Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ձեռնունայն, ինչպես արձանված մի Սանատրուկ՝
Պարզում եմ ահա երազներս, արցունքներս,
Ու տողերս իբրև վատնումի մի կույր գռոշ
Վետվետուն քո մթնշաղում, մեգերում քո փոշե
Պարզում եմ ափս դեպի քեզ. Ցնծա՛, Հայաստա՜ն:
Սփոփվիր, որ եղան նրանք՝ բրնձե այս ծովում
Քրիստոնե չամիչները քո սակավ,
Սփոփվիր, որ ճկվեցին խչմարի պես հերոսավայել
Գմբեթներիդ տակ մամռոտ
Եվ ճկռեցին առասպելական բերքիդ համար սոսկ…
…Թեև գինեգույն տիտղոսից քո
Մնաց լամուկներիդ հոլովումը լոկ,
Որ զնգում է բաքոսական վայելքներում
Իբրև ճենապակե մի ճառ ու՛ հորջորջվում,
Ու՛ կոնծվում, որպես խեղված հաճույքի մի կում.
Ցնծա՛, Հայաստա՜ն,
Ցնծա, որ եղան Քրիստոնե չամիչները քո սակավ:
Ու թեև քո անունը արույրե
Սարքին լակոտական ծամածուռ լոզունգ
Ու անցյալը քո բրոնզ դարձրին քրքջոտ զրույց՝
Ասես ծնողների ջահելություն մի ծաղրական.
Սփոփվիր, իբրև աստվածեղ մի հայր, որին
Ուրացան զավակները պղծության ու անեծքի…
Ու թեև հողե մոմպասի պես հալվեցիր ու ծորացիր
Դու շուրթեշուրթ, բերնեբերան- քիմքերում խավար,
Իմ լու՜րթ պատրանք, դյու՜թ խաբուսիկ,
Մանկան արդար հուսանքով քո թափանցիկ
Ցնծա՛, Հայաստա՛ն: …
Քուլաներից, մառախուղից այս խնկաբույր,
Ամենօրյա բուրվառիցդ արցունքաբեր
Որից ելավ գլխիդ թանձր մթնշաղ…
…Ես այս ավերակացս անսփոփ՝
Ելնում եմ – սնանկ մի Սանատրուկ
Ու պարզում ափս իբրև մխիթարանք.
Էլի եղան նրանք՝ բրնձե այս ծովում
Քրիստոնե չամիչները քո սակավ,
Որ ավանդվեցին ինքնամոռաց,
Ու որոնց մարգարեական գաղտնիքի պես
Պահում ես ծոցումդ՝
Հողե մոմպասի նման հալվող ծոցումդ, իբրև…
Իբրև խոստում, իբրև երդում,
Իբրև գրավ վաղվա լազուր ապագայի.
Ցնծա՛, Հայաստա՛ն: