ՀՀ առողջապահության նախարարութունն առաջարկում է «Բնակչության բժշկական օգնության և սպասրկման մասին» օրենքից հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:
«2019թ. դեկտեմբեր ամսից սկսած Չինաստանում ի հայտ եկած կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված ամբողջ աշխարհում առաջացել է համաճարակային լարված իրավիճակ, որից ելնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակի հետ կապված իրավիճակը դասակարգել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» և հորդորել բոլոր երկրներին ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ վարակի տարածմանը դիմակայելու համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէր, ինչը կարող էր հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ, ինչպես նաև բացահայտված չէր դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ դարձավ համապատասխան օրենսդրական փոփոխությամբ սահմանել, որ ըստ բժշկական փաստաթղթերի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվում:
Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ դարձավ, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել «Բնակչության բժշկական օգնության և սպասրկման մասին» օրենքից հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը», - ասված է նախարարության նախագծում, որը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։