Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իլհամ Ալիևն Ադրբեջանում տնտեսական ճգնաժամը «հաղթահարելու» յուրօրինակ մեթոդ է ընտրել. ձերբակալում է իրեն ոչ ցանկալի օլիգարխներին և վարկային պարտքերը մարելու անվան տակ նրանց` մինչև վերջ «քամելուց» հետո ազատ արձակում: «Կուլակաթափության» մերօրյա այս շարժման զոհ է դարձել մոտ մեկուկես տասնյակ օլիգարխ, որոնք, վճարելով իրենցից պահանջվող գումարը, ոչինչ չեն անում` իշխանության այս հարձակումից պաշտպանվելու համար:
Որպեսզի, առհասարակ, մոռանան դրա մասին, վերջին օրերին ալիևյան սուլթանատն սկսել է նաև հողին հավասարեցնել օլիգարխներին պատկանող անշարժ գույքը: Սուլթանն, այսպիսով, երկու խնդիր է լուծում` նախ՝ ներկայանում է որպես ուժեղ իշխանություն, որն այնքան է մտածում սեփական ժողովրդի մասին, որ որոշել է հասարակությանն ազատել օլիգարխիկ «բեսպրեդելից»: Դրանով Ալիևը փորձում է մեծացնել իր ժողովրդականությունը, լեգիտիմացնել իր բռնակալական անփոփոխելի իշխանությունը: Երկրորդ՝ ցույց է տալիս, թե ինչպես է երկիրը տնտեսական ճգնաժամից հանելու համար վերադարձնում հասարակությունից օլիգարխների գողացած փողերը՝ այդպիսով ստեղծված վիճակի մեղքն ու պատասխանատվությունը ջարդելով օլիգարխիայի վրա: Իր ստեղծած ռեժիմը Ալիևին տալիս է այդ մեթոդաբանությամբ գործելու հնարավորություն. ռեժիմն ինքը սնուցել ու չաղացրել է օլիգարխներին, հիմա եկել է նրանց «մորթելու» ժամանակը:
Ալիևին չի հետաքրքրում, որ իր որդեգրած այս ուղեգիծը կարող է հանգեցնել երկրից կապիտալի փախուստի: Ինչպես անարգել տեռորի է ենթարկում օլիգարխներին, այնպես էլ անարգել փակելու է այդ ճանապարհը: Ալիևին չի մտահոգում նաև դրա արդյունքում, «այսպես կոչված», բուրժուական հեղափոխության հեռանկարը, որովհետև հույս ունի դրան հակադրել այս գործողությունների միջոցով ձեռք բերվող հանրային աջակցությունը: Թե ինչի՞ կհանգեցնի Ալիևի ընտրած այս խաղը, դժվար է ասել: Փաստն այն է, որ նավթի համաշխարհային գների անկման հետևանքով երկրում ստեղծված խորը ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար Ադրբեջանի իշխանությունները դիմել են ոչ ստանդարտ, ռիսկային քայլերի:
Հայաստանի տնտեսական վիճակը Ադրբեջանից ավելի լավը չէ: Տնտեսության ողնաշարը կազմող արտերկրյա տրանսֆերտները նվազել են երեք անգամ, գործնականում դադարել են արտաքին ու ներքին ներդրումները, կատաստրոֆիկ նվազել է արտահանումը նույնիսկ հայաստանյան ապրանքների սպառման ավանդական շուկաներ:
Բացասական զարգացումների ազդեցությունը նվազեցնելու համար կառավարությունը, նորանոր վարկեր վերցնելով, մեծացնում է արտաքին պարտքը, դրան զուգահեռ` դրամի փոխարժեքի կայունությունն ապահովելու համար ինտենսիվ ծախսում երկրի արտաքին պահուստները՝ երկիրը մոտեցնելով դեֆոլտի: Բայց, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի իշխանությունները ալիևյան մեթոդներից օգտվելու ռեսուրս չունեն: Որովհետև չկա դրա համար անհրաժեշտ կառավարչական, սոցիալական ու հասարակական բազան: Իշխանությունը գիտակցում է, որ նման որևէ փորձ վերջնականապես կխորտակի հոգեվարք ապրող տնտեսությունը և հենց իրեն՝ իշխանությանը, որը հիմնված է կենտրոնական իշխանության և օլիգարխիայի փոխադարձ շահերի ներդաշնակ սպասարկման կառուցակարգի վրա:
