|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի 2021թ. մարտի 8-ի նիստում հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձը:
Նման հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակով օժտված մարդու իրավունքների ազգային հաստատությունները:
Տեսաուղերձից առաջ էլ խորհրդին է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի ավելի ծավալուն գրավոր զեկույցը:
Թե՛ տեսաուղերձում, թե՛ գրավոր զեկույցում նշվում է, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը խոշտանգել են ու դաժան վերաբերմունքի ենթարկել հայկական կողմի զինծառայողներին և քաղաքացիական անձանց: Դրանից բացի, ադրբեջանական զինծառայողները խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի տեսանյութերում օգտագործում են նույն բառերը, ինչ գործածվում են ադրբեջանական պաշտոնական ելույթներում:
Հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության շարժառիթներով հանցագործությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից ու դա հաստատված է ՄԻԵԴ-ի վճիռներով:
Տեսաուղերձում ու գրավոր զեկույցում հատուկ է շեշտվում ադրբեջանական իշխանությունների կողմից գերիների՝ զինծառայողների և քաղաքացիական անձանց ազատ արձակման ու վերադարձի արհեստական ձգձգման մասին, չնայած միջազգային մարդասիրական իրավունքի բացարձակ պահանջներին, ինչը պատճառում է հոգեկան տառապանք նրանց ընտանիքներին ու էմոցիոնալ խորը ցավ հայաստանյան հասարակությանը:
Այս կոնկրետ նիստը նվիրված է եղել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողի հետ քննարկմանը: