Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը կիրակի լքել Լիբիան և չի վերադառնա Տրիպոլի: Այդ մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են երկրի կառավարության աղբյուրները:
«Սարաջը վերջնականապես թողել է իր պաշտոնը, լքել երկիրը և չի վերադառնա Տրիպոլի»,- հաստատել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով՝ Սարաջը հանձնարարել է իր տեղակալ Ահմեդ Մայթեգին՝ պաշտոնապես փոխանցել իշխանությունը նոր Նախագահական խորհրդին: «Ֆայեզ Սարաջն այլևս արդարացում չունի՝ Լիբիայում մնալու համար։ Նրա բոլոր խորհրդականները նույնպես լքել են երկիրը»,- հավելել է նա:
Փաստաթուղթը, որը հրապարակել է «Ալ Մարսադ» տեղեկատվական պորտալը, նշում է, որ Սարաջը հանձնարարել է Մայթեգին՝ «կատարել ղեկավարի առաջադրանքներն ու պարտականությունները 2021 թ. փետրվարի 14-ից՝ մինչև Սարաջի վերադառնալը ճանապարհորդությունից»:
Սակայն դրանից գրեթե անմիջապես հետո Տրիպոլիում սկսել են լուրեր տարածվել, որ այս փաստաթղթի հիմքում ընկած է իշխանության փոխանցումը, քանի որ Սարաջն իր ճանապարհորդությունների ժամանակ երբեք ոչ մեկին չէր հանձնել ղեկավարի լիազորությունները:
«Թեև նման հանձնարարությունները քաղաքականության մեջ սովորական պրակտիկա են, հաշվի առնելով քաղցկեղով հիվանդ Սարաջի առողջական վիճակը, ինչպես նաև երկրում ստեղծված նոր իրավիճակը՝ Նախագահական խորհրդի ընտրությունից հետո շատ հավանական է որ Սարաջը ընդմիշտ հրաժեշտ է տվել Նախագահական խորհրդին»,- ենթադրում է լիբիացի վերլուծաբան Ջամալ Շալուֆը:
Լիբիայի մեկ այլ քաղաքական վերլուծաբան՝ Աբդել Հաքիմ Մաատուկը, Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ Սարաջը հեռացել է Լիբիայից՝ «Լոնդոնի և Ստամբուլի միջև խաղաղությամբ ապրելու համար՝ այն բանից հետո, երբ նա այրել է ամբողջ տնտեսությունը, ներգրավել վարձկանների և թաքֆիրների ու թալանել լիբիական փողերը»:
Հիշեցնենք, որ Լիբիան Մուամար Քադաֆիի՝ 2011 թ. սպանությունից ի վեր ընկղմվել է քաղաքացիական պատերազմի մեջ և մասնատվել. գլխավոր հակառակորդներն էին Սարաջը և Լիբիայի Ազգային բանակի ղեկավար, մարշալ Խալիֆա Հաֆթարը։ 2021 թ. փետրվարի 5-ին Ժնևում երկու կողմերը համաձայնության են եկել երկրի իշխանությունը հանձնել Նախագահական խորհրդին, որի գլխավոր առաքելությունը երկիրը կայունացնելը, նոր Սահմանադրություն մշակելն ու ընտրություններ անցկացնելն է։
Հավելենք նաև, որ Սարաջը վայելում էր Էրդողանի լիակատար աջակցությունը՝ և՛ տնտեսական, և՛ ռազմական, և հենց նրա շնորհիվ են Լիբիա լցվել վարձկան–ահաբեկիչների հորդաները։