Եվ, այուամենայնիվ, Հայաստանի իշխանությունը ևս կանգնած է երկրում առկա սոցիալ-տնտեսական կրիտիկական այս իրավիճակից ինչ-որ կերպ դուրս գալու հրամայականի առջև, թեև այս ուղղությամբ որևէ բանավեճ, որևէ խորքային քննարկում չի ծավալում: Դեռ 5 տարի առաջ հանրապետության նախագահը նախանշում էր իրավիճակը հաղթահարելու բավական հեռանկարային, լուսավոր ճանապարհ: ՀՀԿ-ի 20-ամյակին նա հայտարարում էր. «Ապագայում դրանից (տնտեսական անկում-հեղ.) խուսափելու համար այսօր պետք է ստեղծել վաղվա տնտեսությունը, ինչը պահանջում է փոխել եւ արդիականացնել կառավարման ու կարգավորման մեխանիզմները: Մենք կարիք ունենք տնտեսական աճի նպատակադրումներից անցնել տնտեսական զարգացման հայեցակարգին: Մեզ, տնտեսական աճից բացի եւ գուցե ավելի շատ, տնտեսական զարգացում է հարկավոր: Տնտեսական աճը մեր խնդիրները չի լուծի, եթե այն չի հիմնվում տնտեսության նոր ոլորտների, գործունեության նոր տեսակների, նոր ձեռնարկությունների, նոր ապրանքների ու ծառայությունների արտադրության վրա` մանավանդ, որ էքստենսիվ զարգացման հնարավորությունները գնալով սպառվում են...»:
Եթե հինգ տարի անց իշխանությունը փորձի ընդհանրացնել արածը, կարո՞ղ է խոստովանել, թե քանի՞ տոկոսով է կատարել նախագահի սահմանած այս «պլանը»: Քանի՞ տոկոսով է Հայաստանը տնտեսական աճի ապահովումից անցել տնտեսական զարգացման փիլիսոփայության, քանի՞ տոկոսով են կառավարման մեխանիզմներն ավելի արդիականացել, տնտեսության ինչպիսի՞ նոր ոլորտներ, գործունեության նոր տեսակներ են ի հայտ եկել: Եթե իշխանությունն ինքն իր հետ բավականաչափ անկեղծ լինի, ապա պետք է ընդունի, որ հինգ տարվա ընթացքում անգամ 5 միլիմետր դրան չի մոտեցել:
Դեռ նախորդ տարի վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախաձեռնեց խոշոր բիզնեսին, օլիգարխներին հարկային դաշտ բերելուն ուղղված գործընթաց՝ խոստանալով. «Ամեն ինչ անելու եմ, որ ստեղծեմ հավասար պայմաններ, որ գործարարը հասկանա, որ հավասար պայմաններ են բոլորի համար: Դժվար է լինելու, սակայն մենք գնալու ենք այդ քայլին, պետք է բոլորը հասկանան՝ իմ մերձավորները, գործընկերները: Ես ինձնից եմ սկսելու...»: Խոստման կատարումը սահմանափակվեց ընդամենը խոշոր գործարարներին պատկանող տնտեսվարող սուբյեկտներում մի քանի ստուգումներով, մի քանի հարյուր միլիոն դրամի չափով բյուջե փող բերելով:
Բայց այս ամենն այդպես էլ տնտեսության առողջացման, մրցակցայնության ապահովման ռազմավարական գործընթացի չվերաճեց: Վարչապետին անգամ չօգնեց դեսպաններին ուղղված հորդորը՝ այլ երկրներից ներդրումներ բերել Հայաստան: Չեն օգնում նաև բոլոր արտերկրյա ուղևորությունների ընթացքում նախագահի կողմից հնչող նման խնդրանքները: Եվ դա բնական է, որովհետև փողը, կապիտալը գնում է ոչ թե խոստումների ետևից, այլ ապահովության և զարգացման հեռանկարների, որոնք Հայաստանի իշխանությունը առաջարկել չի կարող, այն էլ հիմա՝ բացասական սալդոյով տնտեսական աճի միջազգային կանխատեսումների պարագայում:
Տուրք տալով իմիտացիային՝ կառավարությունը ստվերային տնտեսության կրճատման քաղաքականության օբյեկտ դարձրեց ոչ թե խոշոր բիզնեսը, այլ ՓՄՁ-ն՝ խորացնելով պետություն-խոշոր բիզնես-ՓՄՁ եռանկյունու ներքին փոխադարձ անվստահությունը:
Եվ ավելի քան պարզ է, որ եթե Ադրբեջանում ճգնաժամը սոցիալական բունտի կամ պայթյունի չի հանգեցրել իշխանությունից ողջ հասարակության տոտալ վախի, ահաբեկվածության պատճառով, Հայաստանում՝ հասարակական-քաղաքական նիհիլիզիմի, մասնատվածության և մեծամասնության՝ «եղունգ ունես, գլուխդ քորիր» փիլիսոփայությամբ առաջնորդվելու: Բայց որքա՞ն ժամանակ սա կօգնի իշխանություններին...
Գևորգ Աղաբաբյան