կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-29 17:49
Տնտեսական

Հայաստանում թանկարժեք մետաղների զտարկման գործարանի ստեղծման մտադրության վերաբերյալ հուշագիր ստորագրվեց

Հայաստանում թանկարժեք մետաղների զտարկման գործարանի ստեղծման մտադրության վերաբերյալ հուշագիր ստորագրվեց

Այսօր Կենտրոնական բանկում տեղի ունեցավ մտադրությունների վերաբերյալ հուշագրերի ստորագրման արարողություն, որին մասնակցում էին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, շվեցարական «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության հիմնադիր, «Արմսվիսսբանկի» և «Թեքնոսերտ» ընկերության խորհրդի նախագահ Վարդան Սիրմաքեշը, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մակարոնը և այլոք:

 

Կենտրոնական բանկի և «Թեքնոսերտ» ընկերության միջև ստորագրվեց Հայաստանում թանկարժեք մետաղների (հիմնականում ոսկու և արծաթի) զտարկման (աֆինաժի) գործարանի ստեղծման վերաբերյալ Մտադրությունների մասին հուշագիր: Գործարանի գործունեության հիմնական նպատակն է հանդիսանալու 999.9 հարգի բանկային ստանդարտացված ձուլակտորների արտադրությունը և վաճառքը Հայաստանում և միջազգային շուկայում՝ Հայաստանում արդյունահանվող ոսկու և արծաթի հանքանյութի (խտանյութի) մշակումով: Գործարանի ստեղծմանն ու հետագա կառավարմանը պետք է ներգրավվեն տվյալ ոլորտում միջազգային փորձ և հեղինակություն վայելող ընկերություններ:

 

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «ՄԵՆԵՋՄԵՆԹ ՄԻՔՍ» ՍՊԸ-ի միջև ստորագրվեց Մասնավոր ներդրումների կառավարման գործունեություն իրականացնող ընկերություն հիմնադրելու վերաբերյալ Մտադրությունների մասին հուշագիրը:
Ընկերության հիմնական առաքելությունն է լինելու ներդրողներին ՀՀ-ում և ՀՀ տարածքից  դուրս ստեղծվող կամ գործող մասնավոր առևտրային ընկերությունների կապիտալում ներդրումներ կատարելու, այդպիսի ներդրումները կառավարելու և հետագայում դրանց օտարումը կազմակերպելու գործում համալիր ծառայությունների մատուցումը:
Ընկերության հիմնական ջանքերն ուղղված են լինելու գործընկեր հանդիսացող առևտրային ընկերությունների գործունեության ընդլայնմանը, մասնավորապես՝ տնտեսության տարբեր ոլորտներում աճի պոտենցիալ ունեցող գործարար ծրագրերի բացահայտմանը, դրանց գնահատմանը և իրականացմանը:
Նորաստեղծ ընկերությունը կնպաստի շուկայում նոր մշակույթի ձևավորմանը, այն է մասնավոր ակտիվների կառավարումը, որն իր մեջ կամփոփի ընկերությունների կորպորատիվ կառավարման, բիզնեսի զարգացման, մրցունակության բարձրացման, նոր շուկաների ստեղծման տարրեր:
Արարողության մասնակիցները բարձր գնահատեցին եւ կարեւորեցին ստորագրված փաստաթղթերի հիման վրա ստեղծվելիք ընկերությունների դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման, օտարերկրյա եւ մասնավոր ներդրումների խթանման գործում: Նշվեց, որ թանկարժեք մետաղների զտարկման գործարանի գործարկումը հնարավորություն կտա էականորեն բարձրացնելու Հայաստանում ոսկու արդյունահանման և զտարկման ծառայությունների արդյունավետությունը: Կենտրոնական բանկի նշված նախաձեռնությունը առավել քան կարևորվում է՝ հատկապես հաշվի առնելով ոսկու ներդրումային նշանակությունը որպես կարևոր պահուստային գործիք և ներդրումային պորտֆելի դիվերսիֆիկացման միջոց:
Մասնավոր ներդրումային ֆոնդի հիմնադիրների հավաստմամբ կարևորվելու են նորարարություններ և know-how տեխնոլոգիաներ պարունակող ներդրումային ծրագրերը: Հարկ է նշել, որ այս նախաձեռնությունը կծառայի միջազգային ֆինանսական միջոցների ներգրավմանը: Դրա մասին է վկայում այն, որ առկա ներդրումային ֆոնդերը ձևավորվել են արտերկրյա մասնավոր ներդրողների և միջազգային ֆինանսական ընկերությունների միջոցներով:
 
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն