կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-03 19:38
Քաղաքական

ՀՅԴ-ի պատասխանը ԼՀԿ-ի առաջարկած փաստահավաք խմբի ստեղծման վերաբերյալ

ՀՅԴ-ի պատասխանը ԼՀԿ-ի առաջարկած փաստահավաք խմբի ստեղծման վերաբերյալ

Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունը մինչ փաստահավաք խմբի ստեղծումը նախ առաջնային է համարում, որ առաջադրված հիմնախնդրի վերաբերյալ շատ հարցերի պատասխան ստանան պատշաճ կարգով հարուցման ենթակա քրեական գործերով՝ քրեական վարույթ իրականացնող մարմինների իրական անկախության պայմաններում: Ուստի անհրաժեշտ է այս պահանջների իրացմանը միտված մեր բոլորի ջանքերի համատեղումը՝ ի հակադրություն քաղաքական իշխանության ընդդիմանալուն, այս մասին նշված է ՀՅԴ պատասխան-նամակում, որն ուղղված է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին: 

ՀՅԴ-ի առաջակվող նախպայմաններից է այն, որ Արցախյան երկրորդ պատերազմի վերսկսման պատճառներն ու պարտության հանգամանքները պարզելու, ինչպես նաև պատերազմի 44 օրերի ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարության կայացրած որոշումները վերլուծելու նպատակով փաստահավաք խումբը պետք է ստեղծվի օրենքի ուժով և ոչ՝ իշխանության առաջարկած Կառավարության որոշմամբ:

Մյուս կարևորագույն առաջարկը վերաբերում է խմբում ներգրավված ուժերին.  ՀՅԴ-ն կարևոր է համարում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի ներկայացուցիչների ներգրավվածությունը խմբում: 

ՀՅԴ պատրաստակամություն է հայտնել քննարկելու փաստահավաք խումբ ստեղծելու՝ ԼՀԿ գաղափարը նամակում ՀՅԴ կողմից առաջարկված տեսակետների իրացման շրջանակներում: 

Ներկայացնում են պատասխան նամակն ամբողջությամբ: 

«Հարգելի պարոն Մարուքյան,

Ուսումնասիրելով Ձեր կողմից մեզ հասցեագրված 24.12.2020թ. գրությամբ ներկայացված 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսված և նոյեմբերի 10-ին ավարտված լայնածավալ պատերազմական գործողությունների վերաբերյալ կառավարության որոշմամբ փաստահավաք խումբ ստեղծելու առաջարկությունը, բարձր ենք գնահատում հիմնախնդրի վերաբերյալ լրիվ, օբյեկտիվ և հիմնավորված եզրակացություններ ստանալու Ձեր ջանքերը:

Ակհայտ է, որ առաջադրված հիմնախնդրի վերաբերյալ շատ հարցերի պատասխան պետք է ստանան պատշաճ կարգով հարուցման ենթակա քրեական գործերով՝ քրեական վարույթ իրականացնող մարմինների իրական անկախության պայմաններում: Այդ առումով չափազանց կարևոր է գործադիր իշխանության ղեկավարի իրավական և փաստացի ազդեցության չեքոզացումը քրեական վարույթ իրականացնող մարմինների վրա, հատկապես այն պայմաններում, երբ պահանջներ են առաջադրված գործադիր իշխանության ղեկավարի, բարձրաստիճան այլ անձանց և նրանց հետ փոխկապված մարդկանց պետական դավաճանության, վնասարարության, պետական գաղտինիքի հրապարակման և քրեօրեն պատժելի այլ արարքների համար պատասխանատվություն ենթարկելու հրամայականով: Ուստի անհրաժեշտ է այս պահանջների իրացմանը միտված մեր բոլորի ջանքերի համատեղումը՝ ի հակադրություն քաղաքական իշխանության ընդդիմանալուն:

Բայցև զուգընթաց վերը նշվածին, խիստ կարևորում ենք հիմնախնդրի վերաբերյալ լրիվ, օբյեկտիվ և հիմնավորված եզրակացություններ ունենալը և գտնում ենք, որ

  1. Փաստահավաք խումբն ի սկզբանե պետք է ունենա անհրաժեշտ մակարդակի անկախություն: Հաշվի առնելով, որ քննարկվող հարցերի գերակշիռ մասը վերաբերում է գործադիր իշխանությանը, որի բարձրագույն մարմինը կառավարությունն է և այն ղեկավարող վարչապետը, կառավարության որոշումը չի երաշխավորում ակնկալվող անկախությունը: Թեկուզ այն, որ պատերազմում պարտության հարցում հանրության ու փորձագետների գերակշիռ մասի համոզմամբ գլխավոր դերակատար են ներկա կառավարությունն ու վարչապետը, նրանց առկայության պայմաններում, փորձագիտական խմբի անհրաժեշտ անկախությունը համոզիչ չի կարող լիեն: Օրինակ՝ ցանկացած ժամանակ, կառավարությունը կարող է փոփոխության ենթարկել իր իսկ ընդունած որոշումը: Որպես լուծման տարբերակ առաջարկում ենք քննարկել օրենքով այդպիսի խումբ ստեղծելու տարբերակը:
  2. Փաստահավաք խմբի նախատեսված ձևաչափում խոցելի է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների թվաքանակի ներկայացված մեծ տարբերակումը: Առաջարկում ենք վերանայել այն՝ հավասար ներկայացվածության մոտեցման կիրառմամբ: Բացի այդ, նկատի առնելով, որ պատերազմական գործողությունները սկսվել և ծավալվել են Արցախի Հանրապետության տարածքում, առաջարկում ենք փաստահավաք խմբում՝ նույն սկզբունքներով ներառել նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի ներկայացուցիչներին:
  3. Փաստահավաք խումբը պետք է ունենա հստակ, աներկբա լիազորություններ և մասնագիտական կարողություններ: Փաստահավաք խմբի լիազորությունները, խմբի անդամների և մասնագետների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև փորձագիտական ծառայություններից օգտվելու դեպքերն ու պայմանները (ներառյալ՝ պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման երաշխավորման մեխանիզմները) օրինագծում պետք լինեն հստակ ձևակերպված:
  4. Որպեսզի փաստահավաք խմբի զեկույցում ներառվող եզրակացություները բավարարեն հավաստիության, լրիվության, օբյեկտիվության, հիմնավորվածության և վստահելիության չափանիշներին, ինչպես նաև լինեն գործադրելի՝ փաստահավաք խմբի գործունեության ուղղություններն ու առաջադրված հարցերը պետք է հստակ ձևակերպումներ ունենան: Դրանք հատկապես պետք է ներառեն նախքան պատերազմը, պատերազմի ընթացքում և հետպատերազմյա ժամանակաշրջանների իրադարձություններին, որոնք իշխանությունների կողմից այդպես էլ անպատասխան են մնացել: Այդ առումով որոշման նախագծի 2-րդ հավելվածի 19-րդ կետում տրված ձևակերպումը բավար չէ:

Առ այդ, նկատի առնելով հարցի կարևորությունը՝ հայտնում ենք մեր պատրաստակամությունը վերը նշված տեսակետների իրացման շրջանակներում հանդիպել և քննարկել փաստահավաք խմբի ստեղծման Ձեր ներկայացրած գաղափարը:

Հարգանքով՝

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