Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին 1or.am կայքը զրուցել է ՀՅԴ էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հետ։
- Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակը թոթափելու ինչ ուղիներ եք տեսնում, քանի որ իշխանությունն իր հերթին է հանրահավաքներ կազմակերպում, իսկ ընդդիմությունն իր հերթին։
-Զավեշտ է, երբ իշխանությունը ինչ-որ բան ցույց տալու համար հանրահավաքներ է կազմակերպում: Բոլոր երկրների իշխանությունները ունենում են բազմաթիվ հարթակներ և հնարավորություններ, որպեսզի իրենց ասելիքը հստակ հասցնեն հասարակությանը, բայց մեր պետության պատասխանատուները վարչապետի գլխավորությամբ ջանք չեն խնայում փողոցում մնալու համար: Իշխանության հանրահավաքը սեփական աթոռի պահպանման համար է, փորձ է արվում ուժի ցուցադրում անել, թե իբր դեռևս ունեն համակիրներ: Վերջին հանրահավաքին վարչական լծակների կիրառումը, մարդկանց ավտոբուսներով հրապարակ բերելը, մեկ նպատակ ուներ՝ անզիջում պայքար բանակի և մասնավորապես` Գլխավոր շտաբի դեմ: Հայոց զորքի հրամանատարական կազմը ընդամենը ասեց, որ անլուրջ եք և չի կարելի գնալ այդ ուղղությամբ, ինչ չափազանց վտանգավոր է պետականության հիմքերի համար: Ինչևէ, ունենք մի վիճակ, որ իշխանությունները սա խորքային հասկանալու փոխարեն պիտակավորեցին հայկական բանակին, հրամանատարական կազմին, թե իբր ռազմական հեղաշրջման փորձ են արել և այդ հայտարարությունը իրար հերթ չտալով կրկնեցին Թուրքիայի նախագահ Էրդողանը, ԱԳՆ-ն, իսկ վերջում արդեն «Գորշ գայլեր» կազմակերպության ղեկավար Դևլեթ Բահչելին: Կա փաստ, որ հայկական բանակին թիրախավորում, պիտակավորում են ՀՀ և Թուրքիայի իշխանությունները: Սա արձանագրենք: Բաղրամյան փողոցում ընդդիմադիրների հանրահավաքները հանունի գաղափար են կրում, դրա համար էլ կոչվել է «Հայրենիքի Փրկության Շարժում»: Պետությունը վտանգված է, լինելիության եզրին ենք, պետք է կարգավորել և վերականգնել անվտանգային համակարգերը, բարելավել հարաբերությունները դաշնակիցների հետ, իսկ թշնամիներին հասկացնել, որ Հայոց պետությունն իրավունք ունի ապրել այս տարածաշրջանում, վերականգնել հողային և պատմական արդարարությունը: Իսկ այս ճանապարհին կա մեկ խոչընդոտ, որը անզիջում պայքար է մղում երկրի ներսում ու ձկան նման լուռ է, երբ Ադրբեջանն ու Թուրքիան վարկաբեկման գործընթաց են իրականացնում մեր պետության դեմ և այդ խոչընդոտը վարչապետն է իր կառավարությամբ: Հետևաբար առկա լարված իրավիճակի հանգուցալուծումը այս կառավարության հեռացումն է:
-Բաղրամյան փողոցում հանրահավաքներին մասնակցում են բազմաթիվ հին ու նոր քաղաքական ուժեր: Նոր քաղաքական ուժերը բավականին ակտիվ են, դրանց թվում հանրությանը դեռևս քիչ հայտնի «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արտակ Թովմասյանը, ով նաև իրեն հռչակում է որպես երրորդ բևեռ։ Ի՞նչ կարծիք ունեք այդ քաղաքական ուժի մասին և առհասարակ, որը պետք է լինի նոր ուժերի գործունեության հաղթաթուղթը:
-Ընդդիմադիրների հանրահավաքները սահմանափակումներ չունեն, կա հստակ ձևակերպված օրակարգ, այնպես որ կարող են լինել հին ու նոր քաղաքական ուժեր, այստեղ որևէ խնդիր և տարաձայնություն չկա: Միավորվել են գաղափարի շուրջ՝ փրկել Հայաստանը արհավիքից, չեզոքացնել բնականոն կյանքին սպառնացող բոլոր վտանգները: Բնականաբար տարբեր ուժեր են, տարբեր սոցիալ-տնտեսական, անվտանգային քաղաքական կուրս որդեգրած, իսկ վաղն արդեն մրցակցելու են իրար դեմ՝ զարգացման ծրագրերով: Նոր ուժերի ստեղծումը չպիտի ինքնանպատակ լինի, կարևորը ծրագրերն են, տեսլական, պատկերացումներ առկա խնդիրների լուծումների և ապագայի զարգացումը հունավորելու առումով։ Պարոն Թովմասյանի քաղաքական գործունեությանը բավարար ծանոթ չեմ, տեսել եմ նրա հրապարակումները, գիտեմ որոշ քաղաքական ակցիաների մասին։ Արտակ Թովմասյանը նոր է դիքավորվում քաղաքական դաշտում և կարծում եմ առիթներ կլինեն խոսելու, համագործակցելու, բանավիճելու և քաղաքական տրամաբանության ծիրի ներքո շփումներ ունենալու համար։ Ամեն դեպքում հաջողություն եմ մաղթում։ Կարծում եմ նոր ուժ լինի, թե հին, դա խիստ հարաբերական է, կարևորը այն է, թե ինչպիսի գաղափարախոսության կրող է։ Կարևորը գաղափարախոսությունն է։ Ով ով, բայց մենք՝ դաշնակցականներս, դա շատ լավ ենք հասկանում։
Սոնա Գիշյան