կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-23 18:36
Քաղաքական

Այսօր Արա Սաղաթելյանին դատում է հակահայաստանը. Կարեն Վրթանեսյան

Այսօր Արա Սաղաթելյանին դատում է հակահայաստանը. Կարեն Վրթանեսյան

Այսօր Արա Սաղաթելյանին դատում է հակահայաստանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23–ին լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի կալանավորմանը։

Նշենք, որ այսօր հակաադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետները բողոքի ակցիա են իրականացրել ԱԱԾ-ի դիմաց՝ ի աջակցություն Արա Սաղաթելյանի:

«Ես համոզված եմ, որ ԱԱԾ–ում շատ լավ գիտեն Արա Սաղաթելյանի ներդրման մասին Հայաստանի տեղեկատվական անվտանգության, Հայաստանի պետականության պաշտպանության հարցում, որոնք հիմա մենք  չենք կարող հրապարակավ բարձաձայնել։ Նրանք ինչ–ինչ պատճառներով, իրենց շահերից ելնելով, արտասահմանյան ինչ–որ գործընկերների շահերից ելնելով՝ գործում են ի վնաս Հայաստանի»–ասաց նա։

Վրթանեսյանի խոսքով՝  Արա Սաղաթելյանի կալանավորումը կապված է Հայաստանում հակահայկական կառավարման հետ։

«Նիկոլ Փաշինյանն անձամբ խոստովանել է, որ կատարում է Ալիևի բանավոր հրահանգները՝ Սյունիքում տարածքներ, դիրքեր հանձնելով։ Դա ի՞նչ է, եթե ոչ բանավոր հրահանգ Բաքվից, որը հակահայաստանի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը սուսուփուս կատարում է։ Պարզ է, որ այդ իրավիճակում Արա Սաղաթելյանի պես մարդիկ իշխանությունը զավթած այս խմբակի համար վախեցնող են։ Նրանք ամեն կերպ փորձելու են այդ մարդկանց խաղից հանել, ինչը իրենց չի հաջողվելու։ Այս իշխանության օրերը հաշված են՝ անկախ ամեն ինչից»-ասաց նա։

Հարցին՝ արդյոք պատերազմի հետևանքով անհետ կորածների որոնողական աշխատանքների հետաձգման պատճառը եղանակային պայմաննե՞րն են , Վրթանեսյանը պատասխանեց։

«Այդ որոնողական գործողությունները չէին դադարում եղանակային ավելի վատ պայմաններում։ Այսինքն, սա ընդամենը քաղաքական պատրվակ է։ Ի դեպ, սա ադրբեջանական կողմի արդարացումն է։ Բոլորդ էլ երևի նկատել եք, որ այսօր Սյունիքից, առավել ևս՝ Արցախից շատ քիչ լուրեր կան, որոնք հիմնականում խոսակցությունների, բամբասանքների տեսքով են։ Ըստ էության, այսօր իշխանությունները տեղեկատվական բլոկադայի քաղաքականություն են վարում։ Երբ  ինչ–որ ինֆորմացիա է գալիս, հատուկ գործողություններ են սկսում՝ շփոթեցնելու, խառնելու, հակասական կեղծ լուրեր են դաշտ նետում։ Բայց որ եղանակային պայմանների խնդիր չէ, դա ակնհայտ է»–ընդգծեց Վրթանեսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողները փետրվարի 19-ին խուզարկություն են իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են, ապա նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ավելի ուշ Արա Սաղաթելյանն ու Արամ Սարգսյանը կալանավորվել են, Կարեն Բեքարյանի և Մհեր Ավագյանի ձերբակալումը առաջին ատյանի դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ, և նրանք ազատ են արձակվել։

Նշենք, որ Արա Սաղաթելյանը տարիներ շարունակ ակտիվ դերակատարություն է ունեցել Ադրբեջանի դեմ իրականացվող տեղեկատվական պատերազմում՝ միջազգային մամուլին հասու դարձնելով այդ երկրի իրականացրած պատերազմական հանցագործությունները։ Ի դեպ, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ էր համարել նաեւ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը, արձանագրել, որ պատերազմի ժամանակ տեղեկատվության կանոնները խախտելու համար Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածը հաստատված չէ, այդուհանդերձ նրան կալանավորելու սանկցիա տվել։