դավադրության համար ձերբակալվել է առնվազն 16 մարդ, այդ թվում՝ թագավոր Աբդուլլահի նախկին խորհրդականը եւ թագավորական ընտանիքի մեկ այլ անդամ:
Կիրակի օրը Հորդանանի ընդդիմությունը եւս հայտարարություն էր տարածել, որում արքայազն Համզան հայտարարել էր, որ չի ենթարկվելու իշխանությունների հրամաններին: