Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Այս հոդվածս հատուկ եմ հրապարակում հենց ՀՀ Անկախության օրը, ոչ միայն այն պատճառով, որ իշխող վարչակազմը կանխատեսելիորեն ճամարտակելու է այսօր «ինքնիշխանության», «պետականության» և իրենց պատճառով պատմական մինիմումի հասած այլ կարևոր արժեքների մասին, այլ նաև այն պատճառով, որ եթե ճիշտ չգնահատենք գլոբալ և տարածաշրջանային տենդենցները, ապա հաջորդ տարի կարող ենք անգամ օրացույցում իներցիայով կարմիր գույնով տպվող այս օրն էլ չունենալ:
Եվ այսպես, մի քանի արձանագրում, որոնք, գուցե, տհաճ լինեն ոմանց համար, սակայն դառը ճշմարտություն են:
1. Հայաստանի Հանրապետությունն այսօր ինքնիշխան չէ, և Փաշինյանի իշխանության հետագա գոյության դեպքում նաև դադարելու է անգամ ֆորմալ իմաստով պետություն լինել: Եվ գլխավոր պատճառն այն չէ, որ 2021 թ.-ի մայիսից, հետո՝ նույն թվի նոյեմբերից, հետո՝ 2022 թ.-ի սեպտեմբերից այն չի վերահսկում սեփական տարածքի մի մասը (160 քկմ): Նիկոլի Հայաստանն ինքնիշխան չէ այլևս 2՝ էլ ավելի դաժան պատճառով:
Առաջինն այն է, որ Հայաստանն իր որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով ոչ թե սեփական, այլ փաշինյանական ոհմակի դրսի տերերի շահերով: Վերջին տարիներին, հատկապես՝ վերջին ամիսներին կայացված կարևորագույն որոշումներն անվտանգության և արտաքին ոլորտներում հակասել են հայ ժողովրդի շահերին: Հայաստանն ինքնիշխան չէ, որովհետև այլևս ինքը չէ իշխանություն իր իսկ տարածքում:
Երկրորդ պատճառն այն է, որ Նիկոլի Հայաստանն իր որոշումներում ոտնահարում և տրորում է սեփական Անկախության հռչակագիրը, սեփական Սահմանադրությունը և սեփական օրենքները: Արցախի նկատմամբ նրանց հանցավոր հրեշագործությունը հենց դրա ամենադաժան և արյունալի ապացույցն է:
2. Սեպտեմբերի 19-ը սև օր է հայ ժողովրդի պատմության մեջ ոչ միայն բազմաթիվ նոր զոհերի և կորուստների պատճառով. սեպտեմբերի 19-ը խարան է մեր ժողովրդի ճակատին, քանի որ հայերիս կողմից հիմնադրված մի պետություն թողեց, որ թշնամին անկաշկանդ հոշոտի հայերիս կողմից հիմնադրված մեկ այլ պետություն: Սա ազգի նվաստացման, ստորացման, բարոյազրկման հանցավոր որոշում էր, որ նպատակային կերպով իրականացրեց գործող ոհմակը:
3. Իշխանությունը կեղծ հիմնավորում էր բերում, թե իբր Հայաստանը չի խառնվելու արցախյան աղետին, որպեսզի «չտրվի ադրբեջանական սադրանքներին» և «չխաղա ռուսական խաղը»: Այս երկու պնդումները բացարձակ կեղծ են: Եթե Ադրբեջանը ցանկանար ներքաշել Հայաստանն այս սրացման մեջ, ապա Արցախում վայրագություններ իրականացնելուն զուգահեռ՝ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ոչ թե «հարաբերական անդորր» կպահպանի, այլ՝ ինտենսիվ կկրակեր:
Ունեմ տպավորություն և հիմնավոր կասկած, որ Արցախի դեմ Ադրբեջանի ջարդերն իրականացվել են Փաշինյանի իմացությամբ, եթե ոչ՝ իր հետ սինխրոնիզացված:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մեծագույն դավաճանություն է 120 հազար մարդու կյանքի հաշվին գեոպոլիտիկ խաղեր տալ և շարունակել ապահարզանը ոչ լավագույն, բայց միակ դաշնակցի հետ:
4. Վերջերս հնչեցված Փաշինյանի պնդումը, թե նա հրաժարվել է Արցախից Պրահայում, որովհետև դրան նախորդած՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային Ռուսաստանը պատշաճ աջակցություն մեզ չցուցաբերեց, հերթական սուտն է: Այո՛, Ռուսաստանը և իր հետ ասոցիացվող ռազմաքաղաքական դաշինքը՝ ՀԱՊԿ-ը, մեղմ ասած, համարժեք չէր ստեղծված իրավիճակին: Բայց: Դնում եմ մի կողմ, որ 2018 թ.-ի ամբողջ վախկանալիան հենց Արցախը հայաթափելու համար էր: Դա ապացուցվեց «թավշյա» կառավարության առաջին իսկ քայլերով՝ մինչև 44-օրյա պատերազմ և պատերազմի ընթացքում:
Այլ կարևոր բան եմ ուզում հիշեցնել. Արցախից հրաժարվելու համար «մեյդան բերած» Ալմաթիի հռչակագիրը՝ որպես հայ-ադրբեջանական կարգավորման հիմք, սկսվեց շրջանառվել ՀՀ ԱԳ նախարարի շուրթերով դեռևս 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներից (տես՝ Միրզոյանի հարցազրույցն «Արմենպրես»-ին հենց այդ ժամանակ): Եվ երկրորդը՝ Արցախի շուրջ «նշաձողն իջեցնելու» մոտեցման մասին Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց կրկին մինչև Ադրբեջանի 2022 թ.-ի սեպտեմբերյան ագրեսիան՝ 2022 թ.-ի օգոստոսին: Այս փաստերը դարձյալ ապացուցում են, որ Արցախը հանձնելու ծրագիրը գոյություն է ունեցել ի սկզբանե Փաշինյանի գլխում: Մնացածն էժանագին կռուտիտներ են:
5. Կատարյալ տգետ է պետք լինել՝ պնդելու, թե Ռուսաստանը դուրս է գալու Հարավային Կովկասից: Եթե անգամ ռուսական ռազմաբազան դուրս բերվի Գյումրիից, իսկ ռուս խաղաղապահները՝ Արցախից, Ռուսաստանը կգտնի նոր կոնֆիգուրացիա, նոր մեթոդներ՝ իր բնական աշխարհաքաղաքական տարածաշրջանում ներկայությունը շարունակելու համար: Չի՛ կարող Սև ծովում, Կասպից ծովում և Մերձավոր Արևելքում շահեր ու անմիջական ներկայություն ունեցող Ռուսաստանն իր ներկայության վակուում ստեղծել դրանց արանքում գտնվող ռեգիոնում: Էլ չասեմ՝ ռուսական գոտում գտնվող հարավկովկասյան Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին:
6. Հայաստանը չունի «արևմտյան» հեռանկար, հակառակ պնդումները կամ լիրիկա են, կամ՝ տգիտություն, կամ՝ խաբեություն: Հայաստանը կունենար տեսականորեն այդպիսի շանս, եթե հարևան Վրաստանը դառնար ԵՄ անդամ, սակայն այդ սցենարն էլ, լավագույն դեպքում՝ տասնամյակի սցենար է, որն այսօր անգամ տեսականորեն չի նշմարվում (հիշեցնեմ՝ Վրաստան-ԵՄ հարաբերություններում առկա կնճիռները, Բորելի վերջին չոր հայտարարությունները Թբիլիսիում, և այլն):
7. Ռուսաստան-Արևմուտք գլոբալ հակամարտության մեջ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որ սկսել է ճամբար փոխելու գործընթացը: Մնացածն ընտրել են կամ իրենց բևեռներին լոյալության, կամ՝ չեզոքության ճանապարհը: Սա գեոպոլիտիկ ինքնասպանություն է, հատկապես, երբ մի կողմից՝ ակնհայտ է, որ Ռուսաստանը չի պարտվում և փլուզվում (ինչպես անցյալ տարի կանխատեսում էին արևմտյան շրջանակները), մյուս կողմից՝ Ռուսաստանին հաջողվել է բարենպաստ գործընթաց սկսել, այսպես կոչված, Գլոբալ Հարավի երկրների հետ (Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, աֆրիկյան և արաբական երկրներ): Ասածս էլ ավելի ցցուն է դառնում, երբ հավելեմ, որ Հարավային Կովկասի տարածքում 3 ռեգիոնալ ուժերից երկուսը՝ Ռուսաստանն ու Իրանը, BRICS-ի անդամ են, Թուրքիան անդամության հայտ է տվել այդ կառույցին, իսկ Վրաստանն իր հերթին՝ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեց այս տարվա հուլիսին Չինաստանի հետ: Այստեղ են ասել՝ «Յո՞ երթաս, Հայաստա՛ն…»:
Այս հակիրճ նկարագրությունը թելադրված է բացառապես հայկական շահերի պրագմատիկ վերլուծությամբ և ոչ թե՝ «գեոպոլիտիկ ճաշակի» թելադրանքով: Իրական խնդիրներից հայկական դիվանագիտության համար մոտ ապագայում ևս մեկ կարևոր խնդիր կավելացնեի. հայկական տրեկում կարիք կա ջանքեր գործադրել Ֆրանսիայի և Ռուսաստանի քաղաքականությունները կոնֆրոնտացիոնից՝ առնվազն համադրելի դարձնելու ուղղությամբ:
Հ.Գ. Հիշում եմ, թե ինչպես 2019 թվականի ապրիլի 24-ին Փաշինյանը, մոռանալով, որ իր երկրում այդ օրը սգի և հիշատակի օր է, բերանը բաց՝ ռուսական РТР-ով իրենից գոհ խորհուրդներ էր տալիս նոր ընտրված Զելենսկիին, թե ինչպես է պետք աշխատել Պուտինի հետ (մեկը լիներ՝ իրեն խորհուրդ տար):
Աչքիս՝ Զելենսկին և Փաշինյանը հիմա տեղերով փոխվել են…
Հ.Գ. 2 Խորին ցավակցություններս Արցախում զոհվածների ընտանիքներին, բարեկամներին, հարազատներին: Ներեք մեզ, եթե կարող եք…
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
20.09.2023