կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-23 11:05
Մշակույթ

«Վարդապետի լռությունը» ֆիլմի ստեղծման համար նվիրել եմ կյանքիս մի մասը

«Վարդապետի լռությունը» ֆիլմի ստեղծման համար նվիրել եմ կյանքիս մի մասը

Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի բարեկամ, առանձնահատուկ սովորություն չունեմ համացանցում ակտիվ արտահայտվելու, այդուհանդերձ «Վարդապետի լռությունը» ֆիլմի պրեմիերային (որտեղ մարմնավորել եմ գլխավոր հերոսին՝ Էդգար Նովենցին) մնացել են հաշված ժամեր: Ես կարծիք կամ տեսակետ կամ ֆիլմի մասին ասելու որևէ բան չունեմ, Դուք կասեք, գիտեմ կասեք...  և ես կլսեմ, բոլորիդ կլսեմ: Եթե նկատել եք, մինչ օրս լուռ եմ եղել, ամփոփված աշխատանքի մեջ, ինչ-որ պիտի ասեի` ասել եմ էկրանից, բայց մի բան կա, որ պիտի հրապարակեմ, որպեսզի հանգիստ խղճով դեկտոմբերի 25-ից սկսած` շարունակեմ նայել բոլորի աչքերի մեջ:

Այս ֆիլմի ստեղծման համար ես նվիրել եմ իմ կյանքի մի մասը և ուրախ եմ դրա համար, հպարտ եմ, բայց այն իրականություն չէր դառնա, եթե ֆիլմի կայացման գործին չլծվեին հազարավոր, այո, հազարավոր մարդիկ, նվիրյալներ... և, գուցե, հանդիսատեսն իր մտապատկերում կպահի էկրանին երևացող դերասանին, դերասաններին, այդուհանդերձ մեզանից առավել շատ գործ անողներ են եղել՝ Վիգեն Չալդրանյանի գլխավորությամբ, որոնց խորին շնորհակալություն եմ հայտնում իրենց նվիրումի համար: Անուններ չեմ նշում, շատ են, որևէ մեկին չեմ ուզում բաց թողնել: Շնորհակալ եմ ձեզ` սիրելի ընկերներ, բարեկամներ: :

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մաեստրո Վիգեն Չալդրանյանին իմ հանդեպ ցուցաբերած մեծ վստահության համար: Միասին կարճ, բայց բովանդակալի ճանապարհ ենք անցել և, հուսամ, դեռ պիտի անցնենք, որովհետև մեր ծանոթության 2-3 տարիների ընթացքում ստեղծվեցին՝ «Համլետ» ներկայացումը («Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում») և Կոմիտաս Վարդապետի հիշատակին նվիրված «Վարդապետի լռությունը» ֆիլմը:

Մնացյալը քոնն է սիրելի հանդիսատես:

Կհանդիպենք...»: